Ժողովրդավարություն, որը նման չէ դասական օրինակներին: Հնդիկ պատմաբան Ռակեշ Բաթաբյալը այսպես է գնահատում Հնդկաստանի ժողովրդավարությունը, որը տնտեսական վերելքին զուգահեռ ձեւավորված գործընթաց է: Թե ինչպե՞ս է հաջողվել բազմակրոն, բազմալեզու ու խայտաբղետ ավանդույթներ ունեցող Հնդկաստանում ժողովրդավարություն ձեւավորել, պատմաբանն ասում է` հենց այդ բազմազանությունն է նպաստում ժողովրդավարությանը: «Կան քաղաքագետներ, որոնք առաջ են քաշում փաստարկներ, թե կրոնների ու լեզուների բազմաքանակությունը խանգարում է ժողովրդավարությանը, բայց ես հակառակ կարծիքն ունեմ: Բազմաքանակությունը հավասարակշռում է սոցիալական տարբեր շերտերի տարաձայնությունները», ավելացնում է պարոն Բաթաբյալը:
Բազմազանությունը չի խանգարում նաեւ մամուլի ազատությանը, որը խոչընդոտող գործոնները բնավ կապված չեն լեզուների ու մշակութային բազմազանությանը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010 թվականի զեկույցի համաձայն` մամուլի ազատության ցուցանիշով 178 երկրների մեջ Հնդկաստանը դեռ 122-րդ տեղում է, ավելի ցածր տեղում, քան Հայաստանը (101):
Պարոն Բաթաբյալը կարծում է` ժողովրդավարության համար կենսական դեր ունի եւ հեռուստաալիքների բազմազանությունը: 1992-96 թվականների ընթացքում Հնդկաստանում բացվել են հարյուրավոր հեռուստաընկերություններ, որոնք հեռարձակում են լրատվություն տարբեր լեզուներով: «Այդ հեռուստաալիքների կարիքն իսկապես կար, քանի որ այստեղ ամեն շրջան իր լեզուն ու մշակույթն ունի», նշում է Ռակեշ Բաթաբյալը:
«Doordarshan news»
Միացյալ Նահանգներից հետո Հնդկաստանը երկրորդ երկիրն էր, որը բացեց 24 ժամ անգլերեն լեզվով լրատվություն հաղորդող հեռուստաալիք: Սակայն անգլերեն լրատվությանը հետեւում է միայն բնակչության գրագետ մասը: Հետեւաբար, ժողովրդավարության տեսանկյունից եւս մյուս լեզուներով հեռարձակվող հեռուստաալիքներն անհրաժեշտ են: Օրինակ` «Doordarshan news» հեռուստաընկերությունը հաղորդում է լրատվություն հինդի, անգլերեն, ուրդու ու սանսկրիտ լեզուներով: «Doordarshan»-ը («Դուրդարշան») Հնդկաստանում հեռարձակող խոշորագույն ընկերություններից է:
«Doordarshan news»-ի գլխավոր տնօրեն Ս. Մ. Խանն ասում է, որ իրենք նաեւ համագործակցում են այլ երկրների, այդ թվում եւ Հայաստանի, հեռուստաընկերությունների հետ: Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ «Doordarshan news»-ի միջեւ նույնպես կա համագործակցության պայմանագիր, որը կնքվել է անցյալ տարի:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ