Տասնամյակներ շարունակ անտերության մատնված որեւէ կառույց, շինություն չի կարող դիմակայել ժամանակի ավերումներին, ուր մնաց դիմանա, երբ դրան մասնակից են դառնում մարդիկ: Հայկական եկեղեցիները Վրաստանում, որ անասելի համառությամբ անտեր են թողնվում, միայն թե չվերադարձվեն սեփականատիրոջը` Հայ առաքելական եկեղեցուն, այդպիսի վերաբերմունքի ու ավերումների բազում վկայություններ ունեն: Եվ չնայած վերջին շրջանում վրացական իշխանությունները որոշ քայլեր նախաձեռնեցին եւ իրականացրին, որոնք դրական անդրադարձ ունեն վիրահայոց թեմի համար, այդուհանդերձ, բազմաթիվ հարցեր մնացել են չլուծված, չքննարկված, իսկ մի շարք խոստումներ` անկատար:
Այդպիսի մի խոստում էլ վրացական իշխանությունները տվեցին, երբ 2009-ի նոյեմբերին փլուզվեց 14-րդ դարում կառուցված Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին, որի վթարային լինելու մասին շատերն էին ահազանգել, սակայն փլուզվելուց հետո միայն վրացական իշխանությունները «ջերմություն» ցուցաբերեցին ու խոստացան վերականգնել, բայց ցայսօր գրեթե ոչինչ չի արվել...
«Ազգը» հաճախ է անդրադառնում Վրաստանի հայկական եկեղեցիներին, ու բազմիցս ներկայացրել է դրանց ներկա վիճակն ու հնարավոր հեռանկարները: Ինչ-որ մի պահի խոնարհվելու կամ որպես վրացական եկեղեցի վերաբացվելու ճակատագրին «սպասում» է «վիճահարույց» եկեղեցիներից էլի մեկը` Սուրբ Նշանը: Թբիլիսիի հենց կենտրոնում գտնվող ծավալական եկեղեցում հունվարի 9-ի գիշերը հրդեհ է բռնկվել, իսկ մարելիս փլուզվել է սյուներից մեկը:
Հայաստանի մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Թբիլիսի է գործուղվել մասնագիտական հանձնախումբ` պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու եւ Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:
Առաջին անգամ չէ, որ հրդեհը ավերածություններ է պատճառում Սուրբ Նշան եկեղեցուն, սակայն երբ վրացի հրշեջները փորձում են եկեղեցում բռնկված հրդեհը մարել ջրով, այլ ոչ փրփուրով, ակնհայտ է, որ հարեւաններից եկեղեցիների պահպանում իսկ ակնկալել հնարավոր չէ, ուր մնաց ավերվողների ու կիսականգունների վերականգնում: Այս պարագայում վրացական իշխանությունների անտարբեր վերաբերմունքն ուղղակի ակնհայտ է, քանի որ Սուրբ Նշանը որպես Սուրբ Նիկողայոս ներկայացնելու փորձերը Վրաստանում շարունակվում են, ասել է թե անգամ չեն մտահոգվել ապագայում «վրացիներին ծառայելիք» եկեղեցին չվնասելու հարցով:
Տասնամյակներ շարունակ ավեր բակով, շրջակայքով, եկեղեցու մուտքի շիրմաքարերի վրա դրված մուտքի պատերի փայտյա հենարաններով Սուրբ Նշանը դեռ 18-րդ դարում Թբիլիսիի 7 հիմնական եկեղեցիներից մեկն էր, որ խորհրդային տարիներից ծառայել է որպես մակարոնի պահեստ, ազգային գրադարանի հայալեզու հրատարակությունների արխիվ եւ այլն: Դրա համար էլ եկեղեցու ներսում մոտ 50 սմ հաստությամբ մոխրաշերտ կար դեռեւս նախորդ հրդեհի ժամանակ այրված գրքերից:
Սուրբ Նշանին բավականին մոտ` մեկ-երկու փողոց հեռու էլ Սուրբ Նորաշենն է, որ արտաքնապես ամուր եկեղեցի է, բայց եթե այսպիսի վերաբերմունքը շարունակվի, դժվար չէ գուշակել, թե ինչ ճակատագիր կունենա...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ