2011 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ դրեց մինչեւ 7 տարեկան երեխաների համար անվճար հավաստագրերը (սերցիֆիկատ), տարվա ընթացքում մանկական բուժհիմնարկներ դիմողների թիվը մոտ 35 տոկոսով ավելացավ: Դրան հաջորդեց նաեւ շտապբուժօգնության տեխնիկական համակարգի արդիականացումը: Չինաստանից բերվեցին նորագույն սարքավորումներով հագեցած շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք ամբողջովին փոխարինեցին դեռ խորհրդային շրջանից մնացած մեքենաներին: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն այսօր համալրված է նորագույն տեխնիկայով հագեցած 35 ավտոմեքենաներով: Իսկ տարվա վերջին շտապօգնության ենթակայաններ բացվեցին Ավանում եւ Սովետաշենում, որոնց շնորհիվ կանչերը հնարավոր է լինում 5-10 րոպեի ընթացքում իրականացնել:
«Ազգը» զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ եւ տեղեկացավ, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 8-ը գրանցվել է 5708 կանչ, որը նախորդ տարվա համեմատ աճել էՙ օրական կանչերի թիվը ավելացել է 120-150-ով: Կանչերի մեջ գերակշռողը եղել են սիրտ-անոթային հիվանդության դեպքերը: Եղել են ալկոհոլային թունավորումներ, որոշ խրոնիկական հիվանդությունների սրացման դեպքեր, աղիքային տրակտի հիվանդություններ եւ այլն: Կոտրվածքների ու սթրեսային իրավիճակների դեպքեր ու կանչեր չեն գրանցվել: Գուցե մեր քաղաքացիները չեն դիմել շտապօգնության հատկապես Ամանորի գիշերը համատարած պայթուցիկների, շրխկանների, հրավառությունների անվերջանալի խրախճանքներից իրենց հանգիստը վախի, ցնցումների, սթրեսային ժամերի վերածելու համար, սակայն մի բան մնում է հստակ ենթադրել, որ ավանդական Ամանորի բուդը առանց վերը նշված պայթյուցիկների կարծես Ամանոր չէ ու այն պետք է օրենքով ամրագրվի: Իսկ թե բնակչությունը ինչ վիճակում կլինի, ոչ մեկին չի հետաքրքրում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ