Խնդիրը կրքեր էր բորբոքել հատկապես երեւանյան «մինի» խանութներում
Երեւանյան խանութներից մեկում կռիվ էր ընկել: Սննդամթերքի բաժնում հերթ կանգնածների աղմուկը պարզապես ականջ էր խլացնում: Վեճի առիթը հաց մատակարարող ընկերություններից մեկի վարորդի անփույթ աշխատանքն էր. կեղտոտ ձեռքերով հաց բերելու փաստը գնորդների դժգոհությունն էր առաջացրել:
- Հացը լվանալու չէ, որ չմտահոգվես,- երիտասարդ, բարետես արտաքինով օրիորդին էր բողոքում մի կին ու շարունակում «ելույթ ունենալ»,- վարորդն ի՞նչ իրավունք ունի հաց մատակարարի, այն էլ` մարդատար ավտոմեքենայով, հը՞: Ձեռքերը մաքուր չեն, կեղտոտ հագուստն էլ հացին է կպչում: Աղջիկ ջան, բա էս հացը ուտել կլինի՞:
- Այ տիկին ջան, ես ի՞նչ անեմ, չես ուզում` մի առ,- պատասխանեց վաճառողուհին:
Վերջինս չկարողացավ պատասխանել նաեւ հետաքրքրված գնորդների մյուս հարցերին: Օրինակ` նրանցից մեկին հետաքրքրում էր հացն առաքող ընկերության անունը:
Վաճառողուհու նյարդերը, որ վերելակի նման ուղղակի վեր ու վար եղան, ստիպված էր հենց այս պատասխանը տալ. «Ուզում եքՙ առեք, չեք ուզումՙ մի առեք: Ուրիշ ի՞նչ ասեմ, հո հարկայինից չեք»: - Եթե հարկայինից չենք, աղջիկ ջան, ուրեմն էս հացը պետք է առնե՞նք: Գինը թանկացրել եք, գլխներիս «քարոզ» եք կարդում, մենք էլ գնում ենք, չէ՞, բայց էս հացն ախր ուտել չի լինի,- մեկ զայրացած, մեկ հուզված արտահայտվեց մի այլ գնորդ:
Իսկ երկու մեծահասակ տղամարդ ստիպված եղան քայլել բավական երկար, մինչեւ հացը կգնեն հարեւան հանրախանութներից մեկից:
Մեզանում նման դեպքերի շատ կարելի է հանդիպել` հատկապես Երեւանի ծայրամասային խանութներում: Այսօր, դրանով լրջորեն զբաղվող չկա: Իսկ առհասարակ, ինչպիսի՞ն է երեւանյան խանութների պատկերը:
Ճիշտ է` գրեթե բոլոր խանութները կամ հանրախանութները ժամանակակից ու գեղեցիկ տեսք են ստացել: Բազմաթիվ մարկետներ ու սուպերմարկետներ են բացվել, որոնց շքեղ ցուցափեղկերը մթերքների բազմազանությամբ իսկական գլխապտույտ են առաջացնում: Հենց նույն սուպերմարկետներն այսօր «պայթում» են երշիկեղենի, կիսաֆաբրիկատների, զանազան աղցանների, խմորեղենի առատությունից: Այստեղ, բնականաբար, մեծ ազդեցություն են գործում հեռուստա եւ ռադիո գովազդները: Սովորաբար գովազդվող արտադրանքն այնքան շատ է ներկայացվում նույն հեռուստադիտողին ու ռադիոլսողին, որ սպառողն արդեն ենթագիտակցորեն է գնում գովազդվող արտադրանքը` երբեմն նույնիսկ չնկատելով ապրանքի որակը, քաշը եւ այլն:
Անկախ խանութի տեսքից ու մակարդակից, դժվար թե գտնվի մի սպառող, որ գնումներ կատարելիս պահանջի սննդամթերքի որակի վկայականը` «սերտիֆիկատ»-ը:
- Յա՛, էս հերթը թողած քեզ պիտի սերտիֆիկատ ցույց տա՞մ: Չես առնումՙ ջհանդամը առնես,- մի կնոջ ասաց նույն «բարեհամբույր» վաճառողուհին:
Այդպես էլ սպառողների համար անհայտ են մնում արտադրանքի ժամկետին, քաշին, որակին վերաբերող ու էլի-էլի բազմաթիվ տվյալները:
Այսուհանդերձ, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը փաստում է, որ մակնիշի վրա անպատճառ պետք է լինեն սննդամթերքի բաղադրության, պիտանելիության, արտադրության տարեթվի, ժամկետի, զտաքաշի, արտադրողի տվյալները:
Մինչդեռ, մեղմ ասած, հիմնականում այդ տվյալները թերի են լինում, հատկապես բացակայում է արտադրության թվականը:
Իսկ այս դեպքում արդեն ապրանքի հին լինելն ապացուցելը բարդ խնդիր է առաջացնում: Իհարկե, ապացուցելու եւ բողոքելու իրավունք ունեն բոլորը, բայց թե ո՞ւր եւ ո՞ւմ` թերեւս քչերը գիտեն, շատերն էլ դրանով զբաղվելու ոչ նյարդեր ունեն, ոչ էլ ժամանակ:
Եվ այսպես, անփութությունն արմատակալում է արտադրողի եւ վաճառողի աշխատաոճում: Իսկ սպառողը պարտավոր է մտահոգվել` թեկուզ հենց սեփական առողջության ու գրպանի համար:
- Ես մի փոքրիկ խանութից եմ օգտվում, բայց այնքան էլ հիգիենիկ չէ: Միայնակ թոշակառու եմ, երկար քայլել չեմ կարող, այդ իսկ պատճառով ստիպված եմ այդտեղից հաց առնել,- վրդովված ասում է 70-ամյա տիկին Սիրարփին:
Այս գունապնակում պակաս մտահոգիչ չէ նաեւ բարձրակարգ սպասարկման բացակայությունը: Թերեւս հատուկենտ «էլիտար» խանութներում կարելի է հանդիպել համազգեստով վաճառողուհիների: Իսկ ավելի հաճախ շատերն աշխատում են առօրյա հագուստով, մազերն ուսերին թափած, առանց գլխաշորի կամ գլխարկի` բոլոր այդ պակասություններին հավելելով մաստակի առկայությունը:
Եվրոպական քաղաքակրթությունը պահանջում է սնունդ վաճառել անգամ առանց լաքապատ եղունգների, հացը, երշիկը ու էլի մի շարք մթերքներ վաճառել ձեռնոցներով:
ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆ