«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է, ԲԱՅՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Հայաստանում արտահանման ծավալները դեռեւս զգալիորեն զիջում են ներմուծման ծավալներին: Թեեւ անցյալ տարի արտահանմանն ուղղվածություն ունեցող արդյունաբերական զարգացման պետական աջակցության ծրագիր է մշակվել, բայց դա առաջիկա տարիների ծրագիր է, իսկ գոնե այս պահին ներմուծման ծավալները գերազանցում են արտահանման ծավալներին: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության, 2011-ի հունվար-նոյեմբերին արտաքին առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 4 մլրդ 957 մլն դոլար, որից արտահանումը կազմել է 1 մլրդ 206 մլն դոլար, ներմուծումըՙ 3 մլրդ 751 մլն դոլար: Բացասական հաշվեկշիռը կազմել է 2 մլրդ 544 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2010-ի հունվար-նոյեմբերին արտահանումը կազմել էր 896 մլն դոլար, ներմուծումըՙ 3 մլրդ 370 մլն դոլար, բացասական հաշվեկշիռը կազմել է 2 մլրդ 474 մլն դոլար:

Վերոնշյալից երեւում է, որ 2011-ին արտահանման ծավալներն ավելացել են ավելի առաջանցիկ տեմպովՙ 31,1 տոկոսով, մինչդեռ ներմուծումըՙ 12,3 տոկոսով: Այդուհանդերձ, գումարային առումով ներմուծումն ավելի մեծ աճ է ունեցել, ինչի հետեւանքով էլ բացասական հաշվեկշիռը 2011-ին խորացել է: Հետաքրքրական է, թե ինչպիսի՞ն է արտահանման-ներմուծման կառուցվածքը, ո՞ր ապրանքախմբերն են կարեւոր դեր խաղում այստեղ եւ ո՞ր ապրանքախմբերում է գրանցվել արտահանման կամ ներմուծման էական փոփոխություն:

Ներմուծման մեջ առավել մեծ մասնաբաժին ունեն հանքահումքային արտադրանքըՙ 728 մլն դոլար, եւ մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ ապրանքախումբըՙ 517 մլն դոլար: Այս երկու ապրանքախմբերը միասին կազմում են ներմուծման ընդհանուր ծավալների մոտ մեկ երրորդը: Առաջինի մեջ մտնում են հիմնականում վառելիքաէներգետիկ ռեսուրսներըՙ գազ, բենզին, դիզվառելիք եւ այլն: Այստեղ ներմուծման ծավալներն այս տարվա 11 ամիսներին ավելացել են գրեթե մեկ քառորդով կամ մոտ 120 մլն դոլարով: Մինչդեռ մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների ներմուծումը նվազել է մոտ 10 տոկոսով կամ 56 մլն դոլարով:

Ներմուծման մեջ հաջորդ խոշոր ապրանքախմբերը տրանսպորտի միջոցներն ենՙ 343 մլն դոլար, պատրաստի սննդի արտադրանքըՙ 309 մլն դոլար եւ ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերըՙ 303 մլն դոլար: Առաջին երկուսի ներմուծման ծավալներն այս տարի աճել են, իսկ երրորդինըՙ նվազել: Եթե տրանսպորտի միջոցների առումով ներմուծմանն այլընտրանք գրեթե չունենք, իսկ ներմուծվող ոչ թանկարժեք մետաղների մի մասը մշակվում եւ արտահանվում է, ապա պատրաստի սննդի նման ահռելի ներմուծման ծավալները բնական չի կարելի համարել: Իհարկե, կան ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում կամ չեն կարող արտադրվել, բայց տեղական արտադրողները գոնե ներքին շուկայում ներմուծմանը փոխարինելու հարցում լուրջ խնդիր ունեն:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ առաջվա պես շարունակում են ամենախոշոր ծավալներն ունենալ հանքահումքային արտադրանքըՙ 361 մլն դոլար, ոչ թանկարաժեք մետաղներն ու դրանից պարտաստված իրերըՙ 339 մլն դոլար, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրերըՙ 179 մլն ոլար եւ պարտաստի սննդի արտադրանքըՙ 162 մլն դոլար: Սրանք կազմում են Հայաստանից արտահանման մոտ 90 տոկոսը կամ մոտ 1 մլրդ 40 մլն դոլարՙ 1 մլրդ 206 մլն դոլարից: 2011-ի 11 ամիսներին բոլոր այս 4 ապրանքախմբերի արտահնման ծավալներն աճել են: Սակայն արտահանման կառուցվածքը դեռեւս որակապես չի փոխվել, քանի որ հանքահումքային արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղները վերջնական արտադրանք չեն, թանկարժեք քարերի եւ մետաղների արտահանումը մասամբ է տեղական արտադրողների սեփական արտադրանքը հանդիսանում, միայն պատրաստի սննդի արտահանման ավելացումը որակյալ կարելի է համարել:

Շարունակում են փոքր մնալ տրանսպորտի միջոցների եւ սարքերի ու ապարատների արտահանման ծավալները, թեեւ անցյալ տարի այս ապրանքախմբերում կտրուկ աճ է արձանագրվելՙ առաջինում մոտ 6 անգամ, երկրորդումՙ 2 անգամ: Միեւնույն ժամանակ, այնքան էլ պարզ չէ, թե ինչ տրանսպորտի միջոցներ ենք մենք արտահանել 6 անգամ ավելի շատ:

Դժբախտաբար, չնայած անցյալ տարի արձանագրած աճին, դեռեւս փոքր են նաեւ քիմիական արդյունաբերության եւ դրա հետ կապված ճյուղերի արտադրանքի, տարբեր արդյունաբերական ապրանքների, թեթեւ արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալները, իսկ կաուչուկե եւ ռետինե իրերի արտահանումն անցյալ տարի նվազել է գրեթե 45 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է «Նաիրիտի» չաշխատելով:

Մնում է միայն հուսալ, որ 2012-ի արդյունքներն ամփոփելիս, բացի գումարային եւ տոկոսային աճից, կարձանագրենք նաեւ արտահանման կառուցվածքի որակական փոփոխությունների առաջին նշանները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4