Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ նամակ է ուղարկել «Ազգ» օրաթերթի խմբագրություն, որտեղ, անդրադառալով գյուղի խնդրին, ակնկալում է պարզաբանում, թե ինչ է նշանակում «հանրային գերակա շահ» հասկացությունը: «Կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին` մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկեք որոշենք` սահմանային Քաջարան գյո՞ւղն է գերակա շահ մեր երկրի համար, թե՞ մի քանի հոգու անձնական շահը»: Հիշեցնենք, որ գյուղն արդեն ամիսներ շարունակ պայքարում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ (ԶՊՄԿ), քանի որ կառավարության որոշմամբ գյուղի մի հսկայական հատված, որն ընդգրկում է նաեւ Քաջարանի գերեզմանոցը, համարվել է հանրային գերակա շահ եւ տրամադրվել կոմբինատին հանքարդյունաբերության նպատակով: Գյուղապետը նշում է, որ կոմբինատի պաշտոնյաները լուրեր են տարածում, թե Քաջարանի բնակիչները 1968-ի երկրաշաժից հետո փոխհատուցում են ստացել: «Հայտարարում եմ` դա զրպարտություն է: Այն ժամանակ պետությունից մասնակիորեն փոխհատուցվել են երկրաշարժի պատճառած վնասները, եւ երբեք խոսք չի եղել մարդկանց տների եւ ունեցվածքի ամբողջական փոխհատուցման մասին: Ավելին, մոտ 50 տարի փայտե` վաղուց փտած տներում մարդկանց պահելը մեծագույն ամոթ է նախ եւ առաջ կոմբինատի համար»: Քաջարանի գյուղապետի խոսքերովՙ վերջին մի քանի ամիսների ընթացքում կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է վարում գյուղում, ահաբեկում գյուղացիներին: Դեռեւս 2 տարի առաջ գյուղի երկու ճանապարհներին արգելափակոց են դրել եւ շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա գյուղի` բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում` մարդկանց հուսահատության մատնելու համար: Գյուղապետը նամակում դիմում է կառավարությանը` պահանջելով վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից փոխհատուցում պահանջեն ամեն օր գյուղի օդային ավազանի եւ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասների համար: Ռաֆիկ Աթայանը հավաստիացնում է, որ քաջարանցիները շարունակելու են պայքարել հանուն գյուղի փրկության, քանի որ Քաջարանի շուրջը որեւէ սակարկություն չի կարող լինել:
Հ. Հ.