Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում այս տարի թիմերի քանակը կաճի: Պայքարի մեջ կներգրավվեն նորաստեղծ 2 թիմերՙ Մարտունու «Մարտունի-Ալաշկերտը» եւ Աբովյանի «Դելյուքսը»: Այնպես որ բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունում սուր մրցակցություն կընթանա վերջինՙ 8-րդ տեղից խուսափելու համար, քանի որ մրցաշարի հետնապահը հրաժեշտ կտա բարձրագույն խմբին: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ 2013-ին աշուն-գարուն մրցակարգով անցկացվելիք բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակն ավելանա:
Ամեն դեպքում ուրախալի է նոր թիմերի ստեղծումը Հայաստանում: Միայն թե դրանք երկար կյանք ունենան, այլ ոչ թե արժանանան տարիներ առաջ ստեղծված Իջեւանի «Բենտոնիտի» եւ «Երեւան Յունայթեդի» ճակատագրին, որոնք շատ կարճ կենսագրություն ունեցան:
Մարտունու թիմը գլխավորել է մարզչական որոշակի փորձ ունեցող Ալբերտ Սարգսյանը, որն արդեն սկսել է կոլեկտիվի հավաքագրումը: Երիտասարդ ֆուտբոլիստներից բացի, թիմում ընդգրկվել են նաեւ փորձառու խաղացողներ, որոնց թվում են Սերգեյ Էրզրումյանը եւ մեծ ֆուտբոլին անցյալ տարի հրաժեշտ տված Արամ Հակոբյանը: Նշենք, որ Հայաստանի անդրանիկ առաջնությունումՙ 1992-ին Մարտունին բարձրագույն խմբում ներկայացնում էր «Ալաշկերտը», որի կազմում հանդես էր գալիս ՀՀ հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը:
Աբովյանի «Դելյուքսը» մարզում է Արմեն Սանամյանը: Վերջինս պատանեկան թիմերի հետ աշխատանքի մեծ փորձ ունի, եղել է նաեւ «Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչը: Աբովյանը հարուստ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաք է, որի «Կոտայք» թիմը ժամանակին հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության 1-ին խմբում: Ցավալի էր, որ հիանալի մարզադաշտ ունեցող քաղաքը բավական ժամանակ թիմ չուներ: