Հիշատակվում են բիզնեսի համար գործընթացների հեշտացումը եւ կոռուպցիան դատական համակարգում
Ամերիկյան Heritage հիմնարկությունը եւ Wall Street Journal պարբերականը հրապարակել են 2012-ին Տնտեսական ազատությունների համաշխարհային վարկանիշը, համաձայն որի, աշխարհի 179 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 39-րդ տեղը, Եվրոպայի 42 երկրների մեջՙ 19-րդը եւ գտնվում է «հարաբերականորեն ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում: Ըստ վերոնշյալ ցուցիչի, մեր երկիրն ունի 68,8 միավոր, ինչը 0,9 միավորով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը:
Հայաստանն առաջընթաց է գրանցել հարկաբյուջետային (ֆիսկալ) ազատության, գործարարության ազատության եւ աշխատանքի ազատության ցուցիչներով, անփոփոխ է մնացել գույքային իրավունքների, ֆինանսական եւ ներդրումային ազատությունների ցուցիչներով եւ վատթարացել է կոռուպցիայից ազատության, դրամավարկային ազատության, առեւտրի ազատության եւ պետական կառավարման ծախսերի ցուցիչներով:
Համաձայն հիմնադրամիՙ Հայաստանին վերաբերող մեկնաբանության, մեր երկիրը հիմնականում կարողացել է պահպանել տնտեսական ազատությունները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Նշվում է նաեւ բիզնեսի հեշտացման, հարկերի մրցակցային դրույքաչափերի մասին: Ավելի կոնկրետՙ հիշատատակվում են վերջին տարիներին նվազագույն կապիտալի պահանջի հանելը բիզնես սկսելու համար, լիցենզիաների հեշտացումը, սնանկացման գործընթացի արդիականացումը:
Heritage-ը նշում է նաեւ, որ տնտեսական ազատությունները ապահովված չեն ուժեղ եւ անկախ դատական համակարգով, իսկ շարունակական կոռուպցիան խարխլում է ավելի կայուն ու դինամիկ տնտեսական զարգացման հնարավորությունը: Մասնավորապես արձանագրվում է, որ կոռուպցիայից ազատության ցուցանիշով Հայաստանը համաշխարհային միջինից ցածր աստիճանի վրա է, արդարադատության համակարգը դեռ թերզարգացած է եւ կոռումպացված, հակակոռուպցիոն միջոցառումները արդյունավետ չեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ