«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ՍԱՐԿՈԶԻԻ ՔԱՅԼԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ, ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման եւ քվեարկության ժամկետի մոտենալուն զուգընթաց դեմ ու կողմ հայտարարությունները հնչում են ոչ միայն թուրքական իրականության համակիրների, այլեւ տարբեր կառույցների ու մակարդակների մասնագետների կողմից: Ֆրանսիական իրականության համար առավել մեծ դերակատարության հավակնություն ունեցող այս օրինագծին նաեւ արտաքին նշանակություն է բաժին ընկել, ինչը, տվյալ պարագայում, համընկնում է հայկական շահերի հետ կամ առնվազն այն մոտեցումների, որոնց հավատարիմ է սփյուռքը:

Թուրքական կայքէջերը մտահոգության նոր ալիք են բարձրացրել` կապված ֆրանսիական խորհրդարանից տարածված այն տեղեկության հետ, թե օրինագիծը Սենատի օրակարգ կներկայացվի արդեն հունվարի 23-ին, եւ, ինչպես «Ազգը» տեղեկացրել էր, քննարկվելու հավանականություն ունի հունվարի 23-24-ի ընթացքում:

45 հզ. եվրո եւ մեկ տարվա ազատազրկում նախատեսող օրինագծի նման այլ օրենսդրական փաստաթղթեր ընդունելու Ֆրանսիայի նախագահի կոչը եվրոպական երկրներին մեկ այլ խնդիր է, որ Սենատում քննարկումների արդեն հստակեցված ժամկետների հետ միասին խստացրել է իրարանցումը Թուրքիայում:

Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օգտվելով Նորվեգիայի վարչապետի Թուրքիա այցելության շրջանակներում ասուլիսի հնարավորությունից, Ֆրանսիային կրկին սպառնացել է դեռեւս դեկտեմբերի կեսերին հնչեցրած իր «8 պատժամիջոցներով»` առավելապես շեշտադրելով տնտեսական ու ֆինանսական համագործակցության առկախման ու դադարեցման հեռանկարը:

Ընդ որում, Էրդողանը հավաստիացրել է, թե Թուրքիայում գործող ֆրանսիացի գործարարների հետ հանդիպում է ունենալու, որպեսզի վերջիններին «հասկացնի» թուրք-ֆրանսիական հարաբերությունների վտանգված լինելու հանգամանքը:

Այս ամենի կողքին հետաքրքրական է, որ Եվրոխորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն, ըստ թուրքական լրատվամիջոցների (բայց առայժմ առանց հենց ԵԽ-ի հաղորդագրության հաստատման), Ֆրանսիային եւ Թուրքիային կոչ է արել հարցը լուծել երկկողմ հարթակում, այլ ոչ բարձրացնել ԵՄ-ի մակարդակի: Բուզեկը միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ միանշանակ գնահատականներ այս պարագայում չպետք է հնչեն:

Ըստ Բուժեկի, համակարծություն չկա նաեւ, օրինակ, կիպրական խնդրում կամ հենց Թուրքիայի ներսում ժողովրավարության առումով, այնպես որ տարակարծությունն էլ ժողովրդավարական կառույցներում բնական երեւույթ է, թեեւ որեւէ հիմք Բուզեկը չի տեսնում ԵՄ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ երկակի որակելու համար:

Բուզեկը խոսում է ԵՄ անունից, թեեւ ԵՄ որոշ երկրներ այսպես թե այնպես արդեն օրենսդրական ակտեր ունեն, ասենք, Հոլոքոսթի ժխտման դեպքում պատժամիջոցներ նախատեսելու առումով: Դրանց կողքին էլ, ըստ Սլովակիայի հայ գործիչ Աշոտ Գրիգորյանի տարածած` իրեն փոխանցված նամակի, Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ, արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը կարծիք է հայտնել, որ «Սլովակիան կմիանա Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի առաջարկին` հորդորելու ԵՄ բոլոր անդամ պետություններինՙ ընդունելու համանման օրենք»:

«Ես դիմելու եմ Սլովակիայի ԱԽ-ի համապատասխան անդամներին եւ ղեկավարներին` սատարելու Ֆրանսիայի Սենատին Ցեղասպանության մերժման օրենք ընդունելու հարցում, ու մեր փորձը հաղորդելու ԵՄ-ի պառլամենտներին Հայոց ցեղասպանությունը մերժելու հարցում Թուրքիայի դեմ պայքարելու համար», իր նամակում գրել է Հարաբինը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4