«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


«ՆՈՒՅՆ ԲԱՂՆԻՔԸ, ՆՈՒՅՆ ՋՈՒՐԸ»

Հարեւան երկրի համար նշանակություն չունի` տարին վիշապի՞ է, թե՞ «սեւ ոչխարի»: Այնտեղ ամեն ինչ եւ բոլորին չափում են «հակաթուրքականության» չափով: Կամ` «թրքամետության»: Այս առումով Բաքվի թիվ մեկ «թշնամին» այսօր Ֆրանսիայի նախագահն է: Իհարկե` Անկարայի մատուցմամբ:

Լուրջ մարդիկ, ինչ խոսք, դրան կարեւորություն չեն տալիս: Քանի որ իրենք` ադրբեջանական իստիբլիշմենտն ու մեդիան խնդիրը դիտարկում են զավեշտին սահմանակցող հարթությունում:

Տարեվերջին, օրինակ, Ադրբեջանի խորհրդարանը մի «պատմական դիմում» հղեց Ֆրանսիայի օրենսդիրներին` հորդորելով «միակողմանի չգնահատել պատմությունը», այլ «նկատի ունենալ մեր օրերում կատարված ոճրագործությունները»: Նկատի էր առնված «Խոջալուի ցեղասպանությունը, որը կատարվել է մեր աչքի առաջ»:

Որ այստեղ տրամաբանությունը նույնիսկ չի «գիշերել», Ադրբեջանում հասկացան միայն Ամանորի տոնակատարություններից հետո: Ըստ երեւույթին, քաղաքական շրջանակները բավական հախուռն էին նշել վիշապի տարվա ոտնագալիքը: Եվ միայն «զարթխումից» հետո հիշեցին, որ, ախր, Ֆրանսիան ինչպե՞ս կարող է «ճանաչել մի «ցեղասպանություն», եթե այն մինչ այսօր Ադրբեջանում «օերնքով ընդունված չէ»»:

Հասկացան եւ հանձնարարեցին, որ «անկախ» պատգամավոր Իգբալ Աղազադեն հարցը բարձրացնի: Նա էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաքեց եւ հայտարարեց... Ինչ եք կարծում` ի՞նչ. «Եթե Ֆրանսիան քրեականացնի Հայոց ցեղասպանության մերժումը, ապա Ադրբեջանի Միլլի մեջլիսը կընդունի օրենք եւ Խոջալուի դեպքերը կճանաչի որպես ցեղասպանություն եւ նրան կհիշեցնի Ալժիրը»,- ասաց Աղազադեն:

Թե ի՞նչ կապ ունի Ֆրանսիան Խոջալուի դեպքերի, դրանք էլ` Ալժիրի հետ, այս հարցին Աղազադեն չանդրադարձավ: Երեւի «սթափության չափաբաժինը», որ ներարկել էին Իլհամ Ալիեւի աշխատակազմից, բավական չէր, որպեսզի «անկախ» պատգամավորը հոդաբաշխ լեզվով իր երկրի հանրությանը բացատրի մի պարզ բան. ինչո՞ւ դեպքերից 20 տարի անց, այն էլ` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկումների համատեքստում են Ադրբեջանի իշխանությունները որոշում անդրադառնալ Խոջալուի «ցեղասպանությանը»:

Բացատրություն չհնչեց: Փոխարենն ազերպրոպը մեդիատարածք արձակեց հերթական «թռչնակը» եւ «գուժեց», որ այս տարվա ամռանը Ղուբայում «կավարտվի ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի կառուցումը»: Տարեվերջին Իլհամ Ալիեւն այցելել էր այդ տարածաշրջան: Եվ, հավանաբար, ինքն էլ առաջին քարն էր դրել «ցեղասպանության զոհերի հուշարձանի» հիմքում:

Եվ դարձյալ արտառոց է, թե ինչո՞ւ նման «հուշարձան» կանգնեցվում է այդքան ուշացումով: Չէ՞ որ դեռեւս 1998 թ. մարտի 30-ին է «համազգային առաջնորդը» հրամանագիր ստորագրել եւ «սահմանել ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Եվ ինչո՞ւ «ցեղասպանության զոհերի հուշարձանը» կանգնեցվում է ոչ թե Բաքվում, այլ` Ղուբայում:

Սրա պատասխանն իրենք` ադրբեջանցիներն են տալիս: Պարզվում է` Բաքու այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է հարգել «շեհիդների հիշատակը»: Դե, եթե չկա երաշխիք, որ հետագայում Ադրբեջան այցելող պետական գործիչները ծաղկեպսակ չեն դնելու «ցեղասպանության զոհերի հուշարձանին», ի՞նչ կարիք կա նման կառույց բարձրացնել Բաքվի կենտրոնում: Ավելի լավ է դա անել աչքից հեռու մի տեղ, ինչպիսին Ղուբան է:

Ստացվում է, որ իրենք էլ գիտեն սեփական հիմարության «արժեքը»: Բայց, այդուհանդերձ, շարունակում են հիմարություններ անել: Երեւի հույս ունեն, որ մեկը կգտնվի, կհավատա:

Այս աշխարհում, մինչդեռ, իրական ցավի հանդեպ անգամ միշտ չէ, որ օտարներն ընկալունակ են գտնվում: Ուր մնաց, թե խեղկատակությունների հավատան: Բայց Ադրբեջանում, ըստ երեւույթին, որոշել են մինչեւ վերջ «խելռվել»: Եվ շարունակում են մնալ «նույն բաղնիքի նույն ջրի» հույսին, ինչպես իրենց առածն է ասում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4