«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ

Անկարայի դատարանը հաստատել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի եւ պաշտոնաթող գեներալ Թահսին Շահինկայայի նկատմամբ կայացված մեղադրական եզրակացությունը. երկուսն էլ մեղադրվում են 1980 թվականի հեղաշրջման կազմակերպության մեջ: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Մեղադրող կողմը պահանջում է մեղադրյալների ցմահ բանտարկություն:

94-ամյա Էվրենը եւ 86-ամյա Շահինկայան 1980-ի հեղաշրջումից ի վեր ողջ մնացած միակ առաջնորդներն են: Անցյալում թուրք զինվորականները երբեւէ հետապնդումների չէին ենթարկվել իշխանության բռնատիրման համար: Դա պայմանավորված է մասնավորապես նրանով, որ Էվրենի կառավարությունը 1982-ին սահմանադրության մեջ մտցրեց հեղաշրջման կազմակերպիչների հետապնդումն արգելող հոդված:

Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը խորհրդարանում դատավարությանը նվիրված իր ելույթում հայտարարեց, որ «հեղաշրջումների ժամանակն անցել է»:

1980-ի հեղաշրջմանը նախորդել էին ձախակողմյան եւ աջակողմյան խմբավորումների դիմակայության տարիներ, սկսվել էին բացահայտ բռնություններ: Էվրենը պնդում է, թե իշխանությունն իրենց ձեռքը վերցնելովՙ զինվորականները երկիրը փրկեցին անարխիայից: Սակայն դատախազները գտնում են, որ Էվրենի իշխանության գլուխ անցնելուց հետո ապօրինաբար մահապատժի է ենթարկվել 50 մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ բանտարկվել են, նշում է Ռոյթեր գործակալությունը:

Հեղաշրջման կազմակերպիչների հետապնդումն արգելող օրենքը չեղյալ հայտարարեց 2010-ին: Դրանից հետո Էվրենի վարչակարգի զոհերը դատախազությանը հանրագիր ներկայացրին այդ ժամանակաշրջանի հանցագործությունները հետաքննելու խնդրագրով:

2012-ի հունվարի 6-ին հայտնի դարձավ եւս մեկ թուրք զինվորականիՙ Իլքեր Բաշբուղի ձերբակալության մասին: 2010-ին պաշտոնը թողած այդ գեներալին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության ստեղծման եւ հեղաշրջման նախապատրաստման մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4