«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՄԻԵԴ-Ը ՉԻ ՀԵՐՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Ադրբեջանական լրատվամիջոցներում այդ երկրի պաշտոնյաների կողմից տարածված հայտարարությունները, իբրեւ թե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ փախստականների հայցի վերաբերյալ որոշման մեջ ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հիմնական մասն է կազմում» եւ որ Հայաստանի զինված ուժերը «օկուպացրել են Ադրբեջանի տարածքի մեծ մասը», իրականությանը չեն համապատասխանում: Մեկնաբանելով դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանցի Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի» հայցերը քննության առարկա դարձնելու մասին ՄԻԵԴ-ի որոշումը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Դատարանն այդպես չէր կարող որոշել, որովհետեւ Հայաստանն իր փաստարկներով պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ տարածքի նկատմամբ Հայաստանը չունի իրավազորություն», հավելեց Կոստանյանը` ընդգծելով, որ հենց դա էլ արձանագրել է ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ: Ըստ Կոստանյանի, այս գործով վճիռը «միակ եւ առաջին» փաստաթուղթը կլինի, որը կփաստի` ունի՞ Հայաստանը իրավազորություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, թե՞ ոչ:

Նա ասաց, որ հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացրել է առարկություններ այն մասին, որ Հայաստանը չունի եւ չի կարող ունենալ իրավազորություն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ: Մանրամասն ներկայացնելով ՄԻԵԴ որոշումը, ՀՀ կառավարության ներկայացուցիչը մատնանշեց 84-րդ կետը, որի համաձայն, դատարանը ոչ թե հերքում է այդ առարկությունները, այլ պատրաստվում քննել գործի քննության հաջորդ փուլում:

«Սա լուրջ իրավական գործընթաց է, եւ մեր փաստարկները առ այն, որ Հայաստանը չունի իրավազորություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բավական ուժեղ են ու հիմնավորված, եւ դա է պատճառը, որ այս որոշմամբ, Դատարանը դժվարացել է որեւէ վերջնական որոշում կայացնել: Ավելին, դատարանը չի հերքել եւ բավարար հիմքեր չի ունեցել հերքելու կառավարության առարկությունները, որոնք հիմնավորում են, որ Հայաստանի կառավարությունը չունի բավարար իրավազորություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- հավելեց Գեւորգ Կոստանյանը:

Նա ասաց, որ իր համար մտահոգիչ է, երբ ադրբեջանցի պաշտոնյաները, ըստ էության, սուտ տեղեկություններ են տարածում: «Նման տեղեկությունները անհեթեթ են եւ զուտ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից` ոչ կոռեկտ»,- նկատեց Կոստանյանը:

Նրա խոսքով, մինչեւ գործի քննության երկրորդ փուլը կան շատ հնարավորություններ, այդ թվում` փաստահավաք առաքելություն իրականացնելը, գրավոր ընթացակարգով քննությունը կամ բանավոր լսումներ, որտեղ կընդգրկվեն վկաներ: Այս ամենի արդյունքում, ըստ Կոստանյանի, արդեն կհրապարակվի ՄԻԵԴ վճիռը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի կարծիքով, արդեն իսկ ՄԻԵԴ որոշման մեջ «նշմարվում» են քաղաքական տարրեր: «Եվրոպական դատարանը քաղաքական իրավիճակը նկատի ունենալով փորձել է ինչ-որ կերպ բալանսավորել հարաբերությունները, որովհետեւ իմ խորին համոզմամբ այս երկու հայցերը միանման չեն` թե իրենց կառուցվածքով եւ թե իրենց նշանակությամբ»,- իր կարծիքը հայտնեց Կոստանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4