«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԴԻՈԴԱՇՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին անցկացրել է ռադիոընկերությունների եթերի դիտարկում, որի նպատակը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքների պահանջների, ինչպես նաեւ Արցախում գործող ռադիոընկերություններին տրամադրված հեռարձակման լիցենզիաների պայմանների կատարումը ստուգելն էր:

Արցախում այսօր գործում է 7 եթերային ու մեկ լարային ռադիոընկերություն, որոնց մի մասն իրականացնում է այլ ՌԸ-երի հաղորդումների ամբողջական վերահեռարձակում, իսկ «Ջազ FM» եւ «Դիջիթալ Սմայլ» ռադիոընկերությունները տեխնիկական պատճառներով հաղորդումներ դեռ չեն հեռարձակում:

Ըստ կատարված դիտարկումների` ռադիոընկերությունների կողմից եթերային հեռարձակման լիցենզիաների պայմանները խախտվել են: Չեն պահպանվել, մասնավորապես, հայրենական արտադրության եւ տեղեկատվական հաղորդումների, հեռարձակված գովազդների ծավալները:

Հաշվի առնելով, որ դիտարկումն առաջին անգամ է անցկացվում, հանձնաժողովը բավարարվել է հիշյալ ռադիոընկերություններին նախազգուշացնելով: Լիցենզիայի պայմանների խախտումները վերացնելու համար որոշակի ժամանակ է տրվել: Պահանջները չկատարելու դեպքում ՀԾՏՄԿՊՀ-ն կարող է կիրառել վարչական տույժեր` նվազագույն աշխատավարձի հարյուրից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Հանձնաժողովը միաժամանակ կարող է կասեցնել ընկերության գործունեությունը` մինչեւ խախտումների վերացումը:

Արցախում միակ ռադիոընկերությունը, որը գերազանցել է գովազդային հեռարձակումների ծավալը, «Փեյս» ՍՊԸ-ն է: Այս ընկերությունը զբաղվում է նաեւ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակմամբ եւ պարբերաբար գովազդներ է հրամցնում այդ ալիքներով: Բնականաբար, «Փեյս» ռադիոկայանի գովազդների մեծ մասը հեռուստագովազդների կրկնությունն է: Մյուս տեղական ռադիոները փաստացի գովազդներ չունեն: «Միքս FM»-ն, օրինակ, հեռարձակվում է բացառապես հիմնադիր ընկերության` «Միքս մեդիա» ՍՊԸ-ի այլ գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին: Այն արցախյան արտադրության միակ ռադիոն է, որն օնլայն կերպով հեռարձակվում է եվրոպական ռադիոքարտեզում (Radiomap.eu) եւ համացանցում ունի զգալի թվով ունկնդիրներ: Վերջերս նույնիսկ ադրբեջանցի ռադիոլսողները տեղական ինտերնետային ֆորումներում քննարկման առարկա էին դարձրել «Միքս FM»-ի թողարկումները` զարմանք հայտնելով, որ այդքան բարձրորակ հեռարձակումն իրականացվում է առանց գովազդների: Նրանք թունոտ կատակով տեսակետ են հայտնել, թե «երեւի Ղարաբաղում գովազդելու բան չկա»:

ԼՂՀ-ում գովազդելու շատ բան կա, պարզապես չկա գովազդային շուկան: Առհասարակ, ռադիոն որպես տեղեկատվության միջոց` Արցախում նախկին համբավը չունի: Հանրային անվանյալ ռադիոն հեռարձակվում է ՀՀ հանրայինի հաճախականությամբ` օրական չորս ժամ տեւողությամբ (Արցախի հանրայինն իր սեփական հաճախականությունը չունի): Պատահական չէ, որ երբ ժուռնալիստների միությունը հարցախույզ էր անցկացրել Ստեփանակերտ քաղաքում, պարզվել էր, որ 250 հարցվողներից ընդամենը 4 հոգի է հանրային ռադիո լսում:

ՀԾՏՄԿՊՀ-ի սահմանած ժամկետն ավարտվելուց հետո էլ անգամ նախազգուշացված ռադիոընկերությունները դարձյալ չեն կարողանա ապահովել տեղեկատվական բնույթի հաղորդումներ, քանզի շոշափելի ֆինանսական ներդրումներ են պետք: Իսկ ռադիոգովազդներով հնարավոր չէ ակնկալվող ֆինանսական միջոցները ստանալ գովազդային շուկայի բացակայության պատճառով: Բացի դրանից, ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, եւ արցախյան ռադիոընկերությունները զրկված են միջազգային դրամաշնորհների մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: Այս ամենի հետեւանքը կարող է լինել այն, որ լիցենզիայի պահանջներն անկատար մնալու պատճառաբանությամբ, ոչ հեռու ապագայում, մասնավոր ռադիոընկերությունները, ժամանակավոր թե անժամկետ, կարող են փակվել: Անկախ այն բանից, որ ժամանցային-երաժշտական հաղորդումներն, ըստ սոցհարցումների, նորմալ լսարան ունեն:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ամեն հարցում է խստապահանջ: Այս տարվա գարնանն, օրինակ, մերժել է հեռուստահաճախականության հայտ ներկայացրած երկու ընկերությունների: Ինչո՞ւ... Հարցը հանգեցնում է տեղեկատվական դաշտի ցավոտ խնդրին, բայց դա արդեն այլ թեմա է, որին թերեւս արժե առանձին անդրադառնալ:

Այսուհանդերձ, բնավ չէր խանգարի, եթե հայաստանյան գործարար աշխարհը փորձեր ակտիվորեն օգտվել արցախյան ռադիոգովազդային շուկայից...

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4