«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՎԵՅՔ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հունվարի 14-ին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի ավանդական փառատոնը, որը կանցկացվի 3 խմբով: Ուժեղագույնների մրցաշարի 14 մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը, որն իր վարկանիշով (2805) զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին (2835): 14 գրոսմայստերների թվում են նաեւ ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովն (2773) ու Վուղար Հաշիմովը (2761), բուլղարացի Վեսելին Թոփալովը (2770), ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (2769), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2766), ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան (2759) եւ Գատա Կամսկին (2732), Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը (2739), իտալացի Ֆաբիանո Կարուանան (2736), հոլանդացիներ Անիշ Գիրին (2714) եւ Լյուկ վան Վելին (2692), չեխ Դավիթ Նավարան (2712):

Ինչպես տեսնում եք, մրցաշարը բավականին ուժեղ կազմ ունի: Մասնակիցների միջին վարկանիշը 2755 է, ինչը համապատասխանում է ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի մրցաշարին:

Լեւոն Արոնյանը 6-րդ անգամ է մասնակցելու Վեյք Ան Զեեի մրցաշարին: Առաջին անգամ նա մասնակցել է 2006-ինՙ զբաղեցնելով 7-րդ տեղը: Հաջորդ տարի Արոնյանը 13 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, 1-ին տեղը բաժանեց Թեյմուր Ռաջաբովի եւ Վեսելին Թոփալովի հետ: 2008-ին հայ գրոսմայստերը կրկին հաղթող ճանաչվեց, այս անգամ 8 միավորով 1-ին տեղը բաժանելով Մագնուս Կառլսենի հետ: 2009-ին Արոնյանը 7,5 միավորով 2-4-րդ տեղերը բաժանեց Սերգեյ Մովսիսյանի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ: 2010-ին նա չմասնակցեց մրցաշարին, իսկ անցյալ տարի 8 միավորով 3-4-րդ տեղերը բաժանեց Մագնուս Կառլսենի հետ: Հաղթողը Հիկարու Նակամուրան էր, որը վաստակեց 9 միավոր:

Առավել հաճախՙ 5 անգամ Վեյք Ան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Ժամանակին այս մրցաշարին մասնակցել է նաեւ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Նրա 2 ելույթներն էլ հաջող են եղել: 1960-ին նա հաղթող է դարձել, իսկ 1971-ին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

C խմբի մրցաշարին կմասնակցի Էլինա Դանիելյանը, որն իր վարկանիշով (2490) 14 մասնակիցների թվում 7-րդն է: Նրանից բարձր վարկանիշ ունեն անգլիացի Մեթյու Սադլերը (2660), ռուսաստանցի Մաքսիմ Տուրովը (2645), հնդիկ շախմատիստներ Բասկարան Ադհիբանը (2561) եւ Սահաջ Գրովերը (2532), շվեդ Հանս Տիկանենը (2549) եւ հոլանդացի Դան Բրանդենբուրգը (2527): Մրցաշարը ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2454 է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4