«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ՄԻ ՔԱՆԻ ԳՈՒՅՆՙ ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԽՃԱՆԿԱՐԻՑ

88-ամյակի առթիվ

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սկզբում Թբիլիսիի «Սովետական խաղալիք» ֆաբրիկայի նկարիչ-տեխնոլոգ, հետո երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի, ավելի ուշՙ կոնսերվատորիայի վոկալի բաժնի ուսանող: Վերջապես ավարտվում են նրա մասնագիտական դեգերումները, եւ այստեղից էլ սկիզբ է առնում մեծ կինոյին ընդելուզված մեծ կենսագրությունը: Սարգիս Փարաջանյանց անուն-ազգանունից սահուն անցում դեպի Սերգեյ Փարաջանով:

Հունվարի 9-ին լրացավ վարպետի ծննդյան 88-ամյակը:

Մեր քաղաքում մշակութային որոշ մթնոլորտ ստեղծող արվեստագետների որոշ շրջանի համար հունվարի 9 հարիսա ուտելու օր է: Ավանդույթը Սերգեյ Փարաջանովի նախասիրությունների հետ կապ չունի, ոչ էլ որեւէ խորհուրդ ու խորհրդավորություն: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նկատում է, որ այդ օրը հյուրեր շատ են ունենում ու մի քանի տասնյակ մարդկանց հյուրասիրելը հարիսան հեշտացնում է: Այդ օրը թանգարանում կարելի է տեսնել ռուս, ուկրաինացի հյուրերի, նաեւ վիրահայ արվեստագետներիՙ բոլորն էլ ինչ-որ ժամանակ ինչ-որ չափով վայելած վարպետի ընկերակցությունը:

Ծնվել է ձմռան մի ցուրտ օրՙ հունվարի 9-ին, մահացել ամռան մի տոթակեզ օրՙ հուլիսի 20-ին: 21 տարի է անցել Փարաջանովի մահից, իսկ պատմությունները, վերհուշը շարունակում են միշտ կենդանի պահել նրա կերպարը: Դեռ ասելու, պատմելու, հիշելու շատ բան կա, դեռ լիովին ի մի չի բերվել Փարաջանովի ժառանգությունը, եւ հնարավոր էլ չէ. նրա արվեստի ու անձնական արխիվի պատառիկները սփռված են տարբեր մայրցամաքներում: Ոչ ոք նրա տնից առանց նվերի չի հեռացել, նա բոլորին բաշխել է իր մտքի ու ձեռքի գանձերը: Դրանք այն ժամանակ էլ, հիմաՙ առավել եւս, անգին, թանկ մասունքներ են: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենին հաջողվել է անցած 2 տասնամյակների ընթացքում համալրել ցուցանմուշներըՙ որը գնելով, որը նվիրատվությամբ: Թանգարանի երկրորդ հարկումՙ գունագեղ ու խորհրդավոր կոլաժների շրջապատում, մի ճերմակ շապիկ է ցուցադրվումՙ թանգարանի ամենաթարմ ցուցանմուշն է:

Անցյալ տարի, երբ տուն-թանգարանի հիմնադրման 20-ամյակի առիթով նյույորքաբնակ եղբայրներ Հովիկ եւ Գագիկ Դիլաքյաններն առաջին անգամ այցելել են թանգարան, այնքան են տպավորվել, որ խոստացել են նվիրել իրենց տանը պահվող Փարաջանովի մի աշխատանք:

- Պարոն Սարգսյան, Ձեզ համար անակնկա՞լ էր, որ Դիլաքյան եղբայրների տանը պահվում է Փարաջանովի գործերից:

- Ես գիտեի, որ անվանի կատակերգակ Թաթուլ Դիլաքյանի որդունՙ նկարիչ Հովիկ Դիլաքյանին Փարաջանովն ինչ-որ բան նկարել ու նվիրել է, բայց թե ինչՙ չգիտեի: Վարպետը սիրել է նկարազարդած առարկաներ նվիրել: Ֆելինիին, Սագանին, օրինակ, հովանոցներ է նկարազարդել ու նվիրել: Եվ ահա Հովիկն ասում է, որ 1980 թվականին Փարաջանովն իր գրչով նկարազարդել է ճերմակ շապիկ եւ ուղարկել իրեն, ինքն էլ որպես թանկ հիշատակՙ 30 տարուց ավելի պահել է այնՙ թանգարան այցելելու օրը խոստանալով մեզ նվիրել:

- Շապիկի հետեւում վարպետն իր ձեռքն է նկարել ու ափին ռուսերեն գրել. «Նկարել է Սարգիս Փարաջանովը Հովիկի համար»: Իսկ առջեւի մասում խառը պատկերներ են, կմեկնաբանե՞ք:

- Կոմպոզիցիան «Հայ ժողովուրդ» է կոչվում: Փարաջանովը նկարել է Արարատ սարը, հայ-թուրքական սահմանըՙ փշալարով, կաթողիկոսին ու հայ ժողովրդին: Դա էր նրա պատկերացրած հայ ժողովուրդը:

- Իսկ կա՞ն գործեր, որոնց տեղը գիտեք, բայց չեք կարող դրանք թանգարան բերել:

- Այո՛, մի մասի հասցեները գիտենք, մյուսներն անհայտ են: Գիտենք մարդկանց, որոնք հաստատ ունեն Փարաջանովի գործերից, բայց իրավունք չունենք ստիպելու, որ նրանք այդ իրերը վաճառեն կամ նվիրեն թանգարանին: Ի վերջո, ամենեւին էլ պարտադիր չէ, որ Փարաջանովի բոլոր գործերը հանգրվանեն իր թանգարանում, ավելի լավ կլինի, որ դրանք լինեն շրջանառության մեջ, մտնեն աճուրդի տներ, ձեռքից ձեռք անցնեն, որպեսզի դրանց արժեքը բարձրանա, ճանաչում ձեռք բերեն: Հայաստանը փակ ու փոքր երկիր է, չենք կարող սպասել, թե միջազգային հանրությունը երբ կգա այստեղՙ Փարաջանովի տուն-թանգարանՙ նրա արվեստին ծանոթանալու: Իսկ եթե նրա գործերն անընդհատ գնվեն ու վաճառվեն թեկուզ անհատ հավաքորդների կողմից, Փարաջանովի միջազգային համբավն ավելի կմեծանա:

- Այնուամենայնիվ, թանգարանը շահագրգռված է, որ ցուցադրությունը հարստացվի նոր նյութերով: Կա՞ հավանականություն, որ մոտ ապագայում համալրում կլինի, որ որոշ մարդիկ խոստացած լինեն Փարաջանովիՙ իրենց մոտ եղած գործերը նվիրել թանգարանին:

- Գրականագետ, Փարաջանովի մտերիմ բարեկամ Լիլյա Բրիկի վերջին ամուսնուՙ Վասիլի Քաթանյանի որդին եղել է վարպետի ընկերը: Նրան Փարաջանովը 8-10 գործ է նվիրելՙ գլխարկներ, կոլաժներ: Այդ ընտանիքը վստահեցնում է, որ այդ աշխատանքները նրանք արդեն կտակել են Փարաջանովի թանգարանին, թեեւ մինչ այդ մտադիր են եղել նվիրել Պուշկինի թանգարանին: Ես նրանց ասացի, որ Պուշկինի թանգարանում Փարաջանովի գործերը, միեւնույն է, չեն ցուցադրվի, եթե նվիրել, ուրեմն ավելի լավ է նվիրել Փարաջանովի թանգարանին: Կարծես թե համոզվել են: Քաթանյանների ընտանիքի միակ ու վերջին ներկայացուցիչըՙ Վասիլի Քաթանյանի կինը, խոստացել է Փարաջանովի գործերը մեզ հանձնել, բայց թե երբ կլինի դա, չեմ կարող ասել:

- Փարաջանովի մտերիմների ու ծանոթների շրջապատը շատ մեծ է եղել, ամեն րոպե կարելի է սպասել, որ մեկը հայտնվի ու վստահեցնի, թե ինքը եղել է վարպետի ընկերը կամ ճանաչել է նրան: Իսկ նրանց պատմությունները, վստահաբար, թանգարանային նմուշներից պակաս արժեքավոր չեն: Ի՞նչ է անում թանգարանն այդ պատմություններն ու վկայությունները հավաքելու, ի մի բերելու առումով:

- Արդեն 20 տարի տեսագրում եմ մարդկանց, որոնք ճանաչել են Փարաջանովին, նրանք արժեքավոր հուշեր են պատմում վարպետի անձնական ու ստեղծագործական կյանքի մասին: Արխիվային հսկայածավալ նյութ է հավաքվել: Դրանք փաստավավերագրական նշանակության վկայություններ են: Դրանից բացի, մտադիր եմ գրքեր կազմել, որոնք բազմակողմանիորեն կանդրադառնան Փարաջանովի կյանքին ու գործին, բոլոր տարեթվերը, հիշարժան ամսաթվերը կարձանագրեն ու կամբողջացնեն Փարաջանով մարդու, արվեստագետի կերպարը: Գրքերը հետագայում կլրացվեն նոր տեղեկություններով: Սակայն դեռ չեմ գտել ընթերցողին ներկայացնելու ձեւաչափը: Վստահ եմ, որ դրանք շատ հետաքրքրական, անակնկալներով լի տեղեկություններ կհաղորդեն Փարաջանով-ֆենոմենի մասին:

Փարաջանովյան խճանկարը դեռ բազում գույների բացահայտման հնարավորություններ ունի: Տասնամյակներ են անհրաժեշտ այդ խճանկարը գոնե մասամբ ի մի բերելու եւ որոշակի պատկեր ստանալու համար: Այն առեղծվածային ու խորհրդավոր է իր արվեստի նմանՙ սփռված աշխարհով մեկՙ աշխարհինը ու աշխարհինը լինելովՙ մերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4