Հայաստանն աշխարհի ուժեղագույն երկրների հնգյակում է
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում 2805 վարկանիշով հանգրվանել է 2-րդ հորիզոնականում: Հայ շախմատիստն առաջին անգամ է ցուցակում նման բարձր դիրք զբաղեցնում, թեեւ նախկինում նա ավելի բարձր վարկանիշ է ունեցել: Արոնյանի համար ռեկորդային վարկանիշը (2808) գրանցվել է 2011-ի մարտին եւ մայիսին: Այդ ցուցանիշով նա աշխարհում 3-րդն էր:
Լեւոն Արոնյանը նոյեմբերի համեմատ իր վարկանիշն ավելացրել է 3-ով: Նրա առաջընթացին նպաստեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը վարկանիշը նվազեցրել է 12-ով ու 2-րդ տեղից նահանջել է 4-րդ հորիզոնական: Անանդին շրջանցեց նաեւ Վլադիմիր Կրամնիկը, որը 2801 վարկանիշն ունի:
Դասակարգման ցուցակը շարունակում է վստահորեն գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը վարկանիշն ավելացրել է 9-ով: Նրա ներկայիս վարկանիշը (2835) ընդամենը 14-ով է զիջում Գարի Կասպարովի ռեկորդային ցուցանիշին, որ վերջինս ունեցել է 2000-ի հուլիսին: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Թեյմուր Ռաջաբովը (2773), Վեսելին Թոփալովը (2770), Սերգեյ Կարյակինը (2769), Վասիլի Իվանչուկը (2766), Ալեքսանդր Մորոզեւիչն (2763) ու Վուղար Հաշիմովը (2761):
Բացի Լեւոն Արոնյանից, 100 ուժեղագույն շախմատիստների թվում տեղ են զբաղեցրել եւս 4 հայ գրոսմայստերներ: Սերգեյ Մովսիսյանը վարկանիշը (2700) նվազեցրել է 10-ով եւ 34-րդ տեղից նահանջել է 43-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը թեեւ վարկանիշը (2685) ավելացրել է 4-ով, սակայն մեկ հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 64-րդ տեղը: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը վարկանիշն (2683) ավելացնելով 12-ով, 73-րդ տեղից բարձրացել է 66-րդ հորիզոնական: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը պահպանել է վարկանիշը (2676), սակայն 67-րդ տեղից նահանջել է 73-րդ հորիզոնական:
Կանանց դասակարգման ցուցակը 2710 վարկանիշով շարունակում է գլխավորել Հուդիթ Պոլգարը, որը հիմնականում մասնակցում է տղամարդկանց մրցաշարերի: 100 ուժեղագույն շախմատիստուհիների թվում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2490 վարկանիշով 20-րդ տեղում է: Նախորդ ցուցակի համեմատ նա վարկանիշը նվազեցրել է 7-ով եւ 2 տեղով նահանջել է:
Լիլիթ Մկրտչյանը վարկանիշը (2458) նվազեցրել է 11-ով եւ 29-րդ տեղից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական: Զգալի հետընթաց է ապրել Լիլիթ Գալոյանը (2366): Նա վարկանիշը նվազեցրել է 17-ով եւ 78-րդ տեղից նահանջել է 97-րդ հորիզոնական:
Մինչեւ 20 տարեկան շախմատիստների դասակարգման ցուցակում Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը 2569 վարկանիշով 15-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան (2736):
Հայաստանն իր 10 ուժեղագույն շախմատիստների միջին վարկանիշով (2657) 4-5-րդ տեղերն է բաժանում Հունգարիայի հետ: Նախկինի պես ցուցակը գլխավորում է Ռուսաստանըՙ 2748: 2-րդ տեղում Ուկրաինան էՙ 2693: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիանՙ 2661: Ադրբեջանն այդ ցանկում 8-րդն է 2644 վարկանիշով: Վրացիները 2608 վարկանիշով 16-րդն են: