ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Տարեվերջն այն ժամանակաշրջանն է, երբ անհատները մի պահ խորհրդածելով անցած տասներկու ամիսների մասին, գնահատում են իրենց ձեռքբերումները եւ փորձում դասեր քաղել իրենց սխալներից: Դա նաեւ առիթ է կայացնելու որոշումներ, որոնք եթե նույնիսկ հազվադեպ են պահպանվում, այնուամենայնիվ, նոր հնարավորությունների հույս են ներշնչում առաջիկա տարվա համար:
Ինչ վերաբերում է խմբակցություններին կամ հավաքական միություններին, ապա այստեղ տարված աշխատանքների գնահատականները տրվում են տվյալ ոլորտում ընդգրկված մարդկանց խմբերի կողմից: Ուստի այստեղ անհատները պատասխանատվություն են զգում ոչ միայն իրար, այլեւ ամբողջ խմբի կամ միության հանդեպ:
Որպես հայերիՙ մեր կյանքը երկակի, մեկը մյուսի լրացնող փուլերից է բաղկացած: Մեկը մեր գոյության պահպանումն է Սփյուռքում, մյուսըՙ մեր պարտավորվածությունը Հայաստանի նկատմամբ: Բոլոր նրանք, ովքեր խուսափում են այդ պարտավորվածությունից կամ պարտականությունից Հայաստանի հանդեպ, անշուշտ, ավելի հանգիստ կյանք են վարում Սփյուռքում, սակայն կորցնում են իրենց ինքնության կարեւորագույն մասը: Իսկ նրանք, ովքեր հանձն են առնում դիմագրավել երկու մարտահրավերներին, անշուշտ, առավել պատասխանատու կյանքով են ապրում, որը, սակայն, վերջին հաշվով ավելի կարտարյալ է եւ բավականություն պատճառող:
Անցած 2011 տարին վերլուծելովՙ կարող ենք ասել, որ Սփյուռքն անղեկավար նավի էր նման իր անմիաբան առաջնորդներով եւ հատվածական հավատարմությամբ: Անցյալում, երբ համացանցը չէր տարածում անկաշկանդ տեղեկություն եւ հարցականի տակ չէր դնում իշխանության ամեն մի դրսեւորում, համայնքներն ավելի համախմբված էին, եւ ղեկավար-առաջնորդներն էլ իրենց ճիշտ տեղերում էին ու վայելում էին արժանի հարգանքը: Այդ ձեւով էր, որ համընդհանուր ջանքերով իրականություն էին դառնում գլխավոր ծրագրերը:
Այսօրվա իրականության մեջ ցինիզմը իշխում է ամենուրեք, մարդիկ դեմ են դուրս գալիս իշխանությանը, առանց, սակայն, կարողանալու տալ այն, ինչ իշխանությունն էր պարգեւում: Եվ դա բոլորիս պարտադրում է ապրել մի տեսակ անձեւ, անկերպարանք կյանքով:
Սփյուռքն իր գոյության իմաստն ու համախմբվածության աղբյուրը պայմանավորում է Հայաստանով: Սփյուռքը սնվում է Հայաստանով: Մեր առաջնահերթությունների մեջ որտեղ Հայաստանն է գրավում իր տեղը, այնտեղ էլ մեր համախմբվածության աստիճանն է սահմանվում:
Անցած 2011 տարվա ընթացքում Հայաստանը զանազանՙ քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր, ձեւերով ներկայացավ Սփյուռքում: Սակայն այդ ներկայությունը շատ հաճախ մնաց կարգախոսների սահմաններում եւ չանցավ դրանցից այն կողմ: Փոխադարձ հասկացողության պակասի հետեւանքով Սփյուռքն ընդհանուր առմամբ ամբողջովին չի հասկանում Հայաստանին, ոչ էլ Հայաստանըՙ Սփյուռքին: Սփյուռքի նախարարության ստեղծումը ողջունելի քայլ էր, եւ ժամանակի ընթացքում գուցե նրա գործունեությունը ավելի լայն տարածում գտնի մերՙ սփյուռքահայերիս կյանքում: Առայժմ նրա ներկայությունն ու գործունեությունը խորհրդային շրջանի հռետորական կարգախոսներից այն կողմ չեն անցնում:
Հայաստանի դեմ հառնող մարտահրավերներն ու խնդիրները կարծես պահանջում են ավելի մեծ ռեսուրսներ եւ ավելի հմուտ ունակություններ, քան հայրենիքի ղեկավարությունը կարող է տրամադրել: Ղարաբաղյան հակամարտության, տնտեսական առաջընթացի խնդիրներն ու բնակչության արտահոսքը ծանր բեռ են նույնիսկ ամենահնարամիտ ղեկավարների համար:
Մենք միշտ պնդում ենք, որ Սփյուռքը մեծ հնարավորություններ ունի օգնելու Հայաստանին, բայց այդ ճշմարտությունը գործնականում չի ապացուցվում: Այն սփյուռքահայերը, որոնք փորձում են Հայսատանում ներդրումներ կատարել, մեծապես հուսախաբ են լինում: Այդ պատճառով էլ Հայաստանի տնտեսության զարգացման բնագավառում մասնակցելու ամեն մի հրավեր դատարկ խոսակցություն է համարվում: Իսկ դա իր հերթին հետ է պահում ուրիշներին, որպեսզի օգնության ձեռք չմեկնեն: Օրենքները Հայաստանում կարծես ընդունվում են, որպեսզի խախտվեն: Իսկ իրավական համակարգը գործում է «ծանոթ-վաղեմի բարեկամ» սկզբունքի հիման վրա: Անցած եւ նախորդ տարիների մեդալների շնորհումները չեն կարող «բուժել» հիշատակված ախտանշանները: Դրանք պարզապես կարող են արժեզրկել այդ մեդալները:
Հայաստանը գտնվում է բացահայտ կեղծ բարեկամների շրջապատում: Տարածաշրջանային քաղաքականությունն այս իրադրությանը տալիս է մարտավարական նշանակություն, որը երկրի ղեկավարությունը փորձում է օգտագործել:
Ներքին ճակատում երկիրը բաժանված է երկու մասի: Ընտրություններին նախորդող գործողությունները թուլացրել են ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության խմբակցություններին. եւ այժմ նրանք գիտակցում են, որ միմյանց կարիքն ունենՙ պահպանելու համար ազգաբնակչության կենսունակությունը:
2012 թվականը ջրբաժան տարի է լինելու, որովհետեւ կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Աշխարհը հետեւում ու դիտարկում է մեզ: Օտարերկրյա օժանդակությունների մեծ մասը կախված է այդ ընտրությունների արդյունքներից: Ավելին, ներքին քաղաքական վերադասավորությունները վերջին հաշվով ամրապնդելու են մեր պետության հիմքերը: Նորափթիթ հանրապետությունը դեմ առ դեմ է գտնվում անորոշ ապագայի հետ: Ճիշտ է, 20 տարիների գոյությունն ու վերապրումը ինքնին սխրագործություն է, բայց դա արդյոք երկրի ղեկավարների ձեռքբերո՞ւմն էր, թե՞ պատմական հանգամանքների, որոնք տեղի ունեցան վերջին 20 տարիների ընթացքում: Գուցե երկուսի էլ:
Ընտրությունները մարտահրավերներ են: Բայց 2012 թվականը մեզ նաեւ մոտեցնում է ցեղասպանության 100-ամյակին: Այդ պատմական թվականը պատշաճորեն նշելու համար բավական պատկառելի մի հանձնաժողով, ինչքան մեզ հայտնի է, կազմված է, բայց ցարդ ոչ մի զեկույց այդ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մենք չենք լսել: Մինչդեռ Թուրքիան իր լավ յուղոտված պետական ապարատն է գործի դրելՙ հակազդելու հայկական կողմի ամեն մի քաղաքական նախաձեռնությանը: Նրանք արդեն պատրաստ են հավանաբար կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, նախքան մենք մի քայլ անենք:
Միայն թուրքերն ու ադբեջանցիները չեն, սակայն, որ խոչընդոտներ կարող են ստեղծել: Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանը նախաձեռնող բարերարները իրար դեմ են կռվում այժմ եւ բոլորովին կարիք չունեն Թուրքիայի ձեռնարկած որեւէ քայլի, որպեսզի վերջնականապես «թաղեն» այդ ծրագիրը:
Հայոց պատմությունը երջանիկ պահերի երկար շարան չի եղել, բայց հայերս միշտ էլ կարողացել ենք հաղթահարել դժվարություններն ու առաջ շարժվել: Հենց այն փաստը, որ մենք դեռեւս կարողանում ենք քննարկել մեր խնդիրները, ապացուցում է, որ մենք վճռական ենք տրամադրված նվաճելու ապագան: Մեր սխալներն ու ձախողումները մեզ սովորեցնելու են ավելի ճիշտ ծրագրել մեր ապագա գործողությունները, զորակոչի ենթարկել Սփյուռքըՙ օգնելու Հայաստանինՙ ձերբազատվելու իր միջնադարյան քաղաքական մշակույթից եւ պատրաստվելու նոր գրոհների: Մեր թշնամիները շատ են, իսկ բարեկամներըՙ քիչ: Բայց մենք պետք է ինքներս մեզ ապավինենք, միմյանց լրացնենք եւ մեր ուղին հարթենք այս նոր տարվա ամբողջ ընթացքում:
2012 թվականը լի է նոր մարտահրավերներով, բայց միասնական ջանքերով, համերաշխությամբ եւ ներդաշնակորեն համագործակցելով միմյանց հետ մենք իրականացնելու ենք մեր առաջ դրված նպատակները:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.