Հունվարի 6-ին աշխարհասփյուռ հայությունը տոնախմբեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը: Նախորդ օրը, հունվարի 5-ին, Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ` մասնակցությամբ բարեպաշտ հայորդիների: Պատարագիչն էր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, որն իր անդրանիկ պատարագն էր մատուցում Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում: Հայր սուրբը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորանքները եւ պատգամըՙ ավետելով Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը եւ Աստվածհայտնությունը: Սուրբ Հակոբ եկեղեցին ողողված էր մոմերի լույսերով, որ հավատացյալները տարան իրենց հետՙ լուսավորելու սեփական հարկերը Տիրոջ կենարար լույսով:
Հունվարի 6-ին մեծ էր տոնական խանդավառությունը Սուրբ Հակոբ եկեղեցում: Պատարագիչը կրկին Տ. Մեսրոպ Վարդապետ Պարսամյանն էր: «Հայր մեր»-ից առաջ Հայր սուրբը ներկա հավատացյալներին ուղղեց իր պատգամը սրբազան տոնի առիթով եւ ավետեց Խաղաղության իշխանի ծնունդը: Տեղապահ Հայր սուրբը հորդորեց հավատացյալներին իրենց հոգիներից ներս փառաբանակից լինել ավետաբեր հրեշտակներին. «Փառք Աստծուն բարձրունքներում, խաղաղություն երկրի վրա եւ հաճություն մարդկանց մեջ»: Նա անդրադարձ ունեցավ, որ խաղաղությունը բնավ հեռավոր անցյալի արձագանք չէ, եւ ոչ էլ մարդկային ուտոպիա: Համընդհանուր խաղաղությունը, որ սկսվում է անհատի ներքին-հոգեւոր խաղաղությունից, կարող է իրականություն դառնալ այն ժամանակ միայն, երբ հետեւելով առաքելական պատգամին. ա) չենք մտահոգվում եւ չենք վախենում աշխարհային որեւէ իրականությունից, բ) աղոթում եւ գոհություն ենք մատուցում Աստծուն կյանքի բոլոր հանգամանքներում, գ) Խորհում ենք ճշմարիտը, ազնիվը, առաքինին եւ սուրբը, դ) մեր կյանքերից ներս կիրառում ենք այն ինչ ուսանում, ընդունում եւ տեսանում ենք Աստվածաշունչում: Այդժամ «Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով»: Փիլիպ. 4.7
Հավարտ սուրբ պատարագի Հայր սուրբը կատարեց ջրօրհնեքի արարողությունՙ որպես Քրիստոսի Մկրտության Խորհրդանիշ: Հատուկ աղոթքներով եւ շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց Ավետարանով, սուրբ խաչով եւ սրբալույս մյուռոնով: Օրհնված ջուրը վերջում բաժանվեց ներկա հավատացյալ հայորդիներին:
Մամլո դիվան Շվեյցարիայի հայոց թեմի