«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ՀԱՅ ՊԱՏՄԱԳԻՐՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԵՐԵՆ

Հայ ժողովրդի պատմությունը, հատկապես հնագույն պատմությունը 2012-ին լինելու են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ուշադրության կենտրոնում: Ծրագրի մեկնարկն արդեն դրվել է: Հայ պատմագիրներին, մատենագիրներին եւ հայ ժողովրդի պատմությունը ռուսալեզու հանրությանը ներկայացնելու ծրագրի շրջանակներում ՌՀՄ-ն ռուսերեն լեզվով հրատարակել է Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» եւ Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» աշխատությունները:

Դեկտեմբերի վերջին Գիտությունների ազգային ակադեմիայում ՌՀՄ հայաստանյան մասնաճյուղը եւ Ակադեմիայի պատմության ինստիտուտը կազմակերպել էին սույն աշխատությունների շնորհանդեսը:

ՌՀՄ առաջին փոխնախագահ ու հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մհեր Շահգելդյանն ընդգծում է` Ռուսաստանում, ընդհանրապես, հայագիտության զարգացումը բավականին արագ է ընթանում, բացվում են հայագիտական ամբիոններ: «Իսկ հայ ժողովրդի պատմությունը ռուսերեն ներկայացնելը կարեւոր է նաեւ քաղաքական տեսանկյունից», ավելացնում է Մ. Շահգելդյանը: Եվ ինչպես նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն , որը ներկա էր շնորհանդեսին, պատմական հենց այսպիսի սկզբնաղբյուրները` ի դեմս այս աշխատությունների, պետք է պարզություն եւ ճշմարտացիություն մտցնեն Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի պատմության հարցերում: «Բացի դրանից` այսպիսի գրքերը հետաքրքրական են ոչ միայն Ռուսաստանում ապրող հայերի, այլեւ նրանց համար, ովքեր հետաքրքրված են հնագույն եւ միջնադարյան պատմությունով», ավելացրեց դեսպանը:

Մովսես Խորենացու աշխատությունը ռուսերեն լեզվով առաջին անգամ լույս է տեսել 1786-ին` դեռեւս Եկատերինա Երկրորդ թագուհու օրոք, ապա հաջորդել են վերահրատարակությունները:

ՌՀՄ նախաձեռնությամբ 2 աշխատությունները ռուսերեն լույս են տեսել 800-ական օրինակով: Հայաստանում դրանք վաճառքում չեն լինի, սակայն համալսարաններին ու գիտական կենտրոններին անպայման տրամադրվելու են:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4