«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ` ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ հերոս, անվանի հետախույզ Գեւորգ Վարդանյանը: Այս կապակցությամբ Վարդանյանների ընտանիքին, Գեւորգ Վարդանյանի այրուն իր ցավակցագիրն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ «հայ ազգի զավակ Գեւորգ Վարդանյանը իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահել Հայաստանի հետ, իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստել արտաքին հետախուզության կայացմանը»: Հանրապետության ղեկավարը նաեւ ջերմ հիշողություններ է պահպանել Վարդանյանի հետ անձնական հանդիպումից. «Գեւորգ Վարդանյանի մասին բարի հիշողությունները կպահպանվեն բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան», ասված է նախագահի ցավակցագրում:

Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը բարձր է գնահատել տեր եւ տիկին Վարդանյանների անձնազոհ նվիրումը սովետական հայրենիքին ու ցավալի կորուստ որակել Գեւորգ Վարդանյանի մահը:

Տիկին Գոհար Վարդանյանին` Գեւորգ Վարդանյանի այրուն, իր ցավակցությունն է հայտնել նաեւ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշել է. «Գեւորգ Վարդանյանի ջանքերը ակնառու են նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների միջեւ գործընկերային հարաբերություններ հաստատելու գործում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության օրգանների կազմավորման մեջ: Մենք բարձր ենք գնահատում Գեւորգ Վարդանյանի` որպես Հայաստանի հայրենասերի, նվիրված ու ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի հայկական համայնքի կյանքին: Լինելով Ռուսաստանի հայերի միության անդամՙ նա իր բարի խորհուրդներով մեծ վաստակ ունի երիտասարդության դաստիարակման գործում եւ հպարտության օրինակ է ողջ աշխարհի հայության համար: Գեւորգ Վարդանյանի մահը անդառնալի կորուստ է ռուս ու հայ ժողովուրդների համար»:

Առաջիկա համարում կարդացեք առանձին հոդված հայազգի նշանավոր հետախույզի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4