Հայկական բանակը 20 տարեկան է
Հայկական բանակի 20-ամյակին նվիրված «Ես եմ» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ օրերս «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ներկայացնում է բանակի այսօրվա կյանքը, զինակոչիկ Տիգրանի ապրումները, հույզերն ու հայրենասիրությունը: Ֆիլմը պարզ է, այստեղ չկան ռեժիսորական բարդ հնարքներ, գունային եւ համակարգչային էֆեկտներ, սակայն «Ես եմ»-ի առավելությունը հենց պարզության մեջ է: Զգացմունքայնությունը, անկեղծությունը, հուզիչ սցենարն ու հերոսների բարոյական նկարագիրը ստիպում են հուզվել, խորհել: Շատերի համար ֆիլմում ներկայացված բանակային կյանքը կարող է հեքիաթի տպավորություն թողնել: Գուցե այստեղ գույներն առավել լավատեսական են ու դրական, քան իրական կյանքում, սակայն հենց սա պետք է լինի այն չափանիշը, որով պետք է առաջնորդվեն սպաներն ու զինվորները: Զինվորը պետք է հասկանա, որ եկել է հայրենիքը պաշտպանելու, որ կան օրենքներ եւ այդ օրենքներից չպետք է շեղվել, սպան էլ գիտակցի, որ ինքը զինվորի ավագ ընկերն է, զինվորի հանդեպ լինի սրտացավ, հոգատար, ներողամիտ եւ միաժամանակ խիստ: «Բանակին վերաբերվիր որպես հարազատ օջախի, իսկ զինվորիդՙ հարազատ զավակի»: Սա է ֆիլմի գաղափարը:
Ֆիլմի գլխավոր հերոսը Տիգրանն է: Ֆիլմը կառուցված է նրա շուրջը, ինչպես է նա զորակոչիկից դառնում վաշտի լավագույն զինվորներից մեկը, լավագույն հրաձիգը: Ֆիլմի հերոսները մեր իրականությունից, մեր հասարակությունից ծնված երիտասարդներ են, նրանք սիրում են, երազում, ուրախանում, տխրում ու հիասթափվում: Նրանք տարբեր են, ունեն տարբեր մտածելակերպ, սոցիալական տարբեր աստիճան, սակայն դա չի խանգարում, որ նրանք լինեն լավ մարդ ու օրինակելի զինվոր:
Հենց նրանց ու հատկապես Տիգրանի կերպարի կարիքն այսօր շատ ունենք, նրա մարդկային տեսակի եւ հայրենասիրության պակասն այսօր զգացվում է: Բանակում Տիգրանը հասկանում է ամենակարեւորը` սահմանից այս կողմ նա թշնամիներ չունի: Դա կարեւորագույնն է բոլոր այն դասերից, որ նա ստանում է բանակում: Հենց այնտեղ` սահմանում նա գտնում է իր Արեւին, որ լուսավորում է իր կյանքը, ու հանուն սիրո Տիգրանը հրաժարվում է Կանադայից, 10.000 դոլար աշխատավարձով աշխատանքից եւ Skype-ով ծանոթացած հարուստ հարսնացու Սյուզիից: Ավելին, Տիգրանը հասկանում է, որ հայրենասիրությունը միայն բանակում երկու տարի ծառայելը չէ: Հայրենասիրությունը ոչ միայն զենքով սահմանամերձ գյուղը պաշտպանելն է, այլեւ այնտեղ նոր կյանք ստեղծելը: Ծառայությունից հետո Տիգրանն ու Արեւիկը որոշում են ապրել գրեթե կիսադատարկ գյուղում, գյուղ, որը սահմանակից է թշամուն, ու որը պետք է ոչ միայն պաշտպանել զենքով, այլեւ լցնել կյանքով, մանկան խինդ ու ծիծաղով:
Ֆիլմում, թեկուզ մի դրվագ, սակայն ներկայացվում է նաեւ բանակում ծառայող զինվորի մոր կերպարը: «Ի՞նչ կապ ունիՙ իմ Ռոմա՞ նը կխմի, թե՞ ուրիշ Ռոմաններ», ասում է գործարանում աշխատող մայրն ու բանակ ուղարկվող հյութի տարայում շաքարավազի չափաբաժինը ավելացնում:
Ֆիլմի ամենալուսավոր կերպարը Սոս Սարգսյանի մարմնավորած Հովսեփ պապիկն է: Նրա երեք որդիները հեռացել են երկրից, թեպետ պատկառելի տարիքինՙ ապրում է մենակ, կերակրում հավերին, ուրախանում ամեն հասած նուռով, թզով, նոր բացվող վարդով ու մայր մտնող արեւով: Որդիները երբեմն նրան գումար են ուղարկում, սակայն նա այդ գումարի կարիքը բնավ չունի: Նրա միակ երազանքն է, որ իրենից հետո իր տան ծուխը չմարի, որ իր տան դուռն էլ չկողպվի, որ սահմանի եզերքին գտնվող իր գյուղում խաղան իր թոռնիկներն ու գյուղում կյանքը չավարտվի: Հովսեփ պապիկի երազանքը իրականացնում են Տիգրանն ու Արեւիկը, իսկ փոքրիկ Հովսեփիկը, ապագա զինվորը, հույսի այն շողն է, որ գյուղը կունենա իր պաշտպանին, քանի որ նա որդին է հաղթողի, զինվորը մայր հողի:
Սա ֆիլմ է այն մարդկանց մասին, ովքեր ապրում են հանուն ապագայի ու ովքեր չեն վախենում դժվարություններից...
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ