Այլեւս ամեն օր Ամանոր է, հին է միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի (ՀՖՏՃ) սպառնալիքը: Եվ կոմունիզմի ուրվականի պես այն սավառնում է ամբողջ Եվրոպայով, արժանանալով մեր քաղաքացիների անտարբերությանը` նրանք արդեն վարժվել են հուսահատությանը, իսկ կառավարողների` գրկախառնությանը, քանի որ վերջիններս բոլոր ձախողումները բարդելու են ՀՖՏՃ-ի վրա: Հաց ու ջուր բառերի հաճախականությամբ կրկնվող ճգնաժամ արտահայտությունը համաքաղաքացիներիս համար դարձել է սովորական ու տհաճ: Տհաճություն առաջացնող պատճառներից է, անշուշտ, իրողությունը, որ այն մատնանշվում է որպես մեր տնտեսության առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդրի սկզբնաղբյուր, ընդգծելով որեւէ կերպ հակազդելու իրենց անկարողությունը: Հակառակ դեռեւս հիշվող հայտարարությունների, ՀՖՏՃ-ն չշրջանցեց ըստ էության շարունակ կաթիլային սնուցման տակ գտնվող եւ տրանսֆեր մոգական բառով բնորոշվող ՀՀ տնտեսությունը: Թե ինչպե՞ս ու ինչո՞ւ պիտի շրջանցեր, հայտնի էր հայտարարողներին եւ նրանցից դա լսել ցանկացողներին: Հնարավոր է նաեւ, որ այս կերպ կասկածի տակ էր առնվում ոչ միայն տեղաբնակների մտորելու ցանկությունը, այլեւ մտածողական ունակությունները, որքան էլ դա վիրավորական հնչի:
ՀՖՏՃ-ի կապակցությամբ այնքան է գրվել ու խոսվել, որ ըստ էության անհնարին է երեւի որեւէ նոր բան ասել: Շատ ավելի կարեւոր խնդիր է բառերի եւ մտքերի այդ շարաններում արդյունավետ լուծումների ընտրությունը եւ կիրառումը: Եվ ահա արտաշիրմվում է Կարլ Մարքսը իր «Կապիտալով», որը կարծես թե հիմնահատակ մոռացվել էր:
Համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամով պայմանավորված վերհուշըՙ Կ. Մարքսին, հոգեբանորեն բացատրելի էր` մարդկանց հիշողության մեջ պահպանված էին կապիտալիզմի ամենականխակալ քննադատի հեղափոխական տեսության մասին դրվագներ, եւ անհույս հիվանդատերի նման նրանք պատրաստ էին դիմել յուրաքանչյուրին, ով կխոստանար ապաքինել իրենց հիվանդին առավել եւս` երջանկացնել: Իսկ Մարքսը դա հանճարեղ էր արել: Երբ տնտեսական աղետը ծավալվում է, մարդկությունը սկսում է վերհիշել բոլոր նրանց, ովքեր երբեւէ արտահայտվել են այդ կապակցությամբ: Եվ բնականաբար առաջինը Մարքսն է, որը գեղարվեստական ոճով ներկայացրել է կապիտալիստական տնտեսության զարգացմանն ուղեկից արհավիրքները: Ընդ որում, հետաքրքրությունը դեպի «Կապիտալը» առավել սուր էր այն ժողովուրդների եւ հետազոտողների մեջ, որոնք միայն դրվագային պատկերացումներ ունեին Մարքսի իրական նպատակների եւ առհասարակ մարքսիզմի բովանդակության մասին: Բարեկեցիկ կյանքը նրանց չէր ստիպել մտածել, թե ինչու, օրինակ, մարքսյան գաղափարների ամենահետեւողական իրագործող իշխանությունները միլիոններով կոտորել են սեփական ժողովրդին (ԽՍՀՄ, Կամբոջա, ՉԺՀ, ԿԺԴՀ), երեւի մյուս կեսին երջանկացնելու համար, կամ, որ Երկրորդ աշխարհամարտը սկսող բոլշեւիզմի ու ֆաշիզմի հիմնադիրները մարքսիստներ էին: Նրանց հետաքրքրում են առավելապես իրենց ազատությունն ու այդ բարձրագույն արժեքն երաշխավորող իրենց երկիրը: Սա բնական է եւ բացատրելի: Ցավալին այն է, երբ նույն ոգեւորվածությունը անցնում է գիտական ոլորտի ներկայացուցիչներին:
Եվ ահա, Մարքսը նորից հռչակվում է որպես կապիտալիզմի գլխավոր ախտորոշիչ: Անգամ որպես մարքսիզմն արժեւորող փաստարկ բերվեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի «Կապիտալով» նկարը: Ի դեպ, երեսունականների ԽՍՀՄ-ում անչափ հարգի էր Լենինի հատորյակով նկարվելը: Չգիտեմՙ ընթերցողի համար ինչպես, բայց ինձ համար զավեշտալի է, որ Սարկոզիիՙ «Կապիտալ» կարդալը համարվում է որպես նրա մարքսիստացման սկիզբ կամ լավագույն դեպքում կապիտալիստական տնտեսության առողջացման դեղամիջոցի փնտրտուք: Այո, Ֆրանսիայի նախագահը իր պարտքն է համարել ծանոթանալ քսաներորդ դարի ճակատագրի որոշման հարցում այդքան էական դեր կատարած գաղափարախոսությանը: Անկասկած է, որ ֆրանսիացիների նախագահը ծանոթացել է նաեւ Ա. Հիտլերի «Իմ պայքարը» փիլիսոփայական աշխատությանը, սակայն սա անհեթեթ է մեկնաբանել որպես համամարդկային առաջընթացի գործում Ադոլֆի ունեցած դերի բարձր գնահատում կամ Սարկոզիի ֆաշիստացման սկիզբ: Այն, որ ռուսները դարձյալ վերահրատարակել են «Կապիտալը», եւս ոչինչ փոխել չի կարող, չի կարող հարություն տալ իրենց հիմքում մարքսիզմի մարդատյաց գաղափարը պարունակող բոլշեւիզմի ու ֆաշիզմի միլիոնավոր զոհերին, կամ, ինչ արվում է «մեծ» եղբոր մոտ, լավ է: Իսկ խանդավառություն առաջացնող հանգամանքը, որ հրատարակության մեջ ներառված է «Կապիտալի» հայազգի տաղանդաշատ թարգմանիչ Թ. Ավդալբեկյանի գիտական ժառանգությանը նվիրված մի գլուխ, չի կարող հավաստել, որ Մարքսի տնտեսագիտական տեսությունը իրատեսական է: Ով ծանոթ է այդ թարգմանություններին, նրա համար անգամ քննարկման առարկա չի կարող լինել, որ դրանք շատ ավելի լավ են ներկայացնում բնագրի ոգին, ուստի ավելի ըմբռնելի են, քան ռուսերենից կատարված «կազյոննի» թարգմանությունները: Բայց սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Մարքսի ստեղծագործություններում կարելի է փնտրել ՀՖՏՃ-ից դուրս գալու որեւէ միջոց, հատկապես նկատի ունենալով կապիտալիստական տնտեսության մարքսյան վերարտադրական սխեմանները: Իհարկե ո՛չ, եւ ահա թե ինչու: Մարքսի քաղաքական նպատակները հրատարակված էին արդեն «Կապիտալից» ուղիղ տասնինը տարի առաջ` 1848թ, «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»: Սրանում շատ հստակ ու պարզ նշվում էր` դա մասնավոր սեփականության հեղափոխական վերափոխումն էր եւ կապիտալիստների` հարստահարողների ունեզրկումը: Այնպես որ, Մարքսի նպատակը ոչ թե կապիտալիզմի զարգացման օրենքների բացահայտումն էր, ինչը նա հայտարարում էր «Կապիտալի» առաջաբանում, այլ իր քաղաքական նկրտումների համար տեսական հիմք ստեղծելը: Կասկածից վեր է , որ Մարքսի հանճարը իր առջեւ դրված խնդիրը փայլուն է լուծել: Այնպես որ «Կապիտալը» ապացուցման արվեստի անգերազանցելի կոթող է եւ յուրաքանչյուրի համար, ով հավակնում է գիտնական կոչվելուն կամ անպարտելի փաստաբան դառնալուն, պետք է ծառայի որպես ձեւական տրամաբանության լավագույն դասագիրք: Իսկ ինչ վերաբերում է գիտական, այսինքնՙ իրական լինելուն, ապա կյանքն ինքը ցույց տվեց, որ Մարքսի չարանենգ մտավարժանքները իրականությանն առնչվում են սոսկ երեւութականորեն:
Վստահաբար կարող եմ ասել ու կրկնել` իմ երկրացիների վրա արդեն շատ վաղուց է, որ հնարավոր չէ ներազդել հեղինակությունների` լինեն դրանք քաղաքական, գիտական թե գողական աշխարհներից, անուններ տալով: Այլ բան է բիրտ ուժը, որի կիրառմանը նրանք եւս վարժեցվել են: Համաքաղաքացիներս իրենց կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ կանգնեցրել ու տապալել են աստվածներ ու կուռքեր, ուստի նրանց համար Մարքս անունը եւս սին է:
Սակայն շուկայական դիմաշղարշով քողարկված, բայց մարքսյան կարծրացած մտապատկերներից անբաժան, գիտական աշխարհի ներկայացուցիչներին ՀՖՏՃ-ն ռեւանշի ու իրենց տիրապետության վերակենդանացման նոր հնարավորություն է տվել: Ես վստահ եմ, որ հարցման ենթարկվող մարդկանց որեւէ համախումբ, բոլոր ժամանակների քաղաքական գործիչների դիմանկարների բազմության մեջ առաջինը կմատնանշի վերը հիշատակված Ադոլֆ Հիտլերին: Ուստի ինձ համար լրիվ բացատրելի է, որ լրագրողի կողմից անցկացվող ինչ-որ հարցման արդյունքում առաջին տեղում հայտնվել է Կարլ Մարքսը: Եվ այն, որ Ալբերտ Էնշտեյնը, Իսահակ Նյուտոնը, Դարվինը, Կանտը, Դեկարտը եւ այլք հայտնվել են հաջորդ տեղերում, համարվում է Մարքսի ուսմունքի բարձրագույն գնահատական: Հավատացած եմ, երբ Մարքսին առաջարկեին ընտրություն կատարել կենսաբանի, ֆիզիկոսի, փիլիսոփայի եւ, ասենք, մաթեմատիկոսի միջեւ, նա կամ քունքի մոտ ցուցամատի հայտնի շարժումով կպատասխաներ, կամ հանդիպակաց հարց կտար` մեկ քառակուսի մե՞տրն է ծանր, թե՞ մեկ կիլոմետրը: Այնպես որ շոուատիպ հարցումների արդյունքները Մարքսի տնտեսագիտական տեսության գիտականության արժեքը ոչնչով չեն կարող բարձրացնել, հատկապես երբ դրա նշույլն անգամ չկա այդ կանխակալ շարադրանքներում:
Գիտության որեւէ ճյուղում հեղինակությունների որոշման հարցում, երեւի թե, պետք է դիմել նույն բնագավառում ճանաչում եւ անժխտելի ավանդ ունեցող հետազոտողներին եւ ոչ թե լայն հասարակական շրջանակներում շոուատիպ հարցումների արդյունքներին: Բոլորին հայտնի Քեյնսը քսաներորդ դարի խոշորագույն տնտեսագետ է համարել անգլիացի Ալֆրեդ Մարշալին եւ ոչ Մարքսին:
Մարքսին վերագրվող եւ նաեւ արդիական համարվող հաջորդ փաստարկը, որը վերաբերում է ճգնաժամերի պատճառների լուսաբանմանը, համաձայն որի` ճգնաժամի պատճառը վարկի չափազանց ընդլայնումն է, Մարքսինը չէ (այստեղ եւ հետագա շարադրանքում արդեն հարկադրված եմ օգտագործել որոշ տերմիններ, ուստի հայցում եմ ընթերցողի ներողամտությունը): «Կապիտալի» հեղինակը այս դեպքում ընդամենը քաղաքական նկատառումներով պարզունակ է դարձրել ֆրանսիացի տնտեսագետ Կլեմենտ Ժուգլարի ներկայացրած փոխանցումային շղթան: Ժուգլարի աշխատությունը հրատարակվել է 1862թ., «Կապիտալից» հինգ ամբողջ տարի առաջ:
Որպես մեծագույն ձեռքբերում են ներկայացվում, որ իբր կարող են կիրառվել ՀՖՏՃ-ի հաղթահարման միջոցներ մշակելիս, նաեւ Մարքսի վերարտադրական սխեմաները: Սակայն սրանք իրական տնտեսությանը որեւէ կերպ չեն առնչվում: Վերարտադրության սխեմաների կապակցությամբ մեզ մնում է հարկադրաբար կրկնել հետեւյալ հանրահայտ ճշմարտությունը: Յուրաքանչյուր գիտական հասկացության պետք է համապատասխանի որեւէ իր, առարկա, կամ օբյեկտիվ իրականության պրոցես: Իսկ ի՞նչ է համապատասխանում մարքսյան հաստատուն եւ փոփոխուն կապիտալներին: Արժեք շինծու գաղափարը, որը Մարքսը համարում է ապրանքի ներքին իմանենտ հատկություն: Իրականում, ինչպես նաեւ մարշալ-քեյնսյան տնտեսագիտության սկզբունքներն ընդունող յուրաքանչյուրիս համար, մարքսյան արժեքը մտացածին ու կեղծ կատեգորիա է, էլ ուր է թե դրա բաժանումը հաստատունի ու փոփոխունի: Յուրաքանչյուրը կարող է դավանել մարքսյան մեկնաբանությունները, բայց դա անելով` պարտավորված է միաժամանակ ընդունել, որ ժամանակակից տնտեսագիտության հիմնական դրույթները ինքը հերքում է: Հաստատուն ու փոփոխուն կապիտալների բաժանումը Մարքսի կողմից արվել է մի նպատակով` համարժեքային փոխանակության շրջանակներում շահագործման տեսություն ստեղծելու համար: Ուստի, մտացածին եւ իրականությունը չարտացոլող եւ միայն երեւութականորեն առնչվող մտավարժանքները գիտական մեծ նվաճում համարելը հիմնավորված չէ:
Ոչ ոք չի պատրաստվում ժխտել մարքսյան տեսության ուսումնասիրության անհրաժեշտությունը, բայց սա չի նշանակի դրա գիտականության ընդունում: Մեր համոզմամբ, դա պետք է արվի, որպեսզի երբեւիցե, երբ դարձյալ ի հայտ գան տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրներ, որոնք կանխակալորեն են մեկնաբանվել Մարքսի կողմից, գայթակղություն չառաջանա գնալու նույն ճանապարհով` ճիշտ այնպես, ինչպես ֆաշիզմն է ուսումնասիրվում, այն ժխտելու եւ դրանից խուսափելու համար:
Համոզված եմ, որ մարքսիզմի թեման արդեն սպառված է, եւ այլեւս նոր բան ասելու անհրաժեշտություն չկա: Իսկ երկնքում թռչում է ոչ թե կոմունիզմի ուրվականը, ինչպես Մարքսն էր սպառնում իր «Մանիֆեստում», այլ ընդամենը տնտեսական վերելքին հաջորդել է լրիվ բացատրելի անկումը մեկ-երկու տոկոսի չափով: Եվ ինչպես մնացած այլ դեպքերում, մեզանում այն առանձնահատուկ է ի հայտ եկել` երկնիշ թվերով: Կշտկվի համաշխարհային տնտեսությունը, կվերականգնվի մեր խափանված կաթիլային սնուցումը: Եվ ամենակարեւորը, առանց Մարքս-դահիճի մասնակցության: Իսկ նրանք, ովքեր կընդդիմանան իմ այս բնորոշմանը, կարող են թուղթ ու մատիտ վերցնել ու հաշվել, թե քանի միլիոն մարդկային կյանք են տարել մարքսիստական հեղափոխությունները. եւ իհարկե միլիոններով, իսկական կոմունիստի համար մարդկային կյանքի արժեքը միշտ էլ չափվել է միլիոն այս կողմ, միլիոն այն կողմ ճշտությամբ: Այս համատեքստում նորից անդրադառնանք Մարքսի գաղափարակից Հիտլերին. կասկածում եմ, որ նա անձամբ որեւէ մեկին սպանած լինի, երեւի միայն իրեն: Իսկ սա պատճառ է նրան դահիճ չհամարելու համար: Իսկ նրանք, ովքեր հավատում են մարքսիզմի հավասարության ու արդարության կոչերին, կարող են վստահել հետեւյալ հաշվարկներին. եթե «Կապիտալի» հրատարակման պահին, դա 1867թ. է, մի հարվածով գլխատեին բոլոր «շահագործողներին» ու նրանց շահույթները բաժանեին պրոլետարներին, վերջիններիս եկամուտը կավելանար ոչ ավելի, քան տասը տոկոսով: Իսկ եթե հեղափոխությունների վրա ծախսված միջոցների մեկ հազարերորդ մասը յուրաքանչյուր տարի ներդրվեր, այդ եկամուտները կաճեին ավելի մեծ չափերով:
Որպես վերջաբան. վերը հիշատակված Քեյնսը ոսկու ստանդարտի կապակցությամբ այդ «դեղին հրեշը» անվանել է «բարբարոս ժամանակների հնացած մասունք»: Համոզված եմ, որ նույն ոգով եւ առանց հոգեխռով զգացմունքայնության պետք է վերաբերվել նաեւ Մարքսի տնտեսագիտական տեսությանը:
ԳԱԳԻԿ Ս.ԳԱԼՍՏՅԱՆ, Տնտեսագետ, ԵՊՀ դասախոս