«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ

2011 թվականի դեկտեմբերի 26-ին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոցից գողություն կատարելու ժամանակ շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ ԵՊՀ-ի գրադարանից 2010-2011 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնողՙ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:

Ինչպես «Ազգին» տեղեկացրին, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության պահպանության վարչության գնդի ոստիկան Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության գալով, 2010-11 թթ. պարբերաբար մուտք են գործել Ազգային գրադարանի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր: Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձի ժամանակ ոստիկանության աշխատակիցները կարողացել են վնասազերծել հանցավոր խումբը եւ նրանց բերման ենթարկել:

Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլիի դրդմամբ ԵՊՀ-ի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել է անձնական նպատակներով: Նախաքննությունը շարունակվում է:

Իսկ մինչ այն կավարտվի, քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձիՙ գրադարանի բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ըՙ նրանց թվում Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին եւ ոստիկանության երկու աշխատակիցներՙ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ. Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադվում են գողության եւ գողության փորձ կատարելու մեջ: Սակայն տարօրինակ է, որ «Ազգի» ունեցած տեղեկություններով ավելի մեծ քանակությամբ գողացված գրքերի գողությունը ընդամենը գնահատվել է մի քանի միլիոն դրամ, իսկ իրականում դրանց արժեքը ավելի մեծ է եւ կարեւոր է, որ դրանք հնատիպ գրքեր են ու նրանց արժեքը շատ ավելին է... Իսկ նման արժեքները երկրից դուրս հանելը արդեն կրկնակի հանցանք է:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4