ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դժվար է հանգիստ ապրել մի երկրում, որտեղ փողոցներում գիշերող բազմաթիվ անօթեւաններ կան: Դժվար է անգամ ոչ միայն տպավորվող եւ խղճմտանք ունեցող մարդկանց համար: Հենց հարուստների համար երեւի դժվար եւ անհարմար բան է հարուստ լինելն այդպիսի երկրում, կամ` պետք է այդպես լիներ, որովհետեւ հարուստներն էլ կարծես մեր նման մարդիկ են: Թե իրականում որքան անօթեւան մարդ է գիշերում բաց երկնքի տակ` պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի: Հրապարակի վրա եղած թվերը ենթադրական են, զանազան շրջայցերի եւ մասնավոր դիտարկումների արդյունքում ծնված: Բայց անզեն աչքով էլ տեսանելի է` վերջին տարիներին փողոցում հայտնված անօթեւանների թիվն անշեղորեն աճում է, եւ դա մեր երկրի սոցիալական վիճակի հայելին է:
Ամանորի նախօրյակին քաղաքապետարանը «Հանս Քրիաստիան Կոֆոեդ» դանիական հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնեց Վարդաշենում անօթեւանների ժամանակավոր կացարանի տրամադրումը մեկ ամսով, 40 անձի համար, եւ փաստորեն քաղաքի կենտրոնից հավաքեց անօթեւաններին, որոնք, եթե այլ, եւս ժամակավոր մի բան չառաջարկվի, հունվարի վերջին նորից կհայտնվեն փողոցում: Այս լավ նախաձեռնությունը, սակայն, միայն քաղաքի կենտրոնը բոմժերից մի փոքր մաքրելուն ծառայեց, մինչդեռ այնպիսի մեծ բոմժանոց-գիշերատեղիներ, ինչպիսին օրինակՙ Երեւանի երկաթուղային կայարանին մոտիկ ավերակ շենքն է, կամ բեռնակայարանի հին վագոնների կայանը, որրոնցից ամեն մեկում միաժամանակ 20-25 անօթեւանի կարելի է գտնել երեկոյան, էլի կան Երեւանում, եւ այդպես էլ մնում են: Անձամբ ես իմ թաղում (Ավան/Առինջ) 5-6 անօթեւանի գիտեմ, որոնց ուշ երեկոյան կարելի է հանդիպել Տարոն Մարգարյանի սարքած-կոկած այգու նստարաններին: Իսկ քաղաքի կենտրոնի անօթեւանների մի մասը պարզապես փոխել է գիշերավայրը, հենց երեկ նրանցից երեքին նկատեցի իրենց համար ոչ սովորական վայրերում:
Ի դեպ, անցած տարեվերջին «Ազգը» եւս երկու անգամ անդրադարձել էր «Վերնիսաժի» կանգառում գիշերող Անահիտ Միկիչյանին, նրանով զբաղվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, եւ չնայած այդ անօթեւան կնոջ մոտ ֆոբիա կար` կացարան չգնալու, ի վերջո նրան եւս հնարավորություն էր տրվել տեղափոխվել նախարարության թիվ 1 ինտերնատին կից անօթեւանների կացարան:
Գնացինք նրա հետքերով եւ հայտնվեցինք ինտերնատի ճաշարանում կազմակերպված հին Նոր տարվա առիթով կազմակերպված համերգին, որտեղ էլ մեր հովանավորյալին գտանք: Կացարանի բաժնի վարիչ Հայկ Պողոսյանն ասում էր, թե կացարանն այնքան լիքն է, որ նոր տեղ չկա, եւ անցած տարեվերջին 4 մարդ է ավելացել ընդամենը: Անահիտին դեկտեմբերի 10-ին են բերել: Անցած տարվա դրությամբ 408 անօթեւան է տեղավորվել այստեղ: Անօթեւաններին ապաստան է տրվում ընդամենը 60 օրով` դիմելու պահից, եթե, իհարկե, տեղ է լինում, քանի որ ձմռան ցրտերն սկսվելուց հետո դիմողները շատանում են, սակայն նրանց ընդունել հնարավոր չի լինում, կացարանը 60 հոգու համար է նախատեսված, ներկա դրությամբ 64 հոգի է այնտեղ, 4 անօթեւանի դեկտեմբերի մեջ ցրտերի հետ կապված են ընդունել: Այս ժամանակավոր կացարանում մասամբ նույն մարդիկ շուտ-շուտ դիմում եւ փաստորեն վերադառնում են, քանի որ նրանց մոտ 80-90 տոկոսը բնակության վայր չունի: Այստեղ կենցաղային սպասարկում է իրականացվում, մարդիկ ապահովված են սննդով, շատերն այստեղ են գալիս առանց փաստաթղթերի` սովետի ժամանակից դեռ կորցրած են լինում, կացարանի մասնագետներն օգնում են վերականգնել փաստաթղթերը: Մեր հին ծանոթ Անահիտ Մակիչյանին եւս նույնպես խոստացվել է փաստաթղթերի վերականգնում: Մենք տեսանք գույնը տեղը եկած, խնամված Անահիտին, որը պարում էր հին Նոր տարվա առթիվ, «Բելաջիո» համալիրի երաժիշտների բարեգործական նվագակցությամբ: Նա մյուսներից շատ ավելի արագ էր հարմարվել նոր միջավայրին` 3-4 օրում, հոգեբանների լավ թիմ է աշխատում այստեղ: Իսկ թե ի՞նչ կլինի նրա հետ` Հայկ Պողոսյանն այսպես էր պատկերացնում. նա կարող է առայժմ պարբերաբար դիմել եւ ապրել այստեղ, հետագայում իր խնդիրները փորձելով լուծել (բնակարան է կորցրել): Անահիտը, ճիշտ է, շնորհակալ էր իր համար թափված ջանքերի համար, բայց երազում էր վերականգնել տարիներ առաջ կորցրած փաստաթղթերը եւ աշխատանքի անցնել, հետո էլ, Աստծո օգնությամբ, իր կորցրած բնակարանի հարցերը լուծել: Ցրտերի պատճառով այստեղ եկածների մեջ երիտասարդ մի տղա կար` Գալաջյան Գարեգին : Նրա պատմելով` ինքն ու մայրը անօթեւան են դարձել պապիկի պարտքի պատճառով (չիմացանք` վարկ է եղել, թե ինչ), որը չեն կարողացել մարել, եւ նրանց բնակարանը 1997 թվականին պետությունը բռնագրավել է (՞): Դրսում մնացած մայր ու որդի ապրում են պատահական վաստակով, արդեն տարիներ գիշերում շենքերի մուտքերում. «Մի անկյուն է պետք ինձ ու մորս, ի վերջո ընտանիք էլ պետք է կազմեմ»: Փոքր-մոքր, թուլակազմ երիտասարդին չի հաջողվում հիմնական աշխատանք գտնել, չնայած թուրքերեն ու ռուսերեն, մի քիչ էլ անգլերեն գիտի: 40-ամյա մի տղամարդ` Աշոտ անունով, կարելի է ասել, հիվանդանոցում է ապրել ոտքերի կոտրվածքով, անգամ Լոնդոնում եղբայր ունի, իսկ քույրն էլ Եհովայի վկա է, բայց անհաշտ են, եւ նրանք չեն հետաքրրվում իրենց եղբորով:
Ինտերնատի ճաշարանում ոչ միայն այդ 65 անօթեւաններն էին, այլեւ 250 ծերեր, որոնք նույնպես, կարելի է ասել, հայտնվել են անօթեւանի կարգավիճակում, քանի որ անգամ հարազատ ունեցողները ծայրահեղ վատ սոցիալական վիճակի պատճառով աջակցություն չեն ստանում նրանցից: Ու չնայած այս ինտերնատի` բավական լավ մատուցվող ծառայություններին, նրանք ի վերջո, կոպիտ ասենք, ծերանոցի բնակիչներ են ու իրենց աչքերը թախիծով փախցնում են օտար հայացքից:
Վերադառնալով անօթեւանների խնդրին` նշենք, 2006 թվականից տարեկան 54 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից անօթեւաններին մատուցվող ծառայությունների համար, անցած տարի այդ թիվը եղել է 60 մլն դրամի սահմաններում: Անօթեւանների այս կացարանում անցկացրածների 408 թիվը շատ հեռու է թեկուզ հենց միայն Երեւանի` տարբեր փորձագիտական ենթադրություններով 1000-2000 թվից (Հայաստանի ոստիկանությունը 54 անօթեւանի տվյալի է տիրապետում Երեւանում), Գյումրիում եւս մի քանի հարյուր անօթեւանի մասին ենթադրություններ կան: Ակնհայտ է, որ մեզ նման աղքատ պետությունը չի կարող իրեն թույլ տալ այն շռայլությունը, որ ամեն տարի մի քանի տասնյակ մլն դրամ ծախսելով ու առկա անօթեւանների մի որոշ մասին տաքացնելով ու կերակրելով` հետաձգի հարցի առավել արմատական լուծումը: Այս խնդրում մոդելի ընտրության եւ անօթեւանությունը նպատակամետ վերացնելու քայլերն միանգամից գուցե թանկ նստեն պետության վրա, բայց տարիներով փոշիացվող գումարները շատ ավելին են: Երբ բերում են այն օրինակը, թե Եվրոպայում էլ ժամանակավոր կացարանները տարածված են, մենք կարող ենք հակադրվել, որ Եվրոպայի անօթեւանների շարքերն ամեն տարի ներգաղթյալների հաշվին են ստվարանում: Իսկ մեր անօթեւանները մեր ազգակից սոցիալական զոհեր են, որոնց խնդիրները դանդաղորեն եւ համակարգված լուծելու դեպքում գուցե մի 10 տարում անշեղ նվազեցնենք փողոցում հայտնված անօթեւանների թիվը: Հեռանկարը էլի աշխատատեղերի ստեղծումն է, բնակավայրերի տրամադրումը. այս վերջինը կարող է լինել թեկուզ հանրակացարանների տիպի եւ ինչ-որ ժամկետով սենյակների տրամադրում, մինչեւ որ աշխատունակ մարդիկ աշխատանք գտնեն եւ ոտքի կանգնեն: Բազմաթիվ այլ, համակարգված մոդելներ գոյություն ունեն: Ամեն դեպքում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու կառավարությունն ինչ-որ ծրագիր են մտմտում, ու գուցե այս տարվա մեջ ինչ-որ մի որոշում պետք է կայացնեն` գոնե հարցի լուծման հայեցակարգային մոտեցում ընտրելով: