«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ՁԱՅՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՆԱԵՎ

Միջազգային որեւէ մրցույթին Հայաստանի մասնակցության նշանակությունն ամեն առումով շահեկան է, հաջողության պարագայումՙ հասկանալի: Պատահում է, որ անհատական նախաձեռնությունները երբեմն ավելի արդյունավետ են լինում, որովհետեւ առկա են պատասխանատվության եւ նվիրումի նպաստավոր գործոնները: Այսպիսի փորձ անում է իրավաբան Դավիթ Իոնդեմըՙ հանրությանը ներկայացնելու ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունին:

1988-89-ին Բաքվի հակահայկական շարժումների, ապա եւ դրանց հաջորդած հայկական ջարդերի հետեւանք է Լուսիա Մունի ընտանիքի արտագաղթը երկրի սահմաններից: 1992-ին Մ. Նահանգներում բնակություն հաստատած Լուսիան ընտրում է հոգեբանի մասնագիտություն, երաժշտական բնածին ունակությունները նրան պահում են նաեւ ստեղծագործական-բեմական կյանքի շրջանակներում: Նրա վերջին երգերից «Դեր էլ Զորը»ՙ գրված 1915-ի Հայոց ցեղասպանության 95-ամյակի առիթով, երգչուհու վերաբերմունքն է միլիոնավոր անմեղ հայ նահատակների հիշատակին:

Երգի տեսահոլովակը Դավիթ Իոնդեմը երգչուհու խնդրանքով փորձեց ներկայացնել հայաստանյան հանրությանըՙ այն ուղարկելով հայկական բոլոր ռադիոհեռուստաընկերություններին (նաեւՙ Արցախի), Հայաստանի պետական մարմիններին: Ավելի ուշՙ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որպես երգչուհու պրոդյուսեր, Դավիթ Իոնդեմը սեփական նախաձեռնությամբ եղավ եվրոպական մի շարք երկրներումՙ Չեխիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետՙ տարածելու անձնական միջոցներով թողարկած Լ. Մունի «Դեր էլ Զոր» երգի DVD-ն, կից նախագահ Սերժ Սարգսյանի Դեր Զորում 2010-ին ունեցած ելույթի տեսագրությունը, ինչպես նաեւ եվրոպահայ համայնքին տեղեկացնելու «Եվրոտեսիլ-2012»-ին երգչուհու մասնակցության մտադրության մասին:

Դավիթ Իոնդեմի տպավորությամբ տեղի համայնքներում նկատելի ուշադրություն կա երգի միջազգային այս մրցույթի նկատմամբ: Հատկապես ուշագրավ են եղել հանդիպումները հոլանդահայ համայնքի հետ, տեղի հայերը բավական նշանակություն եւ կարեւորություն են տալիս Բաքվում կայանալիք «Եվրոտեսիլին» մեր մասնակցությանը: Տարածաշրջանում լինելով մշակույթ կրող, ստեղծող եւ զարգացող ժողովուրդ, նրանք անհրաժեշտ են գտնում հայ երգչի ներկայությունը, եւ կարծում են, որ չպետք է հետեւել Ադրբեջանիՙ Երեւանում անցած դեկտեմբերին մանկական «Եվրոտեսիլին» չմասնակցելու օրինակին: Գտնելով, որ դա երկու հարեւան երկրների հարաբերությունները մեղմելու այլընտրանքային եւս մեկ ճանապարհ է:

Հոլանդահայ ուսանողների «Գլաձոր» կազմակերպության 5-ամյակի միջոցառումներին Դավիթ Իոնդեմը առիթ է ունեցել ծանոթանալու Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիրոսյանի, «Կոմիտաս» հայկական միության հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանի եւ համայնքի այլ ներկայացուցիչների, երիտասարդների հետ, որոնց աջակցությամբ քարոզչական աշխատանքներ է տարել:

Ցեղասպանություն ապրած ժողովրդի ցավն արտահայտող Լուսիա Մունի «Դեր էլ Զոր» երգը շատ ավելի ազդեցիկ եւ հուզական տպավորություն է թողել սփյուռքահայության վրաՙ շատերին վերապրումների առիթ տալով: Երգի DVD-ն տարածվել է տեղի շաբաթօրյա հայկական դպրոցներում: Գերմանիայում ակտիվ վերաբերմունք եւ արձագանք եղել է նաեւ գերմանացիների կողմից: Ամստերդամի եւ Մադրիդի հայ համայնքները բարեգործական համերգների հրավերով պատրաստվում են հանդիպումներ ունենալ երգչուհու հետ: Նրա հետ ակտիվ կապեր է ստեղծել հունահայ համայնքը:

Դավիթ Իոնդեմի նախաձեռնությանը եւ հանդիպումներին արձագանքել է տեղի տպագիր եւ էլեկտրոնային մամուլը, Պրահայի «Օրեր» հանդեսի առաջիկա համարներից մեկում լույս կտեսնի երգչուհու պրոդյուսերի հետ «Օրերի» խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցը: Իսպանական Միսլատա քաղաքում հրատարակվող «Արարատ» ամսագիրը նույնպես անդրադարձել է «Եվրոտեսիլ-2012»-ին Լուսիա Մունի մասնակցության պատրաստակամությանը:

«Օգնություն Հայաստանի երեխաներին «Dear Angel» նիդեռլանդական կազմակերպության մամուլի բաժնում կարդում ենք. «Փաստաբան-պրոդյուսեր Դավիթ Իոնդեմի նախաձեռնությունըՙ երգչուհու մասնակցությանը Բաքվի «Եվրոտեսիլին» լայն աջակցություն է ստանում հոլանդահայերի շրջանում: Ինչո՞ւ: Սա շատ խորհրդանշական երեւույթ է: Լուսիա Մունն այն անհատականությունն է, ով բարոյական իրավունք ունի հայկական դրոշը ծածանել Բաքվում»:

Տոներից առաջ մեր զրույցի ընթարքում իր հանդիպումների տպավորությամբ Դավիթ Իոնդեմը ներկայացնում է տեղի հայերի որոշ դժգոհություններ այս առիթով: «Նրանք որոշակի հիասթափություն են ապրում: Այո, պարտավորեցնող է, ասում էին նրանցից շատերը, մեր դրոշի համար ձայն են տալիս: Սակայն ճիշտ չէ նրանցից միայն ձայն պահանջելը, սփյուռքահայության անտեսվածությունը երգի եւ մասնակցի ընտրությանը իսկապես վիրավորական է: Հարկավոր է նրանց եւս ներգրավել ընտրություններին. այդ մասնակցությունն ապահովել հեռուստատեսության միջոցով: Հանրային հեռուստաընկերությունը կարող է կազմակերպել ներքին մրցույթի արբանյակային հեռարձակում եվրոպական երկրների եւ մասնակից այլ պետությունների տարածքում: SMS հաղորդագրություններով Սփյուռքի եւ Հայաստանի հեռուստադիտողների քվեարկությամբ կարող է ընտրվել հաղթող երգը: Առաջարկում եմՙ SMS հաղորդագրություններից ստացված գումարը ներդնել ի լրումն «Եվրոտեսիլի» մասնակցության անհրաժեշտ ծախսերին, եւ պատշաճորեն կազմակերպել Հայաստանի մասնակցությունը:

Ընտրված երգը պետք է նախ եւ առաջ համապատասխանի հենց այն մշակույթի չափանիշներին, այն հանրության ճաշակին, ովքեր քվեարկել են դրա օգտին: Իսկ մեր հայրենակիցները, ովքեր բնակվում են արտերկրում, կամա թե ակամա դառնում են տեղի մշակույթի կրողը եւ նրանց քվեարկության շնորհիվ կարելի է մոտավորապես պատկերացնել, թե տվյալ երգը ինչ արձագանք կունենա, եւ որ երկիրը ինչքան ձայն կտա: Դրանով յուրատեսակ փորձաքննություն կանցկացնենք. թե որ տարածքում երգը ինչ ռեյտինգ կունենա, եւ ըստ այդմՙ այն պահանջվող չափանիշներին մոտեցնել:

Այս տարվա մրցույթը ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Հայաստանը պետք է օգտագործի բոլոր ռեսուրսները, առավելագույն լրջութամբ պատրաստվիՙ թե՛ երգի, թե՛ թեկնածուի ընտրության, մանավանդ Ադրբեջանից անվտանգություն պահանջելու հարցերում: Չնայած նախադեպը կաՙ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը անցած տարի, Բաքվում, երբ մեր պատվիրակությունը քարկոծվեց այնտեղ: Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական կապեր թեեւ չկան, անվտանգության հարցը իրականացնել, սակայն, կարելի է միջնորդ պետության կամ «Եվրոտեսիլի» պատասխանատու մարմինների միջոցով», ասում է Դավիթ Իոնդեմը:

Մինչ այդ Հայաստանը (ի դեմս Հանրային հեռուստաընկերության) դեռ պետք է իր մասնակցությունն այս մրցույթին հաստատի կամՙ ոչ: Ծնունդով Բաքվից ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունը, անկախ հանգամանքներից, պատրաստակամ է մասնակցելու «Եվրոտեսիլ-2012»-ինՙ սիրո եւ խաղաղության մասին հեղինակային իր երգով:

«Մեր հանրության մի մասնիկի խնդրանքը Հանրային հեռուստաընկերությանն առ այն, որ նրան, ով անցել է Բաքվի կոտորածները. հնարավորություն ստանա հայկական հաղթանակած ոգին ներկա պահել այս քաղաքում: Բազմաթիվ լրագրողներ, ովքեր լուսաբանելու են Բաքվի միջոցառումը, անպայման շեշտելու են, որ Մունը հենց այս հասարակության զոհն է: Աշխարհի մամուլը շատ լավ ներկայացնում է երգի փառատոնը, անպայման շեշտվելու է, որ հայ երգչուհի Լուսիա Մունը փախել է հենց Բաքվի ջարդերից: Շատ լավ կլինի, որ Հանրային «Հ1»-ը հաշվի առնի այս հանգամանքը», գրում է Dear Angel-ի մամուլի բաժինը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկար 1. Դավիթ Իոնդեմը Սմբատ Մարտիրոսյանի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4