«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է «ԳՐՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տարեվերջին Բաքվում կազմակերպվեց հերթական «թամաշա»` Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Էլնուր Ասլանովի մասնակցությամբ: Համացանցում «շնորհանդեսի դրվեց» նոր կայքէջ` Erevangala500.com: Այն «ճշմարտացի տեղեկություններ է տալիս Երեւանի` ներկայիս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի մասին»:

Իրականում կայքէջը նվիրված է Երեւանի բերդի «հիմնադրման 500-ամյակին»: Ինչպես գլխավոր էջում գրում են հեղինակները, Երեւանի բերդը «հիմնադրվել է 1504 թ.` Ադրբեջանի եւ Իրանի շահ Իսմայիլի հրամանով»: Ըստ ադրբեջանցի «գիտնականների»ՙ շահ Իսմայիլը Երեւանում բերդ կառուցելու հրաման տվել է «Ռեւան-գուլի խանին, որի անունից էլ այն կոչվել է Ռեւան, ապա` Իրեւան»:

Պատմությունը, սակայն, ճշտորեն վկայում է, որ նշված դարաշրջանում Երեւանը գտնվել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, ուստի Իրանի շահ Իսմայիլը չէր կարող այնտեղ բերդ կառուցելու հրաման տալ: Բայց դա չէ կարեւորը: Ադրբեջանցի «պատմաբանները» ներկայացրել են տեսակետ, թե «Երեւանը աշխարհի միակ քաղաքն է, որ պատմական կենտրոն չունի, քանի որ նախկինում ադրբեջանական էր եւ քանդվել է հայ ազգայնամոլների կողմից»:

Որպես «ապացույց» կայքէջի հիմնադիրները գլխավոր էջում տեղադրել են ռուս նկարիչ Ֆրանց Ռուբոյի «Երեւանի բերդի հանձնումը» կտավի լուսապատճենը: Տպավորությունն այն է, թե հիշյալ նկարիչը ներկա է եղել Երեւանի բերդի գրավմանը եւ կտավն էլ նկարել է «բնօրինակից»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Ֆրանց Ռուբոն «Երեւանի բերդի հանձնումը» հեղինակել է իրադարձություններից տասնյակ տարիներ անց եւ երբեք Երեւանում չի եղել: Այսինքն, նրա կտավը նկարչի երեւակայության արդյունք է:

Կայքէջի հեղինակներն այնուհետեւ հղում են անում ժամանակաշրջանի պատմագիրներին եւ եվրոպացի ճանապարհորդներին: Պատմագիր ասելով նրանք նկատի են ունեցել թուրք մի պաշտոնյայի` Էվլիե Չելեբեին, իսկ ճանապարհորդ` ֆրանսիացի Շարդենին: Բայց եթե առաջինի դիտարկումները տեղ են գտել կայքէջում, ապա երկրորդի ճանապարհորդական նոթերը, հասկանալի պատճառներով, դուրս են թողնվել:

Պատճառն այն է, որ եվրոպացի ճանապարհորդը բազմաթիվ վկայություններ ունի, որ Երեւանի եւ շրջակա գավառների բնակչությունը հայեր են, որ պարսիկ խանի ընտանիքի եւ սպասավորների ընդհանուր թիվը չի անցնում 500-ից, որ նրանք ապրում են միայն բերդում: Շարդենը նաեւ նկարագրում է իր ճանապարհը Երեւանից մինչեւ Նախիջեւան եւ Հին Ջուղա: Ամենուր նա հանդիպում է սակավաթիվ պարսիկ պաշտոնյաների եւ հոծ հայ բնակչության: Ճանապարհորդը միայն Նախիջեւան քաղաքի շրջակայքում նշում է 20 հայ գյուղ:

Շատ ցնցող է Հին Ջուղայի նկարագրությունը: Շարդենը պատկերում է շահ Աբասից ավերված քաղաքը եւ վկայում, որ ամբողջ հայ բնակչությունը բռնատեղահանվել է Պարսկաստան, որտեղ, Սպահանի մոտ, հայերը հիմնադրել են Նոր Ջուղա քաղաքը:

Շատ բնական է, որ նման տեղեկություններն Իլհամ Ալիեւի աշխատակազմում «նախագծված» կայքէջում բացակայում են: Բայց եթե Բաքվում կարծում են, թե այդ կեղծիքով կարող են ինչ-որ բանի հասնել, ապա չարաչար սխալվում են: Երեւանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը քաջածանոթ է համաշխարհային գիտական շրջանակներին: Այդ մասին բազմաթիվ անառարկելի վկայություններ կան միջազգայնորեն հեղինակավոր ճանաչված բոլոր հանրագիտարաններում:

Հասկանալի է, թե ինչն է դրդել Իլհամ Ալիեւին` հրահանգելու նոր կեղծարարություն: Վերջին ժամանակներս համացանցում գործել է սկսել baku.am կայքէջը, որտեղ փաստական ահռելի նյութ կա Բաքվի հայ համայնքի, նրա տնտեսական, առեւտրական, հոգեւոր-մշակութային կյանքի մասին: Erevangala500.com-ը ծրագրվել է իբրեւ «արժանի պատասխան»: Բայց, ինչպես միշտ, ազերպրոպը հայտնվել է հիմար վիճակում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4