Ըստ Բարրի Ռոուզենի, հատուկ CNN-ի համար
Բարրի Ռոուզենը ԱՄՆ վերջին մամլո կցորդն էր Իրանում: Նա այն 52 ամերիկացիներից մեկն էր, ում Իրանը պատանդ էր պահել 444 օր` 1979-ի նոյեմբերի 4-ից մինչեւ 1981-ի հունվարի 20-ը: Նա ներկայումս Նյու Յորքի Բրո Մանհեթենի համայնքային քոլեջի խոսնակն է:
Իմ կյանքի մեծ մասը ես հարաբերություններ եմ ունեցել Իրանի հետ, մեծ մասամբ` լավ, սակայն դրանք ներառում են նաեւ բավականին երկար ժամանակաշրջան, երբ Իրանը ինձ եւ շատ այլ օտարերկրյա աշխատակիցների մեծապես ցավ է պատճառել:
1979-ին ես ԱՄՆ-ի դեսպանատան մամլո կցորդն էի Թեհրանում, նաեւ այն 52 ամերիկացիներից մեկը, որոնց 444 օր պատանդ պահեցին Իրանական հեղափոխության ժամանակ: Չեմ կարող ներել այն երիտասարդ իրանցիներին, ովքեր բանտարկեցին մեզ, եւ այն վարչախմբին, որն օրինականացրեց նրանց դաժանությունը: Սակայն ես կփորձեմ լինել ինչքան հնարավոր է անկողմնակալ դիտորդ Իրանի ներկայիս իրավիճակի առնչությամբ:
Եկեք լինենք անկեղծ: Իրանի անհաշտ դիրքորոշումը իր միջուկային մտադրություններով եւ Արեւմուտքի ջանքերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, թուլացնելու Իրանի տնտեսությունը, հավանաբար նաեւ նրա լեգիտիմությունը, երկու կողմերին էլ հեռացնում են խոսքի պատերազմից` մոտեցնելով թեժ պատերազմի:
Այս պատերազմը կարող է հեշտությամբ իրականացվել Իսրայելում, թերեւս նույնիսկ որոշ արաբական երկրներում, որոնց իսլամական կողմը աչքի է ընկնում «արաբական գարնանից» սկսած: Այն կարող է ամբողջովին փակել Հորմուզի նեղուցը, եւ անհավանականորեն բարձրացնել նավթի գինը` երկարաձգելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Եվ սա եւս մեկ անգամ առաջին պլան կմղի Միացյալ Նահանգներին` պահելով նրան երրորդ երկարատեւ պատերազմի կենտրոնում սկսած 2001-ից:
Բայց հապճեպ եզրակացություններ չանենք, թե պատերազմը անխուսափելի է, եւ Իրանի սրի թափահարմանը ինքնաբերաբար չարձագանքենք, ինչպես որ անում են նախագահի հանրապետական որոշ թեկնածուներ` միավորներ կորզելու քարոզարշավի ճանապարհին: Երեւում է, նրանք կարծում են, թե այդ պատերազմը վիրահատական բնույթ կունենա եւ շատ արագ կավարտվի: Այդ նույն սխալ մտածելակերպն էր, որ մեզ տարավ Իրաք:
Մի պահ հետքայլ անենք եւ կենտրոնանանք Իրանի ներքին քաղաքական իրավիճակի վրա, որն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ վերջինիս առճակատման հիմնական պատճառն է: Թեեւ չեմ ուզում, որ թվա, թե ես ավտորիտար Իսլամական Հանրապետության ջատագովն եմ, սակայն չեմ էլ ուզում, որ միամիտ լինենք իրանական մտադրությունների իրական դրդապատճառների վերաբերյալ:
Առաջին, Իրանի «քաղաքացիական» միջուկային ծրագրի սկիզբը դրվել է դեռեւս Իրանի շահի օրոք` նախքան հեղափոխությունը, եւ ոչ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ոչ էլ ԱՄՆ-ը ապացույցներ չունեն, թե Իրանը իսկապես ռումբ է պատրաստում:
Երկրորդ, ամենուրեք տեղեկացվում է, որ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բաց հակամարտության մեջ են այսօր` ոչ միայն քաղաքական, այլեւ աստվածաբանական տեսանկյունից:
Չնայած Արեւմուտքի համար այս պառակտումը Իրանի ներքին հարցն է, Թեհրանի համար սա շատ լուրջ հարց է: Ահմադինեժադը փորձում է փոխել Իրանի աստվածաբանական-քաղաքական հիմքը` հայտարարելով, որ ինքը եւ ոչ թե Խամենեին ուղղակի կապ ունի Շիhիթ Մահդիի` մեսիայի հետ: Խամենեին պատասխանել է` մեղադրելով Ահմադինեժադին եւ նրա կողմնակիցներին` անվանելով նրանց «շեղված խմբավորում»:
2011-ի մայիսից այս ներքին հակամարտությունը ցնցեց Իրանի վարչախմբի կայունությունը: Եվ հնարավոր է, որ սրանով եւ ոչ թե պատժամիջոցներով է ավելի շատ պայմանավորված Թեհրանի արտաքին քաղաքականության ձախողումը:
Վարչախումբը նաեւ շատ զբաղված է մարտին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններով: Նա սիրում է ասել, որ ընտրությունները ե՛ւ մոդել են, ե՛ւ ոգեշնչման աղբյուր ժողովրդավարության ալիքի համար արաբական աշխարհում: Այն նաեւ ընտրությունները համարում է որպես լեգիտիմության ստուգման մի փորձ:
Չմոռանանք, որ երկու տարի առաջ Իրանը ցնցվեց ժողովրդական ապստամբությունից, դեմ էին նախագահական ընտրությունների արդյունքներին: Բարեփոխումների շարժումը դաժանաբար ճնշվեց վարչախմբի մարդասպանների կողմից: Եվ շարժման ղեկավարները հիմնականում դեռեւս տնային կալանքի մեջ են:
Արդյոք վարչախումբը կկարողանա՞ իր հարեւաններին ներկայանալ որպես լեգիտիմ աղբյուր Մերձավոր Արեւելքի վերածնունդի համար` բավական կասկածելի է: Ավելի կարեւոր է այն, որ բարեփոխիչները բարձաձայնում են եւ հստակորեն նշում, որ իրենք չեն մասնակցելու կեղծված ընտրություններին: Իսլամական Հանրապետության հիմնումից ի վեր առաջին անգամն է, որ ընտրազանգվածի որեւէ մաս համակարգից դուրս է գալիս:
Խամենեին պետք է որ տեսնի, որ այս բարեփոխումների շարժումը խոր ճեղք է իր իշխանության եւ վարչախմբի լեգիտիմության մեջ:
Եվ վերջապես, ներքին այլ խնդիրներ էլ կան: Այն ժամանակ, երբ իրանական բոլոր քաղաքական շերտերը միջուկային ծրագիրը տեսնում են որպես ազգային կարգավիճակի խորհրդանիշ, նրանք բավականին թանկ են վճարում դրա համար: Պատժամիջոցները իսկապես հարվածում են սովորական իրանցուն:
Դժվարությունները ներառում են գործազրկության եւ գնաճի բարձր մակարդակը, ինչպես նաեւ ապրանքների պակասը: Անցյալ շաբաթ Իրանի արժույթի նոր արժեզրկում գրանցվեց դոլարի նկատմամբ: Այս իրավիճակը չի լավացնի ընտրազանգվածի վերաբերմունքը վարչախմբի նկատմամբ:
Կարո՞ղ ենք մենք պատերազմի անդունդից հեռանալ: Կարծում եմ` այո:
Կոնգրեսի անդամները պետք է հրաժարվեն հասարակայնության հետ կապերի բիզնեսից եւ դադարեն Իրանի մասին այնպիսի հայտարարություններ անել, որոնք շատ պարզունակ են եւ ռազմատենչ: Դա խաղաղ կարգավորման հնարավորություններն ավելի է դժվարացնում:
ԱՄՆ նավատորմիղի կողմից իրանցի 13 ձկնորսների փրկությունը ծովահեններից Հյուսիսային Արաբական ծովում շատ զարմանալի էր, նաեւ հնարավորություն էր երկու կողմերի համար հետքայլ անելու եւ մի փոքր հանգստանալու:
Սակայն այն զարմանալի նորությունը, որ Իրանի հեղափոխական դատարանը ամերիկացի Ամիր Միրզայի Հեքմաթին դատապարտել էր մահվան` մեղադրելով նրան Կենտրոնական հետախուզության գործակալության համար լրտեսության մեջ, խոսում է այն մասին, որ Իրանը, եւս մեկ անգամ, վրեժը ԱՄՆ-ի նկատմամբ վեր է դասում ամեն ինչից:
Մենք պետք է գտնենք դիվանագիտության իրական համակարգ`լարվածության այս նոր ալիքը հանդարտեցնելու համար: Այնպես, ինչպես Քաթարն է թալիբների համար քաղաքական գրասենյակ բացում, դրանով փորձելով սկսել ուղղակի բանակցություններ` ավարտին հասցնելու աֆղանական պատերազմը, այդպես էլ տարածաշրջանային մոտեցումը Իրանին կարող է օգնել: Քաթարը դարձել է Արաբական լիգայի դինամիկ կենտրոնը եւ հայտնի է որպես հարգված միջնորդ: Այո, նա ունի սերտ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, եւ այստեղ են ԱՄՆ կենտրոնական շտաբի ստորաբաժանումները, բայց Քաթարի վարչապետ ալ Թհանիի խոսքը երկչոտ չէր, երբ 2006-ին հայտարարեց. «Քաթարը Իրանի հետ բանակցում է որպես հավասարը հավասարի հետ, եւ սա շատ կարեւոր է»:
Ծոցի համագործակցության խորհուրդը կարող է ավելի մեծ դեր ունենալ` Իրանի հարաբերությունները մեղմացնելով սուննի արաբական աշխարհի հետ եւ նրան ավելի մոտեցնելով իր տարածաշրջանային հարեւաններին, ինչպես նաեւ ծառայելով որպես կապ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ:
Թարգմ. ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ