«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ՄԻՍՏԻԿԱԿԱՆ 2012-Ը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2012 թվականի հանդեպ բավական միստիկա է կուտակվել: Ընդ որում` այդ միստիկան կուտակվել է ոչ այնքան փաստական նյութի դրդմամբ, որքան մարդկային մտքի սուբյեկտիվ վայրիվերումների արդյունքում: Մայաների օրացույցի վերջի, աշխարհի վերջի, Իրանի դեմ հնարավոր պատերազմի մասին խոսակցությունների սնուցումը տարբեր արդյունաբերական եւ գեոպոլիտիկ նպատակներով մարդկանց մեջ բավական բացասական էմոցիաներ եւ բացասական էներգիա են կուտակել 2012-ի հանդեպ, մինչդեռ մտացածին իրավիճակները կարող են շատ նյութական արդյունք ունենալ, քանի որ խոսքի ու հնչյունի շնորհիվ կուտակված արդեն նյութական էներգիան անպայման կփորձի բոլոր դեպքերում ելք գտնել: Հետաքրքրական է, որ հենց այսպիսի միստիկ տարում հատկապես մեր տարածաշրջանում շահեր ունեցող երկրներում (եւ Հայաստանում) պետք է ընտրություններ տեղի ունենան, իսկ ընտրություններն, այսպես թե այնպես բացասական իմպուլսներ են պարունակում, ու մանավանդ` երբ այդ բացասական էներգիան ուղղորդվում է անհարկավոր ուղղությամբ: Համենայն դեպս` Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո սկսված բողոքի ալիքը, որն արդեն հասցեագրվել է 2012-ի մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, դրա վառ ապացույցն է, ու անգամ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի հետամանորյա խոսքում մտահոգություն է հայտնվել այդ բողոքների առումով: Ագրեսիվ հայտարարությունները Իրանի հանդեպ (Հայաստանի համար խիստ բացասական անդրադարձով), ըստ մեր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, ԱՄՆ-ը հազիվ թե իրականություն դարձնի այս տարի տեղի ունեալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ, այնպես որ 2011-ից փոխանցված ողջ բացասական էներգիան այս երկրում էլ կպարպվի հենց նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շրջանում` 2012-ի եզրափակիչ ակորդ որպես ողջ աշխարհում անդրադարձով: Բոլոր դեպքերումՙ աշխարհում կուտակված բացասական լիցքերը բոլոր արժանահիշատակ իրադարձությունների տեսքով գալու-հպվելու են նաեւ Հայաստանին` մեզ եւս բաժին հասցնելով 2012-ի միստիկայից:

Բայց կենտրոնանանք այն մի քանի շեշտադրումների վրա, որ տեղի ունեցան քաղաքական շարժընթացում մեր թերթի լույս չըտեսնելու պահից ի վեր` նախաամանօրյա մի քանի օրերին, եւ որոնցով այսօր էլ զբաղվում են ամանորյա ուտուշ-խմուշից ծուլորեն զարթնող մեր քաղաքականները:

Նոր քաղաքական տարվա լրահոսի մեջ նորությունը ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նախաամանորյա նիստի որոշումն է, ըստ որի ընտրություններից առաջ ձեւավորելիք կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է լինելու Հեղինե Բիշարյանը: Այդ մասին հայտնի դարձավ, սակայն, երեկ: Հովիկ Աբրահամյանից հետո արդեն երկրորդ շտաբ-ղեկավարն է հայտնի, փաստորեն, ու ամեն ինչից երեւում է, որ իսկապես, ՕԵԿ-ն էլ է առանձին ցուցակով է գնալու ընտրությունների: Մանավանդ` ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն էր երկու օր առաջ վերահաստատել կոալիցիոն կուսակցությունների` առանձին ցուցակով գնալու իրողությունը, թեեւ այդպիսի վերջնական որոշումները կուսակցությունների ղեկավար մարմինների որոշումներին էր հասցեագրել: Երեկ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ էր ասում, որ այս պահին նպատակահարմար է առանձին ցուցակներով մասնակցելու տարբերակը, բայց քաղաքական որոշումը դեռ չկա, այնպես որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի` միասնական ցուցակով ընտրության գնալու տարբերակն էլ չպիտի բացառել ըստ Հ. Սահակյանի: Ամեն ինչից երեւում է, որ ներկոալիցիոն համաձայնությունը միասնական ցուցակներով գնալու մասին պարզապես հնարավոր չի եղել իրականություն դարձնել, ինչպես եւ ենթադրելի էր` երկու մեծ կուսակցությունների հավակնությունների պատճառով:

Մինչդեռ այս ֆոնին «ժառանգությունն» ու ՀՅԴ-ն միասնաբար հայտարարում են մեծամասնական ընտրակարգը վերացնելու իրենց նախաձեռնության մասին (ընդ որում` սա ՀԱԿ-ին եւս ոգեւորել է, կամ ՀԱԿ-ը փորձում է ինչ- որ բանի շուրջ համաձայնության եզրեր գտնելու խորհրդարանական ընդդիմության հետ): Զարմանալին ինչն է` մերոնք գլխացավանքից ազատվելու համար փորձում են գլուխը կտրել, այսինքն, եթե չլինեն 41 մեծամասնական կարգով տարածքները, ապա իշխանության վերարտադրությունը այդպես հեշտ չի լինի, քանի որ 41 մանդատ հենց մեծամասնականի պատճառով իշխանության գրպանում է: Իսկ մի՞թե հեշտ չէ մերոնց համար մականունավորներին եւ ոչնչով աչքի չընկած կոնյունկտուրշչիկներին համամասնական ցուցակներ խցկելը, կամ փողի դիմաց` համամասնական ցուցակի հորիզոնականի տրամադրումը: Սակայն ինչ տարբերություն: Կա՞րգն է, որ մեզ փոխելու է: Կամ ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ոչ մի կուսակցության չեն համակրում ե՛ւ որպես ընտրող, ե՛ւ որպես ընտրվող, այդ մարդկանց իրավունքների հետ ո՞նց վարվենք (օլիգարխների տարբերակը նախապես անընդունելի է, իհարկե): Կամ` եթե ընդամենը 3 ամիս հետո ընտրություններ են` տեխնիկապես կարգ փոխելը պարզապես ուշացած նախաձեռնություն չէ՞: Այսպես թե այնպես` ՀՅԴ-ն եւ «ժառանգությունը» 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու եւ մեծամասնական կարգը վերացնելու մասին օրինագիծ են դնելու շրջանառության մեջ, եւ եթե չհաջողի Ազգային ժողովի նոր նստաշրջանի օրակարգ մտցնել` որպես անհետաձգելի հարց քննարկելու ու քվեարկել են հարցը: Սակայն, ինչպես երեւում է, իշխանությանն այդպիսի նախաձեռնությունը չի անհանգստացնում, քանի որ, ըստ երեկ տարածված տեղեկատվության, ԿԸՀ-ն պատրաստվում է վերաձեւել մեծամասնական ընտրատարածքները: Իսկ թե ներկա ընտրատարածքների փոփոխությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք դրանք կարվելու են արդեն նեղ «կրուգներում» որոշված հայտնի թեկնածուների հագով, որոնք որոշակի բնակավայրերում վաղուց արդեն եռուզեռ են անում` դա արդեն տեսանելի կլինի հավանաբար ԿԸՀ-ի կողմից ձեւավորելիք նոր ընտրատարածքային քարտեզում: Այնպես որ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը` օրենսդրորեն վերացնելու մեծամասնական կարգը, կարծես թե նախօրոք դատապարտված է, սակայն ոչ այս առիթով ստեղծվելիք նոր հնարավորությունը` խորհրդարանի ամբիոնից Հայաստանում իրականացվող ընտրությունների վերաբերյալ ամբողջական տեսակետներ հայտնելու:

Խառը, թե ամբողջությամբ համամասնական կարգով` նոր ճանապարհ ընկած 2012-ը պետք է լուծի ամենադժվարին խնդիրը` հանգուցալուծի ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը: Այս երկու կուսակցությունները փաստորեն կաշվից դուրս են գալու. ՀՀԿ-ն բոլորովին ուրիշ տեսքով է փորձելու ներկայանալ ընտրողներին` բոլորովին նոր ՀՀԿ, որը հայտնի չէ, թե ինչպես կընդունվի հասարակության կողմից (մերոնք կոսմետիկ վիրահատությունից հետո նոր դեմքով ներկայացած գեղեցկուհիներին չեն սիրում առանձնապես), ԲՀԿ-ն եւս արյուն է թարմացնելու, սակայն ԲՀԿ-ի թարմացումն առայժմ քողով է պատված, քանի որ դա կախված է երկու անձից, եւ մարդիկ գիտեն, թե ովքեր են դրանք: Իսկ հասարակությունը շատ կուզենար, որ իրական փոփոխություններ լինեին, սակայն ինքը չդառնար 2012-ի միստիկայի զոհը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4