Թուրքիան կամաց-կամաց վերականգնում է հայկական հուշարձանները, ավելի շուտ` դրանցից մի քանիսը: Եվ դա հատուկ քաղաքականություն է. նախՙ դրանով փորձում է բարձրացնել իր վարկանիշը միջազգային հանրության աչքին, երկրորդՙ ցույց է տալիս, թե հանդուրժող է իր տարածքում այլ մշակույթի, կրոնի ու քաղաքակրթության դրսեւորումների նկատմամբ, ավելինՙ գնահատում է դրանք, երրորդՙ միջազգային կազմակերպություններից գումար է ստանում վերականգնման աշխատանքների համար ու միաժամանակ փորձում սովորել հին կոթողները վերականգնելու արվեստը, քանի որ նման դեպքերում հրավիրվում են եվրոպական մասնագետներ:
Հայկական պատմամշակութային արժեքները վերականգնելու թուրքական պատճառներ էլի կանՙ թաքնված նրանց դիվանագիտական ենթատեքստերի ծալքերում, բայց մի բան եւս պարզ է, որ նրանք վերանայել են հայկական հուշարձանների ու հետքի նկատմամբ հիվանդագին դիրքորոշումը: Երկար տասնամյակներ պայքարելովՙ ի վերջո անհնար եղավ հայկական քաղաքակրթությունը հայկական տարածքներից վերացնելը, եւ Թուրքիան նորից դիմեց ճշգրիտ հաշվարկների իր տեսությանըՙ այն, ինչ օտարել էի ու ջախջախում էի, հիմա կօգտագործեմ հօգուտ իմ շահի: Ու միգուցե այդ երկիրը նույնիսկ ափսոսում է, որ հազարավոր կոթողներ ոչնչացրել, գետնին է հավասարեցրել. բաց երկնքի տակ այդ թանգարանից կարելի էր օգուտ քաղել, ինչպես հիմա է քաղում: Օտարի համար դա իսկական էկզոտիկա էՙ լքված ոււ մոռացված տարածքների լայն հորիզոններ, գրեթե վայրի բնություն, լավագույն դեպքում այստեղ-այնտեղ քրդական բնակավայրեր ու հազարավոր հուշարձաններ, որոնց արձանագրություններն ինչքան էլ ջնջված լինեն, միայն արտաքին վեհությունն ու վիմապատկերները, ճարտարապետական ոճն ու շինվածքի առանձնահատկությունները վկայում են, որ դարերի կենսագրություն ունեն ու բացառիկ արժեք են:
Թուրքիան մյուս կողմից էլՙ «Գողՙ սիրտը դող» ասացվածքի «հերոսի» կարգավիճակում հասկանալի է, որ հայկական պահանջատիրության մոտալուտ վտանգները հաշվի առնելովՙ խորհրդային լռության տարիներին լայնածավալ հաշվեհարդար է տեսել հայկական ժառանգության նկատմամբ: Իսկ արդեն վերջին տարիներին նրանց վերանայված դիրքորոշումը փոքր-ինչ փափկեցրեց վերաբերմունքը հայկական մշակույթի փշրանք-մասունքների նկատմամբ: Ու վերականգնվեց Աղթամարի Սուրբ Խաչը: Միջազգային հանրությունն ամբողջ դեմքով շրջվեց դեպի Թուրքիա. սենսացիաՙ թուրքերը վերականգնել են հայկական եկեղեցին, հերիք չէ, դեռ խոստովանում էլ են, որ այն հայկական է, իհարկե, խոստովանության առանձնահատուկ մեթոդներով: Ի՞նչ վատ էր որ: Ամեն ինչ ընթացավ ըստ թուրքական ծրագրի: Սենսացիայի օրվանից էլ Սուրբ Խաչ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացավ: Մի կրակոցովՙ հազար նապաստակ:
Հիմա էլ Թուրքիան պատրաստվում է ազգամիջյան հանդուրժողականության հերթական քայլն անել. 2012 թվականին վերանորոգելու է Անիի մայր տաճարն ու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ընդհանրապես միջնադարյան մայրաքաղաքի տարածքի բազմաթիվ հուշարձաններն, ըստ ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության ղեկավար Գագիկ Գյուրջյանի, վաղուց ունեն ամրակայման ու վերականգնման կարիք: «Որոշ աշխատանք թուրքերն արել են, սակայն չեն պահպանել վերակառուցման տեխնիկայի սկզբունքները, ճարտարապետական առանձնահատկությունները: Պարիսպների վրա ակնհայտ շեղումներ, աղավաղումներ կան, Պարոնի պալատի վերականգնման ժամանակ երեսպատման անընդունելի մեթոդն է կիրառվել: Համատարած խաթարումները կա՛մ անտեղյակության, վերականգնման արվեստին չտիրապետելու պատճառներից են բխում, կա՛մ էլ հատուկ դիտավորություն են»,- նկատում է Գ. Գյուրջյանը:
Նախորդ տարվա վերջերին Փարիզումՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի շենքում տեղի ունեցած ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ նստաշրջանում հայկական կողմը ներկայացրել է Անիի մայր տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման անհրաժեշտության մասին բանաձեւ: Թուրքերին հայկական առաջարկն անակնկալի է բերել, նրանք այդ հուշարձանները վտանգված լինելու մեջ մեղադրել են հայերին: «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանը, որն էլ հենց ներկայացրել է հայկական բանաձեւը, պատմում է. «Թուրքական կողմից առաջարկվեց պարբերություն մտցնել բանաձեւում, որ հայկական իշխանությունները պարտավորվում են դադարեցնել Անիի հանդիպակաց քարհանքերի պայթեցումները: Ի պատասխան նրանցՙ ես պաշտոնապես հայտարարեցի, որ ի գիտություն բոլորիՙ Հայաստանը 5-6 տարի էՙ դադարեցրել է քարհանքերի պայթեցումները»:
Իսկ Գ. Գյուրջյանը նկատում է, որ նման միջազգային փաստաթղթերը մեր կողմից կարող են նոր մարտահրավերների հիմք դառնալ, որոնց վրա հենվելովՙ կարող ենք մեր պահանջները ներկայացնել միջազգային ամբիոններից, ինչպես 17-րդ ասամբլեայում բարձրաձայնել ենք Անիի մայր տաճարի եւ Ամենափրկչի վերականգնման աշխատանքներում հայ մասնագետներին ընդգրկելու անհրաժեշտությունը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ թուրքերը չանսան մեր պահանջներին եւ հայ մասնագետների մասնակցությունը բացառեն, Գ. Գյուրջյանը պատասխանեց. «Ամեն ինչ սպասելի է, հնարավոր է, որ թուրքերը հայկական խումբ չընդգրկեն: Այդպիսով նրանք չեն կատարի իրենց պարտավորությունները, որ ստանձնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի առջեւ, կազմակերպություններ, որոնց անդամակցում է այդ երկիրը: Մենք դիմել ենք միջազգային ԻԿՕՄՕՍ-ին եւ «Հուշարձանների միջազգային հիմնադրամին», որպեսզի միջնորդեն երկու կոթողների առաջիկա վերականգնման աշխատանքներում հայկական մասնակցության հարցը: Խնդիրն այն է, որ թուրքական հասարակական կազմակերպությունները չեն առարկում մեր մասնակցությունը, բայց այլ է պաշտոնական Թուրքիայի դիրքորոշումը: Ամեն դեպքում, հուսանք, որ նրանց կողմից անհամաձայնություններ չեն լինի»:
Նշենք, որ Անիի մայր տաճարն ու Ամենափրկիչ եկեղեցին վերջին անգամ ամրակայման աշխատանքների են ենթարկվել, երբ այդ տարածաշրջանը եղել է ռուսական կայսրության տիրապետության տակ: «Վերականգնաման աշխատանքների հետքերը հիմա էլ այդ կոթողների վրա կարելի է նշմարել, իսկ վերականգնումից հետո Անին անընդհատ է ավերվել», ավելացրեց Գ. Գյուրջյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատարակում է համաշխարհային վտանգված ժառանգության տարեգիրք, որն ահազանգում է նաեւ Անիի մասին: Ինչեւէ, հայկական բանաձեւն ԻԿՕՄՕՍ-ի հերթական նստաշրջանում ընդունվեց: Անիի երկու պատմամշակութային կոթողների վերականգնման համար նախատեսված գումարի երկու երրորդը կհատկացնի թուրքական կառավարությունը, մեկ երրորդըՙ «Հուշարձանների միջազգային հիմնադրամը»: Հուշարձանները կամրակայվեն ու կվերականգնվեն մասամբ: Մայր տաճարի գմբեթի վերականգնման ու տեղադրման մասին, իհարկե, խոսք չկա: Սակայն մասնակի վերականգնումն անգամ թույլ է տալիս ենթադրել, որ մայր տաճարն ու Ամենափրկիչը կփրկվեն լիովին ոչնչացումից, ինչն ուղղակի անխուսափելի է: Անիում արդեն ուսումնասիրման ու վերականգնման գործընթացը կազմակերպելու աշխատանքներն սկսվել են: Հուշարձանների կառուցման արվեստի իսկությունը, շինարարական շաղախի, շարվածքի մեթոդների սկզբունքները չպահպանելու դեպքում մայր տաճարի ու Ամենափկիչ եկեղեցու արժեքը կընկնի: Հայ եւ միջազգային հուշարձանագետները սա լավ գիտեն ու դրանից ելնելով են թուրքերին առաջարկում միջազգային վերականգնողների խմբում ընդգրկել նաեւ հայ մասնագետների, որոնք տիրապետում են հայ հինավուրց կառույցների ավանդական շինարարական տեխնիկային ու հմտություններին: Համագործակցություն եթե լինի, իհարկե, քաղաքական ենթատեքստի բաղկացուցիչներից կլինի, ոչ թե իբրեւ թուրքական հանդուրժողականության կամ բարի կամքի դրսեւորում. համենայն դեպս, թուրքական անկանխատեսելիությանը պետք է միշտ պատրաստ լինել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ