Մեծամասնականին դեմ եւ կողմ
Նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի կնքամայր որոշ շրջանակներ համարում են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին, այսօր Հայաստանի բոլոր մարզերում կառույցներ ունի, երեք հազարից ավելի անդամ, կուսակցության ղեկավարը նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանն է, փոխնախագահը, քաղաքագետ, նախագահ Քոչարյանի աշխատակազմում աշխատած Անուշ Սեդրակյանը: Այս` դեռեւս առանձնապես գործունեություն չծավալած կուսակցությունը քաղաքական շրջանակներում առայժմ հայտնի է նրանով, որ նրան անդամակցում կամ հարում են ՀՀՇ-ից եւ ՀԱԿ-ից հեռացած բավական հայտնի քաղաքական գործիչներ` Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք: «Ազատ դեմոկրատները» ջերմ հարաբերություններ ունի «Ժառանգության» հետ, եւ մոտեցող ընտրություններին վերլուծաբանները կանխատեսում են այս երկու ուժերի սերտ համագործակցությունը:
«Հայելի» ակումբ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի հետ բանավեճի եկած ազատ դեմոկրատական Ալեքսանդր Արզումանյանը եւս երեկ «Ազգի» հետ փոքրիկ զրույցում վկայեց այդ ջերմ հարաբերությունների մասին, իսկ թե «ո՞ւմ հետ պետք է համագործակցի կուսակցությունը մոտեցող ընտրություններին» մեր հարցին էլ պատասխանեց` բոլոր լիբերալների: Բայց նաեւ ասաց, որ «Ժառանգությունից» բացի ուրիշ լիբերալներ չի տեսնում Հայաստանում, ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն եւս նահանջել են լիբերալիզմից կամ աղավաղել են այդ գաղափարները: Որքան էլ զարմանալի` ՀՅԴ-ի հետ եւս շատ հարցերում համագործակցելը Ա. Արզումանյանը հնարավոր էր համարում, ինչպես որ արդեն աջակցում են ՀՅԴ-ի եւ «ժառանգության»` մեծամասնական ընտրակարգը վերացնելու նախաձեռնությանը:
Այս նախաձեռնությունը փաստորեն դառնում է այս պահի քաղաքական դեբատների գլխավոր նյութը` քաղաքական շրջանակները եւ նրանց մերձ լրագրողական ակումբները պասը վերցրել են եւ քննարկում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի «դեմ-կողմի» թեման: Ա. Արզումանյանը երեկ նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության բոլոր հայտնի գործիչներն իրենց կարիերայի ընթացքում միշտ կողմ են եղել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, քանի որ համարել են, թե մեծամասնական տեղերը ընտրությունների կեղծման մեխանիզմ են: «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը տեղին եւ ժամանակին համարեց, քանի որ Հայաստանի պես ժողովրդավարություն չկայացրած պետություններում իշխանությունը ձգտում է վերարտադրվել կեղծիքներով, այդ թվում` կեղծման մեխանիզմներից մեկով` մեծամասնական ընտրակարգով: Նա խոսքն ամրապնդեց հաշվարկներով. եթե ընդդիմությունը հաղթանակի համամասնականով եւ 63 տեղ ստանա անգամ նոր խորհրդարանում, իսկ իշխանությունը` 27, դրան կգումարվի 41 օլիգարխ-մեծամասնական մանդատ, ու էլի կբացառվի ընդդիմության հաղթանակը: Իսկ, ասենք, ընդամենը 30 ձայնի տիրացած ընդդիմությունը, իշխանական ձայներին գումարված 41-ի պարագայում ընդդիմանալու է արդեն 101-ի, 20 տոկոսից պակաս ձայն է ունենալու նոր խորհրդարանում եւ ոչինչ չի որոշելու: Մի խոսքով` 20 տարի հետո, երբ կուսակցությունները եւ դեմոկրատիան կայանան` մեծամասնականի կամ խառն ընտրակարգի անցնելը նորմալ կլինի, դա չի բացառվում ըստ Ա. Արզումանյանի: Բայց այսօրվա իրավիճակում, երբ օլիգարխներն են հաղթում կամ տեղական ազդեցության կրող իշխանության ներկայացուցիչները, այս կարգը խանգարում է արդար ընտրությունների անցկացմանը:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն , ընդհակառակը, հարցին նայեց այն տեսակետից, թե ընտրակարգերից ո՞րն է ավելի շատ ծառայելու պետության առջեւ դրված նպատակներին: Եվ մի վիճակագրություն բերեց, թե աշխարհի 60 երկրում համամասնական ընտրակարգ է գործում, 43 երկրում` մեծամասնական ընտրակարգ է, մնացածում խառն ընտրական համակարգեր են, ինչպես եւ մեզ մոտ: Նա խոսեց մեծամասնական եւ համամասնական կարգերի թերություններից եւ առավելություններից, այդ թվում` որ 100-տոկոսանոց համամասնականի դեպքում բավականին թույլ են կառավարությունները, թույլ է կապն ընտրողի հետ, ըստ տարածքների ներկայացվածության մակարդակը բավարար չէ, կուսակցամոլության երեւույթներ են առկա (կուսակցությունները պետության խնդիրները լուծելիս գերակայություն են տալիս կուսակցական շահին): Պետական կառավարման արդյունավետության տեսակետից էլ, ըստ Ա. Դավթյանի, համամասնականը լավագույն ընտրական համակարգը չէ մեր երկրի համար: Երբ ընտրակարգ է փոխվում` հանրաքվեի ճանապարհով է լուծվում, բոլորին վերաբերող խնդիրները կուսակցությունները չպիտի լուծեն: Նա նաեւ ասում էր, թե պիտի ընդունել, որ կան ազդեցիկ եւ հեղինակավոր մարդիկ, որ կարող են մեծամասնականով ընտրվել եւ ներկայացնել ընտրողներին:
«Ազգը» հետաքրքրվեց Ա. Արզումանյանից առաջիկա ընտրություններին մասնակցության եւ ո՞ւմ հետ համագործակցելու-ցուցակ կազմավորելու վերաբերյալ, իսկ Ա. Դավթյանից` մեծամասնական ընտրատարածքները վերաձեւելու ԿԸՀ-ի նախաձեռնության շարժառիթի մասին: «Ազատ դեմոկրատները» մասնակցելու է ընտրություններին անպայման, անգամ անհատներ կլինեն, որ մեծամասնականով կառաջադրվեն, թեեւ դեռ ձեւաչափ չի հստակեցվել, իսկ ցուցակ կազմելը այնքան կարեւոր չէ, որքան իրենց գաղափարների տարածումը: Ընդհանրապես` այս բոլորը կպարզվի կուսակցության առաջիկա համագումարում: Իսկ Ա. Դավթյանը ընտրատարածքների վերաձեւումը պայմանավորեց նրանով, որ վերջին հինգ տարում ընտրողների թիվն է փոխվել, ընտրատարածքները որոշակի թվով ընտրողներ պետք է լինեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Ա. Դավթյանի կանխատեսմամբ` համամասնական կարգով նոր խորհրդարան կանցնեն 3 կամ 4 քաղաքական ուժեր: