Պնդում են սոցիալիստ եւ կոմունիստ առաջնորդները
Սոցիալիստ եւ կոմունիստ սենատորների մեծամասնությունը հունվարի 23-ին Ֆրանսիայի ԱԺ վերին պալատում կքվեարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Այդ մասին Ֆրանսպրեսին տված հարցազրույցներում հայտարարել են Սենատում սոցիալիստների եւ կոմունիստների խմբակցությունների առաջնորդներ Ֆրանսուա Ռեբսամենը եւ Նիկոլ Բորվո Կոան-Սիտը:
«Խոսքը ոչ թե հիշատակման տեքստի մասին է, այլ ֆրանսիական օրենքով ճանաչված բոլոր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին: Հայերի համար սա արդարության տեքստ է», հայտարարել է սոցիալիստ առաջնորդ Ռեբսամենը, որը նաեւ Դիժոնի քաղաքապետն է:
Les Nouvelles d’ArmՌnie ամսագրի կայքէջը հավելում է, որ աջակողմյան սենատորների մեծամասնությունը եւս հավանություն է տալիս ԱԺ-ում դեկտեմբերի 22-ին ընդունված օրինագծին: Ուստի հնարավոր է, որ փաստաթուղթը նույնությամբ (առանց փոփոխությունների) ընդունվի նաեւ Սենատում:
Պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած եւ ԱԺ-ում ընդունված օրինագիծը ներկայումս քննարկվում է Սենատում: Փաստաթուղթն արդեն լուրջ ճգնաժամ է առաջացրել Փարիզ-Անկարա հարաբերություններում: Ֆրանսիական օրենքով ճանաչված որեւէ ցեղասպանության ժխտման փորձը կպատժվի 1 տարվա բանտարկությամբ եւ 45 հազար եվրո տուգանքով:
Ազգային ժողովը 2006-ի հոկտեմբերի 12-ին արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության վիճարկումը քրեականացնող Սոցկուսի օրինագիծը, որը, սակայն, 2011-ի մայիսի 4-ին մերժվել էր այն ժամանակ աջերին ենթակա Սենատում:
Թուրքիան մերժում է «ցեղասպանություն» տերմինը, թեեւ ընդունում է, որ կոտորածներ են եղել եւ որ 1915-1917 թթ. Անատոլիայում մոտ 500 հազար հայ է սպանվել: