«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՆՈՐ «ԱԼԺԻՐՆԵՐ» ԿՀԱՅՏՆՎԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը անցյալ տարեվերջին հաստատեց ստորին պալատը` Ազգային ժողովը, կքննարկի ոչ թե հունվարի 24-ին, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այլ` հունվարի 23-ին (ի դեպ, հետաքրքրական զուգադիպությամբ նույն օրը Սոչիում ենթադրվում է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հերթական եւ ըստ ամենայնի վերջին եռակողմ հանդիպումը - Հ. Ա.): Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը , Սենատի օրակարգի վերոհիշյալ փոփոխությունը պայմանավորված է հանգամանքով, որ «ֆրանսիացի խորհրդարանականները ցանկանում են ավելի շատ ժամանակ ունենալ կարեւոր հարցը քննարկելու, այնուհետեւ` քվեարկություն անցկացնելու համար»: Վարժապետյանը նաեւ վստահություն է հայտնել, որ օրինագիծը Սենատը կհաստատի, քանի որ «ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմադիր սոցիալիստները համակարծիք են այս հարցում. ամբողջ Սենատի մոտ 65 տոկոս ձայներով»:

Իրոք Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը խիստ ուշագրավ հանգամանքներում է քննարկվելու: Մասնավորապես որեւէ այլ երկրում դեռ չի եղել այնպես, որ «հայկական բանաձեւի» ընդունման անհրաժեշտության մասին բարձրաձայնած լինեն եւ իշխանության ներկայացուցիչները, այդ թվումՙ նախագահն անձամբ, եւ ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվումՙ նախագահի թեկնածու, սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդն անձամբ: Օրինակ, ԱՄՆ-ում մշտապես ականատես ենք եղել, թե ինչպես նախագահի, լինի դեմոկրատ, թե հանրապետական, թեկնածուները մշտապես խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը (դեռ ժխտման համար քրեական պատիժ սահմանելը` մի կողմ), այնուհետեւ, նախագահ դառնալուն պես, հավանաբար մի փոքր «չարչարվելով» ու հայերեն երկու բառ սովորելով, հայտարարում են` «Մեծ Եղեռն»:

Սակայն Ֆրանսիայի պարագան այլ է. այս երկրի նախագահը իր երեւանյան պետական այցի ժամանակ բարձրաձայնեց, որ Փարիզը պատրաստ է, պարտավոր է, եւ կարող է «ավելի հեռուն գնալ Ցեղասպանության դատապարտման ճանապարհին, օրինակ, քրեականացնել դրա ժխտումը ֆրանսիական տարածքում»: Իսկ մինչ այդ էլ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Սարկոզիի հիմնական մրցակից սոցիալիստ Հոլանդն էր ֆրանսահայերին երաշխավորել, որ իր նախագահության պարագայում Ֆրանսիան անպայման կքրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Ուրեմն սա այն դեպքն է, երբ պետական իշխանությունը եւ ընդդիմությունը որեւէ տարաձայնություն չունեն, ինչը հիմնավորում է այն կարծիքները, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատը հունվարի 23-ին կհաստատի:

Նման կարծիք երեկ կայացած ասուլիսում հայտնեց նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը : Ճիշտ է, վերջինս հիմնավորեց իր դիրքորոշումը հետեւյալ կերպ. «Եվրոպական քաղաքականությունը բավականին նուրբ ու խելոք է: Այս առումով Սենատ ներկայացված բանաձեւը շատ հակասական է: Այնտեղ ասվում է,որ Ցեղասպանությունը պետք է ճանաչի Թուրքիան, մշակութային արժեքները պետք է պաշտպանվեն, խոսվում է նաեւ քրդական հարցի մասին, բայց նաեւ ասվում է, որ արդի Թուրքիան պատասխանատու չէ օսմանյան Թուրքիայի գործողությունների համար: Այսինքն` մի կողմից ընդունվում, ճանաչվում է իրողությունը, մյուս կողմից Թուրքիան պատասխանատվությունից դուրս է բերվում»: Այդուհանդերձ, Շիրինյանի կարծիքով, այս բանաձեւով եվրոպացիները, կոնկրետՙ ԵՄ-ի դարպասները Անկարայի առջեւ ամուր փակած նախագահ Սարկոզին, պարզապես զգուշանում են Թուրքիայի հնարավոր անդամակցությունից Եվրոմիությանը, որտեղ վերջինիս «խցկում» է ԱՄՆ-ը: «Այս գործընթացը մենք կասեցնել չենք կարող, քանի որ սա համաշխարհային քաղաքականության հարց է», ասաց Շիրինյանը: Ի դեպ, եթե իրոք նախագահ Սարկոզին Թուրքիային չի տեսնում ԵՄ-ում, իսկ որ դա այդպես էՙ Սարկոզին ինքը բազմիցս է հայտարարել, ու եթե իրոք Սենատ ներկայացված «հայկական բանաձեւը» նաեւ այս նպատակի վերջնական իրագործմանն է ուղղված, ապա, բնականաբար, Ֆրանսիայի նախագահը պետք է եւ կարող է օգտագործել ԵՄ-ում սեփական երկրի ու անձամբ իր հեղինակությունը` հորդորելով անդամ երկրներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուհետեւ գուցե եւ քրեական պատիժ սահմանել ժխտողների համար: Այս պարագայում իրավամբ Եվրոմիությունը ներկա Թուրքիայի համար «ծառի ամենաբարձր ճուղից կախված ծիրան կլինի», այս պարագայում` հայկական ծիրան:

Ինչեւէ, մնում է միայն սպասել, թե ինչ որոշում կկայացնեն ֆրանսիացի սենատորները: Իսկ Թուրքիան Փարիզում աշխատող լիազոր դեսպանին կրկին գործուղել է Փարիզ: Վերջինս հայտարարել է, թե ինքը հույս ունի, որ Սենատը չի ընդունի «այդ անհիմն բանաձեւը»: ԱԳ նախարար Դավութօղլուն անձամբ այս կապակցությամբ, ըստ TRT Russia-ի, հայտարարել է. «Հուսանք, որ նրանք վտանգավոր քայլ չեն կատարի: Մեր դեսպանը վերադարձել է Փարիզ եւ մինչեւ հունվարի 23-ը համապատասխան հանդիպումներ կունենա կոմպետենտ անձանց հետ»: «Հաջողություն» մաղթենք դեսպանին իր «համապատասխան հանդիպումներում», միեւնույն ժամանակՙ վստահություն, որ հունվարի 23-ից հետո թուրքական քաղաքներում ֆրանսիական անվանումներ կրող փողոցները կշարունակվեն վերանվանվել «Ալժիր»: Ի դեպ, որեւէ մեկը գիտի՞, թե ի՞նչ կապ ունեն ալժիրցիներն այստեղ. օրինակՙ Ալժիրի վարչապետն անձամբ չգիտի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4