«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ԵՎՐՈՊԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ

Ամանորի նախօրեին այցելեցի Արաբկիրում բնակվող ընկերոջս: Տարբեր թեմաներով զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ օրվա գներին: Նա ոգեւորված էր, որ իրենց մոտակա սուպերմարկետում նարինջը վաճառվում է մատչելի գնովՙ 590 դրամով, եւ խորհուրդ տվեց այցելել ու գնել: Երբ ասացի որ բնակությանս վայր Զեյթունում 540 դրամով է վաճառվում, «Չլսված տոնական գին» գովազդով, ոգեւորությունը տեղի տվեց:

Զրույցի ընթացքում նշեցի եվրոպական սուպերմարկետներում այս ապրանքի հանդիպող գնի մասին, որը ընթերցողներին հարկ եմ համարում ներկայացնել նկարի տեսքով: 2 կգ ընտիր նարնջի դիմաց Ավստրիայի սուպերմարկետում պահանջվում է վճարել 74 եվրոցենտ, ՀՀ արժույթովՙ հազիվ 370 դրամ, 1 կգ-ի համարՙ 185 դրամ: «Չլսված» բառի տեղում օգտագործենք «տեսնված» բառը, քանզի դրա մշտական մասնակիցներն են թե՛ Եվրոպայում ապաստանած մեր 100-հազարավոր հայրենակիցները, թե՛ տարբեր երկրներ այցելող հայաստանցիները: Եվ հարցը` թե ինչպես է եվրոպացի առեւտրականներին հաջողվում նման գների պայմաններում ե՛ւ շահույթ ստանալ, ե՛ւ զգալի հարկեր վճարել, ե՛ւ աշխատողներին 7-10 եվրո ժամավարձ տալ, հնչում է ինքնաբերաբար: Վստահ եմ որ մեր հանրության այն 40 տոկոսը, ովքեր պաշտոնական տվյալներով աղքատ խավ են համարվում, գրեթե չօգտվեցին չլսված գին որակվող այս պտղից: Եթե նույն ապրանքի գինը այն մեր պես ներմուծող Եվրոպայում տոնական օրերին զեղչվել ու 1 կգ-ը 185 դրամով է առաջարկվում, ինչո՞ւ է մեզանում 3 անգամ բարձր գնով իրացվում: ՀՀ քաղաքացին այս հարցն ուղղում է իրավասու կառույցներին, ովքեր պարտավոր են սպառիչ պատասխան տալ հանրությանը, քանզի աշխատավարձ ստանում են հարկատուների վճարումներից:

Անշուշտ կգտնվեն այնպիսիք, ովքեր նվազագույնը տարօրինակ կհամարեն հարցի արծարծումը, գտնելով, որ մեզանում տոնական գին սահմանողները գոնե ջերմ խոսքերի են արժանի: Այլապես երբ ռադիոկայաններից մեկով հնչում էր նախատոնական գներից մարդկանց վրդովմունքը, Հ1-ի մեկնաբանը թեմա չէր դարձնի ամուսնալուծված Քիմ Քարդաշյանին Երեւանի ծայրամասային թաղամասերից մեկը հարս բերելը եւ այդ կերպ զբոսաշրջությունը խթանելը: Հայաստանյան չափանիշներով բավարար վարձատրվող մասնագետները պարզ է, որ չտեսնելու են տալու ՀՀ առեւտրային ցանցի գները, որոնք բարձրանալու տեղ գրեթե այլեւս չունեն: Ավստրիայում մեր գներով վաճառվող խոզի մսի գինը նախատոնական օրերին զեղչվել է 50 տոկոսով, 1 կգ-ի դիմաց կազմելով 1500 դրամ: Ահա սա կարելի է տոնական գին որակել, որը լիարժեք կարող ենք ասել նաեւ ամանորյա սեղանները զարդարող անանասի ու բանանի մասին: Առաջինն առաջարկվում է 79, երկրորդը 49 եվրոցենտով, ՀՀ արժույթովՙ համապատասխանաբար 400 եւ 250 դրամ, երբ Երեւանի սուպերմարկետներում դրանց գները 4500 եւ 1000 դրամ են:

Այսուհանդերձ այս Ամանորի ռեկորդակիրը «Նազրվան» տեսակի վարունգն էր, որի 1 կգ-ի դիմաց պահանջվում էր վճարել 15000-17000 դրամ. «Հապա էդ խիարին տես, է», նկատեց գնորդներից մեկը: Այս բանջարեղենի հետ փորձեց մրցակցել տանտիրուհիների նախընտրելի մաղադանոսը. 100-գրամանոց կապը գնահատվում էր 700 դրամ: Ահա այսպիսի բաներ մեր աղքատ երկրում:

Մենք այս ի՞նչ պայմաններում ենք ապրում, պարոնայք մեր կենցաղը տնօրինող պաշտոնյաներ: Հարցը պատասխանի է կարոտ ամենաբարձր մակարդակով, տնտեսագիտական ու տնտեսվարական հիմնավորումներով, քանզի Եվրոպայում պարբերաբար զեղչված գներով առեւտուր կազմակերպողները պարբերաբար էլ հարստանում են, մեզանում բարձր գներով վաճառքը հանրային աղքատություն է բերում:

50 տոկոս զեղչ պարունակող նկարները վերցվել են ավստրիական «Պեննի» սուպերմարկետների ցանցի տարածած գովազդային թերթիկներից:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4