Բուլղարական խորհրդարանում ազգությամբ թուրք բուլղարահպատակների առկայությունը արգելք է դարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար: Ինչպես «Սոֆիա Եխո» պարբերականին հղում անելով տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը, Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի ընդունման մասին առաջարկությունն առաջ է քաշել երկրի ծայրահեղ աջ «Ատակա» կուսակցությունը:
Կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը չորեքշաբթի Բուլղարիայի խորհրդարանի նիստում հայտարարել է, որ իր կուսակցության առաջարկած բանաձեւը պատմական իրադարձությունների ճանաչման անհրաժեշտությամբ է պայմանավորված, այլ ոչ խնդիրը քաղաքականացնելու կամ պատմության ոլորտ ներխուժելու նպատակով:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Հայոց ցեղասպանության խնդրին անդրադառնալուն դեմ է եղել առաջնորդների եւ աջակիցների հիմնական կազմում Բուլղարիայի ազգության թուրք քաղաքացիներ ունեցող «Իրավունքների եւ ազատությունների համար շարժում» կուսակցությունը:
Բուլղարիայի խորհրդարանում նման բանաձեւի ընդունումը չի հաջողվում, մինչդեռ բուլղարական մի շարք քաղաքներ, այդ թվումՙ Պլովդիվը, Վառնան, Բուրգասը, Ստարա Զագորան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Իսկ որ թուրքերը դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, միեւնույն ժամանակ հանդես գալով որպես «Իրավունքների եւ ազատությունների համար շարժման» ներկայացուցիչներ, այս պարագայում հեգնական է ստացվում. սեփական իրավունքներն ու ազատությունները, թուրքերի համար, թեկուզ Բուլղարիայում, շատ են տարբերվում, անգամ գերադասվում են մյուսների իրավունքներից:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ