Զինծառայողներին տրամադրվող արձակուրդը կդառնա պարտադիր
Կառավարությունն այսօր կքննարկի «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Այն նպատակ ունի օրենսդրական բարեփոխումներ կատարել զինված ուժերում շարքային եւ սերժանտական կազմերի պայմանագրային ծառայության ընդլայնման, զինծառայողների պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, որակավորումների անցկացման եւ այլ հարաբերություններում:
Ներկայիս օրենքը զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնման, ռազմակրթական համակարգի զարգացման, զինծառայողներին պաշտոնի նշանակման եւ ազատման գործընթացում թափանցիկության ապահովման, կարգապահության ամրապնդման լիարժեք իրականցնելու համար ունի խոցելի կետեր: Մասնավորապես, օրենքը հստակ կարգավորումներ չի նախատեսում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եւ սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած եւ այդ դասընթացներն ավարտած զինծառայողների կարգավիճակի, զինվորական պաշտոնների նշանակման, արձակուրդի, զինվորական ծառայության պայմանագրերի կնքման դադարեցման հետ կապված հարցերում: Օրենքի նոր նախագծով սերժանտական կոչումները կներառվեն ենթասպայական կազմում` որպես կրտսեր ենթասպայական կազմ, կոչումների կրման համար կսահմանվեն նոր ժամկետներ: Հաշվի առնելով հասարակության դժգոհությունը պարտադիր զինվորական ծառայության կազմին արձակուրդների արդարացի կիրառման գործընթացի վերաբերյալ, հիմնական արձակուրդը կտրամադրվի պարտադիր կարգով: Օրենքի նախագծի կարգավորման նպատակն է զինված ուժերում ընդլայնել պայմանագրային սերժանտական համակարգը, զարգացնել ռազմակրթական համակարգը, ամրապնդել կարգապահությունը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ