«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ԶՐՈՒՅՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

Ֆերդինանդ Առաքելյանը նոր դեմք չէ հայ քանդակագործության ոլորտում: Նա Հայաստանում արժեքավոր բազմաթիվ գործերի հեղինակ է: Սկսած նախորդ դարի 70-ականներից, կարելի է ասել, դեռեւս ուսանողական նստարանից, նրան վստահվել են այնպիսի գործեր, ինչպիսիք են Լենինականի Շիրակ հյուրանոցի մուտքի ձեւավորումը, Աշոտ Ողորմած թագավորի ձիավոր արձանը նույն քաղաքում, Ստեփանավանի Շահումյանի տուն-թանգարանի բարձրաքանդակները (Ամբոխները խելագարված), Մեծ եղեռնի թանգարանի` զոհերի հիշատակին նվիրված քանդակները եւ այլն: Դրանցում առանձնահատուկ տեղ է գրավում Մարզահամերգային համալիրի ճակատը զարդարող պաննոն:

Ժամանակները փոխվեցին, սակայն հիմա էլ նույն հաջողությամբ նրան վստահվում են կարեւորագույն նախագծեր:


- Որո՞նք են հաջողությանը նպաստող գործոնները:

- Բարդ հարց տվեցիր: Առաջինը իմ նախագծերն ու աշխատանքներն են, իսկ մնացածը չեմ կարեւորում: Կամ պատվիրատուն է իմ աշխատանքներին ծանոթ լինելով պատվիրել, կամ մրցույթով եմ շահել: Երեւի միայն Մարզահամերգային համալիրի օրինակը բավական է, որպեսզի մնացածը պատկերացնեք: Այս աշխատանքի նախագծին միանգամից հավանություն է տվել այն ժամանակվա Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Իսկ նա բարձր ճաշակի տեր անձնավորություն էր:

- Հավանաբար դա է հիմք տվել նրան այդքան հոյակերտ տապանաքար ձոնելու համար:

- Ամեն բան արել եմ նրան արժանի կերպարն հնարավորինս անխաթար կերտելու համար: Պիտի որ կարողացած լինեմ:

- «Համեստությունը զարդարում է մարդուն» սկզբունքը հիանալի կիրառեցիր: Քո քանդակած տապանաքար-հուշաձաններից էլ ո՞րն է քո հոգուն հարազատ:

- Վարդան Աճեմյանինը: Դա իմ սիրած գործերից մեկն է: Երբ պատվերն ստացա, երկար մտորում էի` ինչպես անեմ, որ աշխատանքը համահունչ լինի նրա մեծությանը: Վերջապես կանգ առա չորս անկյուններում պրոֆիլ-անֆաս համադրությամբ թատերական չորս հիմնական ժանրերը խորհրդանշող դիմակներով տարբերակի վրա: Հիմա էլ ուզում եմ «անհամեստ» լինել. հիանալի է ստացվել:

- Ֆերդինանդ քանդակագործն առավելապես հայտնի է որպես մոնումենտալիստ եւ թվում է, առայժմ այդ համոզմունքը խախտելու մտադրություն չունի: Իսկ ապագայում դա հնարավո՞ր է:

- Արդեն դու ասացիր, որ դա համոզմունք է, ես ուղղակի մի փոքրիկ շտկում կանեի` մտածելակերպ...

- Եթե դու հրաժարվես էլ, ես պնդելու եմ, որ համալիրի ճակատը քո ամենամեծ աշխատանքն է, բայց մի քիչ անհավատալի է այդ տարիքում 360 քմ քարե տարածքի վրա այդքան բովանդակալից աշխատանք կատարելը: Իսկ սկիզբը, ակունքը ո՞րն էր եւ ո՞րն ես համարում այդ գործի գլխավոր խորհուրդը:

- Համաձայն եմ. այդ պաննոն ինձ համար էլ մնում է անգերազանցելի: Իմ բոլոր գործերը ես գնահատում եմ դրա հետ համեմատության մեջ: Սակայն մինչ այդ ես արդեն ձեւավորել էի այն ժամանակվա Լենինականի Շիրակ հյուրանոցի բարելեֆ ճակատը, որը, առիթից օգտվելով ասեմ, որ այժմ անասելի անմխիթար վիճակում է: Այնտեղ ես արդեն կիրառել էի ազգային ոգու հետ համախոսող արդիական ձեւերը: Համալիրն իմ այդ հղացման զարգացումն էր, որտեղ արդեն առաջնորդվել եմ առավելապես չարենցյան մտածողությամբ:

- Վերջին նախադասությունը կարելի է համարել Չարենցի հանդեպ հիմնավորված սիրո արտահայտություն: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունես Չարենցի գերեզմանի հավանական տեղի հետ կապված մերօրյա խոսակցությունների հանդեպ:

- Պատասխանեմ մի կարճ պատմությամբ: Ժամանակին ինձ խնդրել էին այս հարցի առնչությամբ խոսել Կարեն Սերոբիչի հետ: Նա կտրականապես դեմ եղավ փորփորելուն` պատճառաբանելով, որ ավելի լավ է, ինչպես Մոցարտի դեպքում է, մեր առեղծվածն էլ առեղծված մնա: Այն ժամանակ գուցե չէ, բայց հիմա համամիտ եմ նրա հետ:

- Գաղտնիք չէ` անցյալի վաստակը եւ համբավը հաճախ են նպաստում, որ ներկան էլ յուրովի իմաստավորվի: Դա՞ էր պատճառը, որ «Բարերարների ճեմուղի» ծավալուն նախագիծը, որի վրա, ենթադրում եմ, որ շատ «աչք» եղած կլինի, վստահվեց Ֆերդինադ Առաքելյանին, թե՞ «համընթաց քամի» էլ կար:

- Լավ, խոստովանեմ... բայց ի՞նչը: Նախ, որ նախագծի հեղինակային իրավունքը շահել եմ մրցույթով: Եվ հետո, դու էլ ես ինձ հիանալի ճանաչում որպես քանդակագործի, եւ, կարծում եմ, որ լավ առաջարկի հնարավորության դեպքում, միգուցե դու էլ ինձ կհիշեիր: Իմ «համընթաց քամին» միայն ու միայն իմ վաստակն է:

- Թե՛ տեղի ընտրության եւ թե՛ ծառուղում բարերարների ընդգրկման հարցում մամուլում հայտնվել են տարբեր կարծիքներ, ընդհուպ Ներսես Մեծին առաջին բարերարը համարելով` նրա արձանից սկսելը: Մինչ արդեն առկա մասով նախագծի իրականացումն է՞լ են եղել այլընտրանքային առաջարկություններ, եւ հիմա, երբ արդեն կատարված աշխատանքը փաստ է, չե՞ս կարծում, որ արժեր դրանց մի մասի հետ հաշվի նստել:

- Թող տպավորություն չստեղծվի, որ նախքան գործն սկսելն ասածդ հարցերի շուրջ քննարկումներ չեն եղել: Օրինակ, առաջարկվել է Իտալական դեսպանատան դիմացի այգին, սակայն հասկանալի ինչ-ինչ նկատառումներով հրաժարվել են այդ տարբերակից: Ինչ վերաբերում է բարերարների ընտրության եւ քանդակների գեղարվեստական մակարդակի վերաբերյալ խոսակցություններին, կպատասխանեմ հայտնի անեկդոտի ֆինալով. «... կարող եմ, բայց խորհուրդ տվողները շատ կլինեն»: Բայց ընտրվել է այն, ինչն ավելի ընդունելի է համարվել: Բացի դրանից, բարերարների ընտրության չափանիշներն ու ցուցակը հաստատել է կառավարությունը:

- Իսկ գաղափարն ո՞ւմն էր:

- Հստակ ասել չեմ կարող, միայն լավ հիշում եմ, որ քննարկումների ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը շարունակ ընդգծում էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ վերաբերմունքը նախագծի հանդեպ:

- Նպատակն ազնիվ ու ինքնին գովեստի արժանի է: Եվ քիչ թե շատ տեղյակ ամեն ոք համամիտ կլինի առաջին փուլում ընտրված բարերարների արձանները տեղադրելու մտքի հետ: Նրանք քննությունը վաղուց են հանձնել: Բայց նրանց կողքին գուցե իրենց քարե հավերժացմանը ուրիշ հավակնողներ հայտնվեն: Ի՞նչ սկզբունքով է որոշվելու արժանավորը:

- Իհարկե, շատ է ասվել, որ այս ծրագիրը լինելու է շարունակական: Ես արդեն նշեցի, որ կան հաստատված չափանիշներ, որից ելնելով էլ այս վեցի կողքին լինելու են անցյալ դարի եւս այլ հայտնի բարերարների արձաններ: Ի միջի այլոց, ըստ այդ չափանիշների, հուշակոթողները տեղադրվում են բարերարի մահից առնվազն տասը տարի հետո, որպեսզի նրա կերպարը որոշակի քննություն բռնի մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ: Իսկ մնացած հավակնորդները, եթե կապացուցեն, որ հայ ժողովրդի համար շատ բան են արել, մահից հետո թող կանգնեն իրենց հասանելիք պատվանդանին: Միայն հաստատ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Մանթաշյանցը կամ Նուբար Փաշան այս ճեմուղու հեռանկարով չէ, որ բարեգործություններ են արել: Մարդկանց մասին խոսում են իրենց կատարած գործերը:

- Մեր երկրում քաղաքականությունն ու քաղաքաշինությունը արագ տեմպերով զարգացմամբ կարծես միմյանց հետ մրցում են: Չե՞ս կարծում, որ երկու ոլորտում էլ նույն «դիրիժորներն» են չափ տալիս:

- Համաձայն եմ: Բայց երկուսի մնայուն հետեւանքներն էլ առայժմ վախենալու են...

- Լավ, քաղաքաշինությունը պիտի որ քեզ ավելի հուզող թեմա լինի: Գուցե այդ առումով մի փոքր բացվե՞ս:

- Բացվեմ: Կանգնիր Կասկադի վերին աստիճանին, ու նայիր Երեւանին. եթե նորակառույցների կմախքները քեզ չեն զարհուրեցնի, ուրեմն ամեն ինչ կարգին է: Անգամ եթե պատկերացնենք դրանք ավարտուն վիճակում, շատ բան չի փոխվելու: Բայց ուզում եմ մի զուգահեռ տանել. երկրաշարժից ավերված Գյումրիում կար պատմաճարտարապետական 1200 հուշարձան, որոնցից ոչ մեկը ոչ միայն չի քանդվել, այլեւ վերականգնվում են նախկին տեսքով, մինչդեռ Երեւանի կենտրոնում ամեն ինչ քանդեցին` հետագայում վերականգնելու պատրանք ստեղծելով, այնուամենայնիվ, մոռացան: Եթե անգամ զանց առնենք գեղագիտական նկատառումները, աշխարհի շատ երկրներում բաց թանգարանները մեծապես հարստացնում են պետական բյուջեն: Ավելին, չեմ հաշտվում 90-ականների վերջին անգամ տիրանների արձանները քանդելու հետ: Այդ տիրանները մեր պատմության անբաժանելի մասն են, եւ Հայաստան երկրում որեւէ անկյուն կճարվեր դրանք իմի հավաքելու եւ յուրատեսակ մի թանգարան ստեղծելու համար. պատմությունը չեն քանդում, բայց քանդեցին: Բուրբոնների պալատներն ու դրանց առջեւ դրված արձաններն այսօր երկիր են պահում...

- Խոսեցիր 90-ականների մասին: Այն օրերի կառավարիչներն այսօրվա ընդդիմադիրներն են:

- Ո՞վ ասաց, որ ընդդիմադիրներ եմ: Այդ «քաղցր» իշխանությունը վերադարձնելու համար ջանքերը կապ չունեն ժողովրդի հետ:

- Երեւանի քաղաքապետներն այնքան արագ են փոխվում, որ նախորդի անվանն ու գործին դեռ չընտելացած` հաջորղն է գալիս: Չե՞ս մտածում, որ մեկը մյուսի սկսածի կիսատ թողնելու վտանգ կա:

- Ցավալի է, բայց փաստը մնում է փաստ: Օրինակով խոսեմ. Երվանդ Զախարյանի ճանապարհաշինական ծրագրերը հարկ եղած շարունակությունը չունեցան: Որքան էլ խոսենք տարբեր կարգի կոլեգիալ կառավարումներից, այնուամենայնիվ, դիրիժորի փայտիկը քաղաքապետի ձեռքին է...

- Ի՞նչ կուզեր ունենալ Ֆերդինանդ մարդը, որ մինչեւ հիմա երազանք է մնում:

- Արազի ափին բոստանս լիներ...

Զրուցեցՙ ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4