«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՓԼՈՒԶՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց հետեւյալ հայտարարությունը.

«Ցավով տեղեկացանք, որ հուվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ Նշան հայկական եկեղեցու հյուսիսարեւելյան հատվածը:

Մեծապես անհանգստացած սույն փաստով եւ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան եւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգեւոր խորհուրդն արտահայտում է իր խորին մտահոգությունը:

Դեռեւս 2011 թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն կդրսեւորվի:

Հակառակ Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Վիրահայոց թեմի հնչեցրած ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը եւ հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել են մեզ տխուր այս իրավիճակի առջեւ:

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին եւ ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4