«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-01-11 | #3, 2012-01-12 | #4, 2012-01-13


ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻՑ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ

Երեկ կառավարության առաջին նիստից հետո լրագրողները անհամբեր սպասում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՙ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով: Առաջին հարցը կադրային փոփոխություններին էր վերաբերում, եւ «Ազգի» հարցին ոստիկանապետը այսպես պատասխանեց. «Շատ ճիշտ է, որ ես կադրային փոփոխություններ եմ անում, դրանք պայմանավորված են համակարգի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելով: Իսկ հիմնավորումը այն բացահայտումներն են, այն ռեժիմը, որով աշխատում են: Ավելորդ, անհարկի, ուռճացած հաստիքներ, ստորաբաժանումներ չեն լինելու: Այժմ արդեն ավելի մոբիլ ու աշխատունակ է դառնում համակարգը այդ ավելորդությունները վերացնելուց հետո: Համակարգից ազատված կադրեր կան, որոնք գնում են իրենց համարելով սպառված, կան մարդիկ, ովքեր զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցելՙ արդյունավետությունը զրո է եղել, որ չպետք է լիներ: Եղել են նաեւ «անշարժ գույքեր», որոնց չէի կարող չանդրադառնալ ու համակարգը մաքրել: Կարծում եմ, որ արդյունքները էլ ավելի լավ են լինելու, որովհետեւ որոշակի ուռճացածությունը իջեցնելովՙ ավելի լավ կաշխատեն»: Իսկ թե քանի՞ աշխատակից է համակարգից ազատվել, պրն Գասպարյանը ասաց. «4-5 մարդ, որոնք կոնկրետ հանցագործությունների հետ կապված են եղել, մնացած մի քանի տասնյակը կադրերի տրամադրության տակ են տեղափոխվել, ու արդեն նրանցից 10-12-ը իրենց դիմումի համաձայն միացել են ժողովրդական տնտեսությունը զարգացնող թիմերին», կատակեց ոստիկանապետը:

Իսկ թե` «ե՞րբ երեւանցիներին կվերադարձվի «Կոմայգին» առանց համասեռամոլների հարցին» պրն Գասպարյանն ասաց. «Անկեղծ ասեմ, որ հլա դեռ այդտեղ չեմ հասել, ուշադրություն կդարձնեմ եւ արդեն ներքին հրահանգավորում տվել եմ... դուք էլ միացեք մեզ, գրեք, խոսեք, ես ձեր կողքին կանգնած եմ»:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին աշխատանքից ազատելը պրն Գասպարյանը հերքեց եւ բացատրեց. «Ո՞վ է ասում, թե Մուրադխանյանը ազատվել է, նա կադրերի տրամադրության տակ է, ռոտացիոն սկզբունքով, որոշ ժամանակ անց, թող մի քիչ հանգստանա մարդը, 17 տարի աշխատել է ու նոր գործի կանցնի»: Ոստիկանապետը հավաստիացրեց, որ «կադրերի տրամադրության տակ» գնում են գործող, բանիմաց կադրեր, որոնք պարզապես պետք է ճիշտ տեղում լինեն: «Մեր համակարգից ոչ մի պիտանի, նորմալ մարդ դուրս չի մնա: Եվ ինչպես լրատվամիջոցները շահարկում են, ես կադրային ջարդ չեմ անում, այլ համակարգը մաքրում եմ, ինչպես տեսնում եք, աշխատանքները դրական արդյունք են տալիս: Շատ բարեփոխումների սպասեք», խոստացավ ոստիկանապետը: Իսկ դրանց թվում է նաեւ Երեւան քաղաքը ամբողջությամբ զինել տեսառադարներով, եւ արդյունքում մայրաքաղաքում մի քանի ամսից կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը, կգործի պարեկային ծառայությունը, որն իր աշխատանքների հիմնական մասը կիրականացնի բակային տարածքներում, ժողովրդի հետ սերտ կապեր հաստատելով: Արդեն ստեղծվել է այդ նոր գումարտակը, եւ ոստիկանության ակադեմիայում նրանք անցնում են հատուկ վերապատրաստում: Ոստիկանապետը մեկ անգամ եւս պնդեց. «Չբացահայտվող հանցագործություններ չկան, կան երկար կամ կարճ ժամանակ պահանջվող գործեր, կան լավ եւ վատ աշխատողներ: Ես ակնկալում եմ, որ մեր պրակտիկայում չբացահայտվող գործ չմնա, եւ ձեզ հպարտանալու առիթ չեմ տա»:

«Ազգի» հարցին, թե ինչպես է վերաբերվում երկու օր առաջ ոստիկանության Արթիկի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու դեպքին, ոստիկանապետը ասաց. «Ես չեմ հանդուրժի ոչ ոստիկանին առեւանգելու, ոչ էլ նրան ծեծի ենթարկելու եւ ընդհանրապես նման երեւույթները յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, ու ամեն մի դեպք պետք է խստագույնս ուսումնասիրվի, պատժվեն մեղավորները անկախ դիրքից, պաշտոնից, հեղինակությունից: Շարունակվելու են բոլոր ձերբակալությունները անկախ կուսակցական պատկանելությունից, եթե տվյալ դեպքով է անցնում կասկածյալը: Եվ ինձ համար նշանակություն չունի, թե որ կուսակցության, որ խավի, որ հաստության մարդիկ են: Եթե ես կխախտեմ օրենքը, ես էլ պատասխանատվության կկանչվեմ: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ականներին ձերբակալելուն, ապա ասեմ, արդեն «ուռկանը» գցված է, եւ ես չգիտեմ, թե ինչ դուրս կգա: Այդ աշխատանքները ընթանում են միջպետական ծրագրով, որը կապված է թմրամիջոցների դեմ պայքարին, եւ այդ ամիսը համընկավ այդ ձերբակալությունների հետ: Այժմ «ուռկանը» նետված է բնակարանային գողությունների եւ հետախուզվողների ուղղությամբ»:

Ոստիկանապետն ասաց, որ կողմնակից է խաղաղության եւ երկրում հեղափոխություններ անելու հիմքեր չի տեսնում: «Ես իրավաբան եմ եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում, վերեւներին չեմ ենթարկվում: Իմ վերեւում միայն հանրապետության նախագահն է, որն էլ իմ առջեւ խնդիր է դրել ժողովրդի վստահությունը ձեռք բերել, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը: Մենք մեր գործընկերներով, սկսած ինձանից եւ վերջացրած մյուսներով, շահարկել ենք, կորցրել ենք մեր ինքնասիրությունը: Էն որ ասում ենՙ Գասպարյանը ասել է «միլիցա-պեպելնիցա», խոսքը նրա մասին է, իմ հոգիներս, որ մեր զավակները, իմ կոլեկտիվը, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ, որ կորցրել ենք մեր հեղինակությունը, մենք ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքի եւ վաշխառուների, չգիտեմ, թե էլ ինչ անուն տամ, հա քյոխվաների ապարատի: Այդ ձեւով չի կարելի ապրել: Մեր երեխաների մասին մտածեք, որ նրանց չծաղրեն: Նրանցից խուսափում են: Պարզապես պետք է սթափվել ու ոստիկանությունը վերադարձնել ոստիկաններին, որոնց հոգում զարգացած է ճշմարտությունը: Դա է իսկական ոստիկանը, որին պետք է հարգեն ու վստահեն: Ես այդ ամենը անելու եմ կադրային փոփոխություններով, կտրուկ որոշումներովՙ վերադառնալով ավելի լավ տեսակի, որ մեր ոստիկանները դառնան մեր ժողովրդի հրեշտակ պահապանները»:

Պրն Գասպարյանը զարմացավ լրագրողի այն հարցից, թե ինչու է այժմ իր 9-ամյա դուստրը երգում, եւ ավելացրեց. «Ես իմ դստեր երգը դեռ 3 տարեկանից եմ լսում, եւ ի՞նչ կա դրանում: Ես էլ եմ լավ երգում եւ, բացի դրանից, լավ էլ աշխատում եմ: Եկեք միասին մտածենք մեր երկրի ապագայի մասին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4