«Միկայի» ռմբարկու Նարեկ Բեգլարյանը նախնական պայմանագիր է կնքել Սլովակիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Տատրանի» հետ: Այս մասին armsport.am կայքին հայտնել է «Միկայի» մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը: Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս «Տատրանը» բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է նախավերջինՙ 11-րդ տեղում: Եթե թիմին հաջողվի պահպանել տեղը բարձրագույն խմբում, ինչը հայտնի կդառնա ամռանը, ապա Նարեկի հետ պայմանագիրը կերկարաձգվի 2 տարով: Հակառակ դեպքում Բեգլարյանը կվերադառնա «Միկա»:
Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ «Միկայի» մեկ այլ ֆուտբոլիստովՙ Հրայր Մկոյանով հետաքրքրվում էր Բրատիսլավայի «Սլովանը», որի գլխավոր մարզիչը Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն է: Արմեն Պետիկյանը տեղեկացրել է, որ «Սլովանն» այդպես էլ Մկոյանի պայմանագիրը չի ուղարկել, ուստի ակումբը ներկայումս բանակցություններ է վարում Նալչիկի «Սպարտակի» հետ: