«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


«ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿԸ» ՆՈՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՈՐՊԵՍ ՏՈՆԱԿԱՆ ՆՎԵՐ

«Ազգը» վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգաշարերին անցած տարվա ընթացքում անդրադարձել է: Սակայն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին նվիրված երկու համերգ-ներկայացումներին չանդրադարձավ ձմեռային արձակուրդի պատճառով: Արժե մեր ընթերցողներին ներկայացնել, թե ինչպիսի ոգեւորությամբ, խանդավառությամբ ու երկարատեւ ծափերով ընթացան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած տոնական երկու ծրագրերը: Հրաշալի գրող Հոֆմանի «Շչելկունչիկը եւ մկների արքան» հեքիաթի հիման վրա հանճարեղ կոմպոզիտոր Պ. Ի. Չայկովսկին, աշխարհահռչակ բալետմայստեր Մարիուս Պետիպայի լիբրետոյով գրած բալետիՙ «Շչելկունչիկի» պրեմիերան տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարինյան օպերային թատրոնում 1892-ին: Ե՛վ հեքիաթը, ե՛ւ հետագայում բալետը գրեթե բոլոր երկրներում դարձել են ամանորյա լավագույն նվերը, որ շուրջ 120 տարի բեմահարթակից չի իջնում: Նրանք, ովքեր մոռացել կամ չեն ընթերցել հեքիաթը, փորձեմ հակիրճ ներկայացնել:

Բժիշկ Շտալբաումի զավակներըՙ Մարին եւ Ֆրիցը սպասում են Ծննդյան տոնի նվերներին: Բժշկի շքեղ զարդարված տանը, տոնածառի շուրջը համախմբվում են հյուրերը, որոնց թվում է երեխաների կնքահայր Դրոսելմայերը, որը հայտնի էր խաղալիքները կենդանացնելու իր հրաշալի ունակությամբ: Կնքահայրը Մարիին է նվիրում ընկուզակոտրիչ Շչելկունչիկի տիկնիկըՙ զարմանալի ու տարօրինակ դեմքով: Ֆրիցըՙ Մարիի եղբայրը, պատահաբար կոտրում է տիկնիկը: Բայց Մարին կոտրած տիկնիկը զգուշությամբ վերցնում է, գուրգուրում եւ օրորում: Տոնակատարությունից հետո Մարին իր անկողնում տեղադրում է տիկնիկին ու միասին քնում են: Հանկարծ հրաշք է կատարվում. տան պատերը տեղաշարժվում են, տոնածառը սկսում է մեծանալ, խաղալիքները կենդանանում են եւ դառնում զինվորիկներ: Այդ պահին աննկատ հայտնվում են մկները իրենց արքայի գլխավորությամբ ու դառնում են դրության տերը: Շչելկունչիկը զինվորիկների հետ պայքարում է մկների դեմ: Երբ Մարին նկատում է, որ մկները հաղթում են, հանում է իր կոշիկը եւ նետում մկների արքայի ուղղությամբ: Այդ տեսնելով, մկները խուճապահար փախչում են:

Կատարվում է եւս մեկ հրաշք. Շչելկունչիկը կերպարանափոխվում է ու դառնում գեղեցկադեմ արքայազն, ու Մարիի հետ բոլոր տիկնիկների ուղեկցությամբ հայտնվում աստղալից երկնքի տակՙ ձյան փաթիլների ներքո: Բոլորը ուրախանում են ու պատրաստվում Մարիի ու արքայազնի հարսանիքին: Հանկարծ Մարին արթնանում է եւ Շչելկունչիկին տեսնում իր գրկումՙ երեւակայական երազների աշխարհից չկտրվելով...

Ահա այս գեղեցիկ հեքիաթ-բալետը նկարիչ եւ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի եւ ՀՊՖՆ-ի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի համատեղ ստեղծագործական ջանքերի արդյունքում առաջին անգամՙ աշխարհում նոր «Լապրիմա-վերտիոզ» տեխնոլոգիական ոճով դարձավ «Շչելկունչիկ» գրական-երաժշտական 2 մասանոց կոմպոզիցիաՙ բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ: Նրանք, ովքեր այդ երկու օրերին ներկա գտնվեցին, դարձան առաջին հանդիսատեսն ու քննադատը, եւ իրենց հետ տարան անջնջելի տպավորություններ:

«Ազգը» հյուրընկալեց Սուքիաս Թորոսյանին եւ խնդրեց պատմել, թե ինչպես մտահղացավ նման կերպ ներկայացնել բալետը: Հիշեցման կարգով ասեմ, երբ Սուքիաս Թորոսյանը որպես երգիծանկարիչ (Toto) աշխատում էր «Ազգ» օրաթերթում, 1995-ին առաջին անգամ փորձ արեց Ֆ. Գոյայի «Գոյա Կապրիչիոս թիվ 0» ստեղծագործությունը մեկնաբանել բեմում նկարների միջոցով: Սակայն այն ժամանակ դա կարծես չընկալվեց ու չշարունակվեց: Հենց այդ տարիներից հետո Սուքիաս Թորոսյանն անընդհատ որոնումների արդյունքում նոր լուծումներ էր մշակում: Արվեստագետի ներսում խմորվում էին այնպիսի մտահղացումներ, որոնք թվում էր, թե իրականացնել հնարավոր չի լինի: Եվ ահա մի առիթով Սուքիասը եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը զրուցում են Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի շուրջը (ի դեպ, Էդ. Թոփչյանը այդ բալետի համերգային կատարումը ընդգրկել էր երիտասարդների համար համերգային ծրագրում եւ հնչեցրել -Մ. Մ.):

Զրույցը թեժանում է, սկսվում է համագործակցությունը, որին միանում է նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներին հրաշալի տիրապետող Անդրանիկ Թորոսյանըՙ Սուքիասի որդին: Համերգասրահի 15x10 քմ էկրանի վրա արտացոլվում են նկարիչ Սուքիաս Թորոսյանի նկարներըՙ հատուկ անիմացիոն սարքի միջոցով, եւ ամեն մի շարժում, ամեն մի շտրիխ արտահայտում բալետի սյուժենՙ զուգահեռ հնչող կենդանի երաժշտությամբ, որը կատարում էր ՀՊՖ նվագախումբը դիրիժոր Էդ. Թոփչյանի գլխավորությամբ: Իսկ էկրանի կենտրոնում 6 մետր շառավղով կլոր գնդի մեջ, որը շատ նման էր տոնածառի խաղալիքի, արտացոլվում էին շրջապատի գործողություններըՙ շարժվելով պատկերների հետ: Իսկ ամբողջ էկրանին զուգահեռաբար նկատվում էին այն պատկերներն ու վայրերը, որտեղ տեղի էր ունենում գործողությունը:

Ահա այսպիսի մոտեցմամբ, կենդանի շնչառությամբ այդ հրաշալի գործը ներկայացնելը, որքան էլ որ այն կրկնվի, միեւնույն էՙ չի կարող նույնը լինել, քանի որ նկարիչը գտնվում է ստեղծագործական պահի մեջ եւ յուրաքանչյուր պահը դառնում է իմպրովիզացիայի արդյունք, չկրկնելով նախորդին: «Ահա այս «Լապրիմա-վերտիոզ» ոճը, ինչպես նշում էր Սուքիաս Թորոսյանը, արվեստի բնագավառում նոր ուղղություն է եւ եթե կարողանանք այդ ուղղությունը երաժշտության հետ էլ համակցել, որը շատ բարդ գործ է, ապա մենք կհասնենք շատ բարձունքների: Վկան այս ներկայացումն է, որը նկարչական արվեստի համադրմամբ ներդրեցինք: Իսկ առաջիկայում արդեն այդ ամենին կավելանա նաեւ կենդանի բալետըՙ եռաչափ իրական պատկերներով, որի ընթացքում պարողների զգեստները ես ինքս կնկարեմ, կգունավորեմ հանդիսատեսի աչքերի առջեւ: Խոստանում եմ, որ ամեն նոր «Շչելկունչիկ» կմատուցեմ նորովի, որովհետեւ ունեմ իմ թիկունքում անիմացիոն տեխնիկային հրաշալի տիրապետող որդի, որն ինձ կես բառից հասկանում է, թե ինչ եմ ուզում...»:

Երիտասարդ մասնագետ, անիմատոր Անդրանիկ Թորոսյանի եւ տարիների վաստակ ունեցող նկարիչ, բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի մտահղացումնեը դեռ շատ կզարմացնեն ու կհիացնեն հանդիսատեսին:

Ինչպես պատմում էր Սուքիաս Թորոսյանը, «Շչելկունչիկ» հեքիաթը մանկուց լսել է իր մայրիկից (ազգությամբ բուլղարուհի, Գյուրչեւա Մագդալինա Իվանովնա), որը մշտապես հեքիաթներ էր կարդում իր զավակներին: Հոֆմանի այս հեքիաթը այնքան էր տպավորվել, որ պատանի Սուքիասն այն անընդհատ վերընթերցել է: Իսկ այժմ էլ նորագույն տեխնիկան ներմուծելով, նորովի է մատուցել բալետը: Նկարիչն ունի նմանօրինակ այլեւայլ ծրագրեր, որոնք առաջիկայում խոստովանեց, որ դեռ կներկայացնի հանդիսատեսի դատին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4