«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-01-11 | #3, 2012-01-12 | #4, 2012-01-13


ԵՎՍ ՄԻ ԿԵՂԾԻՔ

1991 թ. հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Կալադերեսի (Շուշիի շրջանի Բերդաձոր - Վ. Ա.) գյուղի մոտ սպանվել է լրագրող Սալաթին Ասկերովան»: Պատահարից 21 տարի անց նրա որդին, որ նույնպես լրագրող է, Vesti.az-ին տված հարցազրույցում այսպես է նկարագրել դեպքը. «Նա ընդամենը 29 տարեկան էր, երբ 1991 թ. հունվարի 9-ի առավոտյան բեռնատարը (ընդգծումը մերն է - Վ. Ա.), որտեղ Սալաթինի հետ գտնվում էին այն ժամանակ դեռեւս Ադրբեջանում տեղակայված` սահմանապահ զորամասի (ընդգծումը մերն է - Վ. Ա.) զինծառայողները` փոխգնդապետ Լարիոնովը, մայոր Իվանովը, սերժանտ Գոյեկը, դուրս եկավ Լաչին-Շուշի ճանապարհ:

Հայկական Գալադերեսի գյուղի մոտ նրանց արդեն սպասում էին հայերը: Նրանց վրա կրակել են դիմահար` ավտոմատներից եւ դիպուկահար հրացաններից, երկու ուղղությունից` հընթացս եւ հետեւից` աջ թափքակողին: Այն ժամանակ ինձ ասել են, որ մեքենայի վրա հաշվվել է 113 անցք: Սպանվել է վարորդը` սերժանտ Գոյեկը: Նա հասցրել է արգելակել, հրազենային վերք ստանալուց հետո անցել է ընդամենը մեկ մետր: Հետո ոտքը սահել է արգելակից: Մայոր Իգոր Յուրեւիչ Իվանովն սպանվել է անմիջապես: Փոխգնդապետ Օլեգ Միխայլովիչ Լարիոնովը հասցրել է ավտոմատից կրակ բացել: Նա հասցրել է դուրս ցատկել մեքենայից, անցել է ճանապարհը եւ կրակել, մինչեւ փամփուշտներն սպառվել են: Վրա հասած հայերը նրան սպանել են»:

Այս «զգայացունց» պատմությունը, կրկնենք, փոխանցել է Սալաթին Ասկերովայի որդին, որը 1991 թ. դեռեւս երեխա էր: Մարդկայնորեն նրան հասկանալ կարելի է` երիտասարդ մայր է կորցրել, ապրել որբության դառնությունը: Բայց երբ նա ասում է` «պատրաստ եմ մորս վրեժը լուծել», ստիպված ենք նրան որոշ հարցեր ուղղել:

Հավատո՞ւմ է նա, որ իր մայրը 1991 թ. հունվարի 9-ի առավոտյան դուրս է եկել Լաչին-Շուշի ճանապարհ: Այն էլ` բեռնատար մեքենայով, որտեղ նրանից բացի եղել են խորհրդային զինված ուժերի 2 ավագ սպա եւ մեկ սերժանտ: Հավատո՞ւմ է նա, որ խորհրդային զինծառայողներն իրոք «Ադրբեջանում տեղակայված սահմանապահ զորամասից» էին: Եթե` այո, ապա նա չափազանց պարզունակ անձնավորություն է: Հակված չենք այդպես կարծելու, ուստի ենթադրում ենք, որ նա կեղծում է: Ինչո՞ւ:

Նախ, Ադրբեջանում տեղակայված խորհրդային սահմանապահ զորքերի զինծառայողները տվյալ տեղաշրջանում անելիք չունեին: Խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում տեղակայված` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներին, որոնք, այո, կարող էին Լաչինից ուղեւորվել Շուշի: Բայց իրադարձություններին քիչ թե շատ տեղյակ յուրաքանյուր ոք կվկայի, որ փոխգնդապետի աստիճանով սպաները բեռնամեքենայով չէին երթեւեկում եւ առանց զրահամեքենայի ուղեկցության որեւէ տեղաշարժ չէին կատարում: Այնուհետեւ. եթե նույնիսկ Բերդաձոր գյուղի մոտ «հայերն սպասում էին» նրանց, ապա դա չէր կարող լինել առավոտյան կամ ցերեկային ժամերի: Քանի որ Լաչին-Շուշի, ինչպես եւ բոլոր ճանապարհները գտնվում էին ներքին զորքերի շրջիկ պարեկների խիստ վերահսկողության տակ, եւ «հայ ահաբեկիչները» կզգուշանային այդքան բացահայտ գործելուց: Մանավանդ որ Բերդաձորը Լաչին-Շուշի ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է:

Այնուհետեւ. եթե մեքենայում գտնվող բոլորն սպանվել են, ապա որտեղի՞ց են Սալաթին Ասկերովայի որդուն հայտնի դարձել պատահարի մանրամասնությունները: Նրա պատմածը պաշտոնակա՞ն եզրակացություն է, թե՞ «գնչուական փոստի տեղեկություն»: Տպավորությունն այն է, որ Ադրբեջանի պատկան մարմինները դեպքի մասնագիտական հետաքննություն առհասարակ չեն էլ անցկացրել: Միայն, ըստ «ավանդույթի», կատարվածը վերագրել են «հայ ահաբեկիչներին»:

Ամենակարեւորը, սակայն, այն է, թե որտեղի՞ց կարող էին «հայ ահաբեկիչներն» իմանալ, որ հատկապես այդ ժամին է Բերդաձորի մոտ հայտնվելու զինվորականների մեքենան: Նրանք, ինչ է, կա՞պ ունեին արտակարգ շրջանի զինվորական պարետատան հետ, որպեսզի տեղյակ լինեին ավագ սպաների տեղաշարժի մանրամասնություններին: Դա բացառված է:

Մնում է ենթադրել, որ Սալաթին Ասկերովան, ինչպես հետագայում` Չիգիզ Մուստաֆաեւը, զոհվել է չպարզաբանված հանգամանքներում: Ավելի սառնասիրտ գտնվելու դեպքում կարող ենք ասել, որ նշված օրը եւ ժամին Լաչին-Շուշի խստորեն վերահսկվող ճանապարհի վրա ահաբեկչական գործողություն կարող էին իրականացնել միայն եւ միայն ադրբեջանական զինված խմբավորումները: Այլ հարց է, թե զինվորականնե՞րն են եղել նրանց թիրախը, թե՞ հենց լրագրող Սալաթին Ասկերովան:

Այնպես որ, սպանված լրագրողի որդուն կարող ենք խորհուրդ տալ, որ օգտագործի իր մասնագիտական հնարավորությունները` պարզելու համար, թե ի՞նչ առաքելությամբ էր Սալաթին Ասկերովան Բաքվից հասել Լաչին, ի՞նչ նպատակով էր ուղեւորվել Շուշի եւ ինչո՞ւ հատկապես խորհրդային զինվորականների հետ` նույն մեքենայով: Եթե որդուն հաջողվի նշված հարցերին գոնե մոտավոր պատասխան գտնել, ապա, կարծում ենք, նրա համար հասկանալի կդառնա, թե ով է եղել ահաբեկչության պատվիրատուն, ովքեր` կատարողները եւ ումի՞ց պիտի վրեժ լուծի:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4