«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2011-12-24 | #1, 2012-01-10 | #2, 2012-01-11


ՍԹՐԵՍՆԵՐՆ ՈՒ ԴԵՊՐԵՍԻԱՆ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ

Մեր շրջապատում մենք հաճախ ենք լսում ու հայտնվում սթրեսային իրավիճակներում, սակայն դրանցից խուսափել գրեթե չի հաջողվում: Սթրեսները միշտ եղել են ու կան: Իսկ երբ առօրյա ռիթմից մարդը կարճ ժամանակով դուրս է գալիս, սթրեսը ավելի մեծ է լինում: Սթրեսները ավելի հաճախանում են նախատոնական եւ հետտոնական օրերին: «Ազգը» փորձեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանից տեղեկանալ, թե երկարատեւ տոնական օրերը սթրեսի ու դեպրեսիայի պատճառ կլինե՞ն: «Այն, ինչ ապրում են այսօր մարդիկ տոներից դուրս գալու ընթացքում, սթրես է, ոչ շատ բարձր աստիճանի: Իմ վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ մարդկանց տագնապն է մեծ տոնական սթրես կոչվածի նկատմամբ, քան բուն սթրեսը: Սթրեսները լինում են տարբերՙ դրական, բացասական պատճառներից եւ այլն: Երկարատեւ տոնական արձակուրդները ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություն ունեն: Դրական են, քանզի մարդկանց լիցքաթափվել անհրաժեշտ է: Իսկ բացասական են, երբ երկար ընդմիջումից հետո դժվարությամբ, ներքին ուժերի լարվածությամբ, շատերը դժվարությամբ են հարմարվում առօրյային, որն էլ հենց սթրեսի առիթ կարող է դառնալ»:

Հոգեբանը գտնում է, որ շատակերությունը նույնպես կարող է սթրեսային հոգեվիճակ ստեղծել, քանի որ օրգանիզմի վիճակը անմիջապես ազդում է ինքնագիտակցության վրա: Սթրեսը լարվածություն է, եւ մենք մեզ չենք կարող ապահովագրել սթրեսներից, քանզի դրանք ամեն քայլափոխի են: Աղմուկը մեր կյանքի չարիքներից մեկն է, ասաց մասնագետը եւ, պատասխանելով «Ազգի» հարցին, շեշտեց. «Տոն օրերին այդքան երկար հրավառությունների, պայթուցիկների ու նման առարկաների վաճառքն ու գործածությունը պետք է սահմանափակվի, մշակվի հատուկ կարգ եւ խիստ հսկողություն»:

Գաղտնիք չէ, որ մեզանում տոները մի տեսակ ցուցամոլության երանգներ են ստացել, ու մարդիկ ամեն ինչ անում են, որ իրենց տոնական սեղանը ճոխ ու շքեղ լինի, որն էլ մի քանի օրից կարող է առաջացնել սթրես ու դեպրեսիվ իրավիճակՙ պարտքերը փակելու, համեղ պատառները աղբանոց նետելու պատճառով: Աղմկոտ տոները ե՛ւ մեծերի, ե՛ւ մանուկների մեջ վախի, անսպասելի հոգեվիճակներ են ստեղծում, որոնք էլ հենց դեպրեսիայի ու սթրեսի բուն պատճառ կարող են դառնալ, բացատրում էր հոգեբանը:

«Ազգը» զրուցեց մանկաբույժ Գայանե Մխիթարյանի հետ եւ տեղեկացավ, որ անցած 10 օրերի ընթացքում արդեն իրեն դիմել են 8 ծնող, որոնց երեխաները հրավառություններից հետո գիշերը վեր են թռչում, անհանգիստ են, եւ, որ տարօրինակ է, նրանց մոտ նկատվել է գիշերամիզություն: Մանկաբույժը խորհուրդ էր տալիս նման դեպքերում երեխաների հետ շատ զբոսնել, հետաքրքրական հեքիաթներ ու գրքեր ընթերցել, բակում շատ խաղալ: Հեռուստացույցն ու համակարգիչը հակացուցված են սթրեսային վիճակում հայտնվածների համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4