«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-01-11 | #3, 2012-01-12 | #4, 2012-01-13


ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՋՐԾԱՂԻ՞ԿՆ Է, ԹԵ՞ ԲԺՇԿԻ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

«Ո՞վ է պատասխանատու եւս մեկ զինվորի մահվան համար: Ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար: Ինչո՞ւ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ 18-ամյա զինվորի մահվան պատճառ: Բժշկի, հրամանատարի անհոգատարությո՞ւնը: Բժշկի անգրագիտությո՞ւնը»: Նման հարցադրումներ են կատարում Հայկ Խաչատրյանի ընտանիքի անդամները «Ազգին» ուղարկված նամակում, պահանջելով պաշտպանության նախարարությունից պարզել, թե ինչու է իրենց որդին մահացել զորամասում:

Հայկ Խաչատրյանն անցյալ տարվա հունիսի 1-ին զորակոչվել է ՀՀ բանակ: «Նա մեծ ոգեւորությամբ էր լցված եւ հենց ինքն էլ իր ծննդյան օրը վերցրեց ուղեգիրը: Ծառայության 6 ամիսների ընթացքում Հայկն արժանանում է բանակի գերազանցիկի կոչման: Որոշ ժամանակ անց հայրը տեղեկանում է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ` «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ», գրում է Հայկի տատիկը` Աիդա Ավագյանը: «Դեկտեմբերի 28-ինՙ հերթական այցելության ժամանակ, հայրը որդուն գտնում է հիվադանոցի սենյակներից մեկում լքված: Հարցինՙ կերե՞լ է ինչ-որ բան, Հայկը պատասխանում է` միայն թեյ, որ նրան տվել է հարեւան զինվորներից մեկը: Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի որովայնի շրջանում սկսվում են ուժեղ ցավեր, այդ թվումՙ էպիլեպսիկ դրսեւորումներ, նա երբեմն ընկնում է ցնցումների մեջ: Բժիշկներն ասում են, որ կույր աղիքի բորբոքում է, որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Նաեւ հարցնում են` երեխան արդյոք հիվանդ չէ՞ էպիլեպսիայով: Այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկը ունեցել է ջրծաղկի վարակ: Նրան ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հոր հորդորները մերժվում են այն պատճառաբանությամբ, թե նախ պետք է լուծել կույր աղիքի խնդիրը, այնուհետեւ զբաղվել ջրծաղկի բուժմամբ: Սակայն հայրը շարունակում է հորդորել, խնդրել, սպառնալ, հրավիրվում է բժշկական խորհրդակցություն, եւ Հայկին տեղափոխում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հետազոտությամբ պարզվում է, որ առկա է ջրծաղիկ հիվադություն` իր ծայրահեղ բարդացած վիճակով: Բժշկի խոսքով` արդեն ախտահարված էին նրա համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում նաեւ ուղեղը, եւ նրա կյանքը փրկելու հույս գրեթե չկա: Պարզ է դառնում որովայնի շրջանի ցավերի եւ վերջին օրերի էպիլեպսիկ երեւույթների իրական պատճառը: Հայկը մահանում է դեկտեմբերի 30-ին 18 տարեկան հասակում, թողնելով մի շարք անպատասխան հարցերի շարան»: Սա Հայկի ընտանիքի անդամների ուղարկված նամակն է, որ ներկայացրինք ամբողջությամբ:

Երեկ մենք զրուցեցինք Հայկի ընտանիքի անդամների հետ: Հայկը ծառայել է Նուբարաշենի մայրաքաղաքային գնդում: «Երեք զինվոր զորամասում վարակվել էին ջրծաղկով, երկուսին ուղարկել են հոսպիտալ, Հայկին` ոչ»: Ընտանիքի անդամները պատմում են, որ այցելության ժամանակ տեսել են որդու դեմքին ցան:

«Դեմքը մի տեսակ ծռմռված էր, աչքերը չէր կարողանում թարթել, աչքերից անընդհատ արցունք էր հոսում: Ասացինք` հրամանատարիդ ասա, որ լավ չես, թող մի բան անեն, բայց հրամանատարը նրան «սիմուլյանտության» համար 10 կիլոմետր վազեցրեց ու «կարաուլ» կանգնացրեց: Զորամասում տեր չեն կանգնել իմ որդուն, նրան վերաբերվել են որպես ֆաշիստի, թուրքի: Սերոբյանը, հոսպիտալի բժիշկն ինքն ու հրամանատարն են որդուս մահվան պատճառը: Որդուս դեմքը ծռմռված էր, բայց հոսպիտալի բժիշկն ասում էր` բան չկա, կանցնի, 100 տոկոս առողջացող է: Ասում էինՙ աչքերիդ բան ես կաթեցրել, որ ասես, թե արցունք է գալիս, չծառայես: Ասում էինՙ բան չկա, պզուկներ են, կանցնի: Նրան ջրծաղկով հիվանդ ժամանակ անտիբիոտիկ են սրսկել, դեմքին տոկեր են նշանակել, դրա համար էլ տվեց էդպես եղավ: Մեր տղան առողջ էր, 20 օրում նրան հող սարքեցին, որդի տվեցինք, 6 ամիս անց դիակը ստացանք», ասում էին Հայկի ընտանիքի անդամները` հավելելով, որ նամակ են գրել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին նաեւ ընդունելություն պահանջելՙ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպելու:

Ի դեպ, ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում Քր. օր. 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն, ձերբակալվածներ չկան:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4