Հայ մասոնական օթյակից
Սեղանիս վրա դատարկ արկղ հայտնվեց: Այդպիսի արկղեր խմբագրությունում սովորաբար հատակին են դրվումՙ ոչ պիտանի թղթերի (մակուլատուրա) համար: «Երեւի պետք է» մտածեցի, այդպես մնաց մի օր: Հաջորդ օրը ծրար հայտնվեց, նայեցիՙ շնորհավորական բացիկ էր. առաջինը: «Ահ, այո, Նոր տարին է մոտենում»: Դեկտեմբերի 20-ը, թե՞ 21-ն էր: Գալիք 2012-ի առաջին շնորհավորականըՙ «Անելիք» բանկից է: «Լավ է,- մտածեցի,- խորհրդանշական է, դե մենք էլՙ ֆինանսական նեղ վիճակում ենք»: Հետո շնորհավորանքները շատացան, ծրարները կուտակվեցին, արկղում տեղ չկար: Տոներից հետո սեղանին արդեն գրելու տեղ չկարՙ օրացույցներ, տուփեր, ծրարներ: Մաղթանքներՙ ընդունված ձեւով, ամեն տարվա պես, գրությունները նույնն են, բացիկներըՙ նույնպես, առանձին բացառությունները, դրանցՙ ճաշակավոր, ինքնատիպ, («Պողոսյան պարտեզներ», ABC Domen) պահի ուրախություն են պատճառում, օրացույցներըՙ նույնպես (օրինակՙ «Արայինը»): Օրացույցներ խմբագրությունը ստացել է Մանկավարժական համալսարանից, «Արարատ» կոնյակի գործարանից, Երեւանի գարեջրի գործարանից, «Orange»-ից, «Coca-Cola»-ից (վերջին երկուսիցՙ նաեւ սեղանի գրքույկներ), Վիվասելից, նաեւ «Աշխարհի հայկական հուշարձանները» գիրք-ալբոմը, որին առանձին կանդրադառնանք, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից, «Գոհար» մշակութային հիմնադրամից, Թեքեյան մշակութային միությունից, «Արայ»-ից:
Շնորհավորական բացիկները շատ ավելին են, որոնք մեկ առ մեկ սովորույթի համաձայն արձանագրվում են թերթի էջերում: Դրանցից մեկըՙ էլեկտրոնային փոստով ուղարկված, միանգամայն տարբեր է մյուսներից. բովանդակությամբ, իհարկե, որի մասինՙ վերջում: Ես այն առանձնացրի, որովհետեւ ավելի «մխիթարական» է: Բացի այդ, հետաքրքրական տեղեկություն է հաղորդում, մտքերդ խառնում, զգացմունքներդ շարժում. անցած տարի կինոէկրաններին մի ֆիլմ հայտնվեցՙ «2012»: Մարդիկ կինոդահլիճից դուրս էին գալիս ծանր տպավորությամբ, հուսահատված, ինչ-որ տեղ ահաբեկված, խուճապահար: Կրոնական, ոչ կրոնական միջավայրերում շատ էր խոսվում ըստ մայաների օրացույցի, 2012-ի դեկտեմբերի 21-ի աշխարհի կործանման մասին: Կինոարտադրողները նման առիթը ձեռքից բաց չեն թողնում: Ֆիլմերը ազդեցիկ են ավելի, վիրտուալ պատկերները շատ ավելի խոր հետք են թողնում զգայական աշխարհի վրա: Մի մասը ծիծաղում էր, բայց մտքի մի անկյունում դարան էր մտնում վախը: Ինչպե՞ս է դա լինելուՙ հրի՞ց, ջրի՞ց, ինչի՞ց: Անցնող տարիներին բնական աղետներից մարդիկ աչք չէին բացում. երկրաշարժեր, ցունամիներ, հրաբուխներ... Հոլիվուդը ամենատարբեր վերսիաներով սցենարներ է առաջարկում: Զգացմունքայնությունը հասնում է սենտիմենտալիզմի: Նորատի կինը հուզվում է, արցունքոտվում են մայրության սպասող աչքերը. «Գոնե երեխաս ծնվի»: Տարօրինակ է, չէ՞, մարդու հոգեբանությունը: Բայց միեւնույն է, 2012-ի Նոր տարվա օրերին մարդիկ իրար շնորհավորում ու հուսադրում էին, թե տարին շատ հաջող է լինելու: Իսկ ինձ թվում էրՙ ինչ-որ բան այն չէ, աչքերում ինչ-որ տխրություն կա: Գուցեՙ 2012-ի դեկտեմբերի 21-ի քարոզչությունի՞ց էր:
Իսկ շնորհավորանքները նույնն են, ինչպես ամեն տարեսկզբին, երբ մարդիկ ավելի բարյացակամ են միմյանց հանդեպ, ավելի հանդուրժող: Թվում էՙ ամեն ինչ նույնն է: Խորքում, սակայն, նույնը չէ: Մեծ փոփոխություններ են սպասվում homosapiens-ին. արդեն զգացվում են բոլորովին նոր դարաշրջանի, նոր քաղաքակրթության շունչը, նշանները, որին շատերս պատրաստ չենք...
Մինչ այդՙ սովորույթի համաձայն, շնորհակալությամբ թվարկենք մեզ շնորհավորողներին (նշենք, որ մեր ընթերցողներին եւ բոլորին «Ազգը» շնորհավորել է տարեվերջյան համարում, խմբագրի մաղթանք-խորհուրդներով).
Գարեգին Բ. կաթողիկոս Ամենայն հայոց, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյան, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյան, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ փաստաբանների պալատ, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչություն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, ԴԱՀԿ ծառայություն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյան, Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանման ծառայություն:
Council of Europe office in Armenia, Office of the United Nations Resident Coordinator, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, World Vision:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն, ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն, Վրաստանի դեսպանություն:
Հայաստանի դիվանագիտական դպրոց, ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողություն, «Անելիք» բանկ, «ԱրմՍվիսբանկ», «Կոնվերսբանկ»:
Ժուռնալիստների միություն, ՎԷՄ ռադիո, Հանրային ռադիո, «Հ1» հանրային հեռուստաընկերություն, «Երկիր Մեդիա», ՀՀ հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ինտերնյուս, «Էյբիսիդոմեն» ՍՊԸ:
Թեքեյան մշակութային միություն, Հայաստանի ամերիկյան համալսարան, Գեղարվեստի պետական ակադեմիա, Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան, Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարան, «Այբ» կրթական հիմնադրամ, ԳԹԿ կենտրոն:
Դրամատիկական թատրոն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ:
«Հայաստան համահայկական հիմնադրամ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ՀՕՖ գրասենյակ:
Երեւանի կոնյակի գործարան, «Սիլ» կոնցեռն, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ, «Հայռուսգազարդ», «Վալլեքս» ընկերություն, «Պանդոկ Երեւան», «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերություն, «Պողոսյան պարտեզներ», «Արայ» ՍՊԸ, «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի բաժին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ:
«Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպություն, «Հարսնասար» բարեգործական ընկերություն եւ Գագիկ Աբրահամյան:
Էլեկտրոնային փոստով շնորհավորանքներ ստացել ենք Մ. Նահանգներից, Սարգիս եւ Հայկուհի Վահագն ամուսիններից եւ «Քնքշանք» մասոնական օթյակից, որն էլ առանձնացրել եւ ահավասիկ հրապարակում ենք նրա, ինչպես վերը նշվեց, մխիթարական ուղերձը, քանի որ աշխարհի վերջնաժամկետը երկարաձգել եւ մեզ խորը շունչ քաշելու հնարավորություն է տալիս:
«Հայ մասոնական օթյակը շնորհավորում է բոլոր մեր լուսավոր քույրերին եւ եղբայրներին, մաղթում, որ 2012-ը լինի բարի եւ քնքուշ ցանկությունների աստիճանական իրականացման տարի, գրում են նրանք: Ցանկանում ենք շեշտել, որ մայաների կողմից նախանշված եւ սնահավատների կողմից դրոշակ դարձված աշխարհի վերջի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:
Համաձայն մեր մատյանների (Հայաստան են բերվել Երուսաղեմի հարավային շրջանից դեռ 14-րդ դարում) աշխարհի կործանումը տեղի կունենա 2039 թ. 4-րդ լիալուսնի ժամանակ:
Խաղաղություն բոլորիդ»:
Այնպես որՙ չշտապենք. դեռ 27 տարի ունենք...
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ