«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՆ ԱՆՑՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի տեղեկացմամբ` իշխող կուսակցությունը լրջորեն նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին: Այժմ կուսակցությունում ՀՀԿ ցուցակի քննարկումներ են ընթանում: Սահակյանը չի բացառում, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ կլինեն փոփոխություններ, ցուցակում կլինեն հին եւ նոր դեմքեր: Սահակյանի ներկայացմամբ` ՀՀԿ-ն հակված է առանձին մասնակցելու ընտրություններին, սակայն չի բացառվում նաեւ «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական ցուցակով հանդես գալու տարբերակը: Պատգամավորի համոզմամբ` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը նպատակահարմար չէ ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական առումով: «Իրավական առումով 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը պահանջելու է սահմանադրական փոփոխություններ, ինչի ժամանակը չունենք: Քաղաքական հարթությունում եւս այս գաղափարի կողմնակիցների փաստարկներն անհիմն են եւ ոչ ծանրակշիռ: Եթե նրանք պատճառաբանում են, որ այս կերպ խորհրդարան չեն անցնի մարդիկ, որոնց ոչ իրենց ընտրատարածքներում են ճանաչում, ոչ էլ Ազգային ժողովի աշխատանքներին են մասնակցում, ապա սխալվում են: Այս մարդիկ կարող են ընդգրկվել համամասնական ցուցակներում եւ դարձյալ հայտնվել խորհրդարանում»: Ներկայացնելով Ռուսաստանի օրինակըՙ Սահակյանը շեշտում է, որ այս տարի Դումայի ընտրություններն անցան 100 տոկոս համամասնական ընտրակարգով, սակայն համարվեցին ամենից ոչ ժողովորդավարականը: «Այնպես որ լավ ընտրությունների անցկացման երաշխիքը ընտրահամակարգն է, եւ ես կարծում եմ, որ մենք այս տարի կկարողանանք անցկացնել արդար եւ առավել ժողովրդավար ընտրություններ»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4