Երեւանցիներից շատերը կպնդեն, որ հասարակական տրանսպորտի խնդիրը մայրաքաղաքի թերեւս ամենահրատապ լուծում պահանջող հարցերից մեկն է, եթե ոչ ամենահրատապը: Անընդհատ փոխվում են քաղաքապետները, իսկ հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակը մնում է անփոփոխ: Հանուն արդարության հարկ է նշել, որ մինչեւ 2008-ըՙ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարին, որոշակի քայլեր արվեցին, մայրաքաղաքի երթուղիներում նկատելիորեն ավելացան ավտոբուսները: Սակայն գլխավորՙ դեֆիցիտի հարցը մնաց անլուծելի: Երեւանցիները շարունակում են մի կերպ խցկվել արդեն իսկ գերբեռնված միկրոավտոբուսներ, «շախմատի ձի» դարձած հասնել աշխատավայր կամ վերադառնալ տուն: «Պիկ» ժամերին տրանսպորտի վիճակը խայտառակ է դառնում, եւ միջնականգառներում սպասողները պարզապես չեն կարողանում որեւէ միկրոավտոբուս եւ անգամ ավտոբուս մտնել: Շաբաթ եւ կիրակի օրերին էլ հակառակ ծայրահեղությունն էՙ երթուղիների մեծ մասում կտրուկ նվազում են թե՛ ավտոբուսները, թե՛ միկրոավտոբուսները, իսկ կանգառներոմ մարդիկ հարկադրված ժամերով սպասում են նրանց:
Գաղտնիք չէ, որ այս կացությունից ելքը միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելն է եւ վերջիններիս թիվն ավելացնելը: Սա կարծես թե գիտակցել եւ մշտապես շեշտել են Երեւանի բոլոր քաղաքապետները, հանձնարարել մշակել նոր երթուղային ցանց, որտեղ պետք է արտացոլվի այդ իրողությունը: Սակայն երթուղային ցանցերը մշակվում են, ապա նետվում աղբարկղը կամ մնում մշակողների դարակներում:
Անցյալ տարվա սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց «Ավտոբուսների առաջին խմբաքանակըՙ նոյեմբերին» վերնագրով, որտեղ հայտարարվում էր, որ արդեն նոյեմբերին Չինաստանի դրամաշնորհի միջոցով Երեւան կհասնեն առաջին 66 ավտոբուսները, իսկ 2012-ի առաջին եռամսյակումՙ եւս 170 ավտոբուս:
Այժմ 2012-ի հունվարն է, իսկ չինական առաջին 66 ավտոբուսները ոչ մի կերպ չեն ուզում Հայաստան գալ, չխոսելով արդեն մնացած 170-ի մասին, որոնք դժվար թե այս տարվա առաջին եռամսյակին հասնեն: Նեղացե՞լ են մեզանից, թե՞ ճանապարհն է շատ երկար, կամ գուցե նրանց հրելո՞վ են բերում, ինչպես 90-ականներին մենք էինք հրում հոսանքազրկված տրոլեյբուսները:
Դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատեց Չինաստանի հետ կնքած ավտոբուսները եւ նրանց պահեստամասերը Հայաստանին տրամադրելու պայմանագիրը, իսկ թե երբ դրանք իսկապես տեղ կհասնեն, ոչ մի նոր տեղեկություն չկա: Այդուհանդերձ, Երեւանի քաղաքապետարանը չի ընկճվում, դեկտեմբերին նոր քաղաքապետի մոտ եւս մեկ անգամ է քննարկվում երթուղային նոր ցանցը: Կարելի է ընդհանրապես յուրաքանչյուր ամիս քննարկել նոր երթուղային ցանցը, դարձնելով այն ավանդական եւ անգամ սահմանել երթուղային ցանցի քննարկման օրՙ յուրաքանչյուր ամսվա, ասենքՙ 14-ին: Ինչո՞ւ 14-ին, կհարցնեն ոմանք: Դե կարելի է նաեւ 15-ին, քանի որ որեւէ տարբերություն չկա:
Քիչ էր մնում մոռանայինք Երեւանի քաղաքապետարանի սեպտեմբերին հաղորդած եւս մեկ ցնցող տեղեկատվություն, որին այդ ժամանակ մեր թերթում անդրադարձել էինք: Այն կոչվում էր «Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով»: Ըստ այդ տեղեկատվության վահանակը միացված պետք է լիներ GPS համակարգին, որը ցույց կտար, թե որքան ժամանակ հետո պետք է տվյալ կանգառ հասնի ավտոբուսը: Պատկերացնո՞ւմ եք, բավական չէ, որ երթեւեկելու էինք նոր ավտոբուսներով, դեռ կարող էինք ճշգրիտ իմանալ, թե քանի րոպե հետո է հերթական ավտոբուսը ժամանելու: Սա հո իսկական հրաշք է: Մնում է միայն սպասել, որ նոր ավտոբուսները չեն հոգնի ճանապարհից, չեն փոշմանի Հայաստան գալուց եւ մի երջանիկ օր կհասնեն մեր երկիր: Ոչինչ, որ այդ օրվան գուցե մեր մի երկու սերունդ սպասի, բայց, ի վերջո, դա տեղի կունենա, ինչպես եւ էլեկտրոնային վահանակները իրական ու անգամ շոշափելի կլինեն: Ի վերջո հրեաները Մովսեսի գլխավորությամբ 40 տարի հետո հասան իրենց երկիր ...
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ