«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Փարիզի «Պավիլիոն Դոֆինում» դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հատուկ հանդիսություն, որի ընթացքում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից նախարարության ոսկե մեդալն է հանձնել դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Փափազյանինՙ հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում նշանակալի դերակատարության համար:

Դրանից մեկ տարի առաջ Փափազյանը արժանացել էր նախագահական «Մովսես Խորենացի» մեդալին: Նրա ներդրումների շարքը հարուստ կենսագրություն ունի, սկսած մրցանակակիր «Կայք Արարատում» եզակի ներկայացումից մինչեւ Միչիգանի օպերային թատրոնում «Անուշի» եւ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում «Արշակ Բ-ի», ինչպես նաեւ Ժան-Ժակ Վարուժանի «Ամազոն», Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյանի» թեմաներով «Կանանց ատամնաբույժը» եւ Չուխաջյանի «Կարինե» ներկայացումները:

Ժիրայր Փափազյանը Փարիզում հիմնել եւ ներկայումս տնօրենն է «Տիգրան Չուխաջյան ուսումնասիրությունների կենտրոնի»:

Վերոնշյալ հանդիսության ավարտին շնորհակալություն հայտնելով մեդալի համար, Փափազյանը անակնկալ է մատուցել բեմ հրավիրելով ֆրանսուհի Ամելի Ռոբինոյին, որն ի զարմանս եւ ի գոհունակություն ներկաների հրաշալիորեն կատարել է «Երեւան-Էրեբունի» երգը հայերենով:

Ի դեպ, օպերային երգչուհին զբաղված է Փափազյանի «Կարինե» ներկայացման մեջ եւ Չուխաջյան կենտրոնի տնօրենի օգնականն է: Նրան եւ երեք այլ ֆրանսիացի մենակատարների գեղարվեստական ղեկավար Վինսենտ Բոնզոմը ընտրել է կազմելու համար «Արեւածաղիկ» քառյակը, որը կատարելու է բացառապես հայկական, ինչպես դասական, այնպես էլՙ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտական ստեղծագործություններ: Քառյակն արդեն իսկ ելույթներ է ունեցել մի շարք հանդիսությունների ընթացքումՙ արժանանալով ֆրանսիացի արվեստասերների ծափերին եւ հիացական արտահայտություններին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4