ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Տարեսկզբից Ադրբեջանը ստանձնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի պարտականությունները: Այդ «դարակազմիկ» իրադարձության առթիվ Նյու Յորքում է գտնվում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աքշին Մեհթիեւը հասցրել է լրագրողներին իրազեկել «նոր կարգավիճակում առաջիկա անելիքների» մասին:
Որեւէ առարկայական նպատակ Մեհթիեւը չի հնչեցրել, ինչից «Թուրան» գործակալության վերլուծաբանները եկել են համոզման, որ «չնայած արված հայտարարություններին, Ադրբեջանը չի բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձեւերի պահանջները կատարելու հարցը»:
Խոսքը ԼՂ-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից գրեթե երկու տասնամյակ առաջ ընդունած բանաձեւերի մասին է, որ իրենց հրատապությունը կորցրել են ղարաբաղա-ադրբեջանական ճակատում զինադադարի հաստատումից հետո:
Ուշագրավ է, որ «Թուրան»-ի վերլուծաբանները ադրբեջանական հասարակության համար բացահայտել են մի կարեւոր մանրուք. ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամն իրավասու չէ քննարկման ներկայացնելու բացառապես իր շահերին վերաբերող բանաձեւի նախագիծ:
Այսպիսով, ընթացակարգային առումով Ադրբեջանը հնարավորություն չունի ՄԱԿ-ի ԱԽ-ում հեղինակել «օկուպացված տարածքների մասին» որեւէ նախաձեռնություն: Բացի դրանից էլ, ինչպես նույն վերլուծաբաններն են արդարացիորեն մատնանշում, Անվտանգության խորհրդի մշտական անդաներից երեքը ԵԱՀԿ Մինիսկի խմբի համանախագահ երկներն են, որ ունեն վետոյի իրավունք:
Առավել քան մշուշոտ են պատկերացնում «Թուրան»-ի փորձագետները նաեւ մեծ քաղաքականության վրա ազդեցություն գործելու Ադրբեջանի հնարավորությունները: Նրանք նշում են, որ արդեն իսկ հայտնի է ՄԱԿ-ի ԱԽ-ի մոտակա օրակարգը: Այն ներառում է Սիրիայի իրավիճակը եւ Իրանի միջուկային ծրագիրը:
Երկու դեպքում էլ Անվտանգության խորհրդում մոտեցումները ոչ միասնական են: Մի կողմ թողած Սիրիայի հարցը, հարկ է նշել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու խնդրում ԱԽ-ի երկու մշտական անդամներ Ռուսաստանը եւ Չինաստանը չեն կիսում արեւմտյան ալյանսի տեսակետը: «Թուրան»-ի վերլուծաբանները, մանրազնին դիտարկելով ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի արտահայտությունները, տպավորություն են փոխանցում, թե պաշտոնական Բաքուն «ամենայն հավանականությամբ կպաշտպանի արեւմտյան տեսակետը»:
Եթե այդ կարծիքը ճշմարտանման է, ապա ստացվում է, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ առկա լարվածությունը ոչ միայն չի թուլանա, այլեւ ավելի կսրվի: Այդպիսի նախանշաններ արդեն իսկ կան. ԻԻՀ խորհրդարանի մի պատգամավոր շատ կոշտ հայտարարություն է արել, թե իր երկիրն ստիպված կլինի վերանայել Թուրքմենչայի պայմանագիրը, եթե Ադրբեջանն «իր տարածքը տրամադրի անհավատներին` Իրանի դեմ թշնամական գործողությունների համար»:
Բաքվում, իհարկե, հասկացել են, թե ինչ նկատի ունի իրանցի պատգամավորը եւ շտապել են «համարժեք պատասխանել». Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարն ասել է, թե «ամենամոտ ապագայում կվերականգնվի վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով եւ ուղեկալներում կփողփողա մեր եռագույնը»:
Սա երեւի այն դեպքն է, երբ ասվում է` մեկնաբանություններն ավելորդ են: Եվ սակայն` ակնհայտ է նաեւ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակն Ադրբեջանի համար «Մոնոմախի գլխարկ» է, որ Իլհամ Ալիեւը կրել չի կարողանում առաջին իսկ փորձությունից: