Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ բոլոր 7 հայորդյաց տները 2011 թվականինՙ դեկտեմբերի 26-29 Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպեցին տոնական հանդեսներ եւ մանուկներին բաժանվեցին նվերներ: Իսկ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ երեք համերգ, որին հրավիրված էին մանկատների, անապահով ընտանիքների եւ հաշմանդամ երեխաներ, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների ընդհանուր հաշվով շուրջ 3600 սաներ:
«Ազգը» զրուցեց Մայր աթոռի Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ եւ տեղեկացավ, որ 1993 թվականից, երբ ստեղծվեցին հայորդյաց տները, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի կողմից ամեն տարի Ամանորին եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով տրամադրվում է հատուկ 7 հազար նվերներ:
Երեւանի եւ Էջմիածնի 4 հայորդյաց տների 350 սաները բեմից հանդիսականներին ներկայացրեցին հրաշալի պարային, թատերականացված համարներ: Երգչախումբը կատարեց նոր տարվան նվիրված երգեր: Կրկեսային, հումորային համարները հաջորդում էին իրար ու արժանանում երեխաների ջերմ ընդունելությանը: Բնական է, որ տոնը տոնի չի նմանվի, եթե Ձմեռ Պապն ու Ձյունանուշը չշնորհավորեն երեխաներին ու նրանց բոլորին չհանձնեն Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տրամադրված հատուկ նվերները: Երեք հրաշալի համերգները ավարտվում էին հենց բեմում, հրավառությամբ, ուրախ երգ ու պարով, որոնք անջնջելի հետք թողեցին մեր մանուկների սրտերում:
Նոր Նորքի Հայորդյաց տան տնօրեն եւ ընդհանուր հայորդյաց տների փոխտնօրեն Աիդա Անդրեասյանի հետ «Ազգը» զրուցեց եւ տեղեկացավ, որ նման կարեւոր միջոցառումները մեծ դեր ունեն հանդիսությանը հրավիրվածի կարգավիճակ ունեցող երեխաների համար: «Նրանց մեր առօրյա կյանքին ինտեգրելու գործընթաց է, որի ընթացքում նրանք Վեհափառ հայրապետի օրհնությամբ ստանում են նվերներ, սեր ու բարություն, արեւշատություն ու երջանկություն: Երեխաների մոտ կերտվում է քրիստոնյա նկարագիր, ինչը բեմից այսօր ջերմություն է տալիս դահլիճում նստածներին: Հայորդյաց տների սաները բացի այս երեք համերգներից, արդեն ելույթներ են ունեցել բարեգործական ճաշարաններում միայնակ ծերերի համարՙ հոգեպես հարստացնելով նրանց առօրյան: Մինչեւ այժմ մեր Հայորդյաց տունը 8 միջոցառում արդեն արել է Հայորդյաց տներում եւ 4-5 միջոցառում դրսում: Նորքի Հայորդյաց տունը ավանդույթը չխախտելովՙ այցելել է նաեւ վերականգնողական սթրես կենտրոն, որտեղ հիմնականում հաշմանդամ երեխաներ են ու մեզ սպասում են ուրախությամբ: Ամեն տարի 7 հազար նվեր Վեհափառ հայրապետը Հայորդյաց սաների միջոցով հասցնում է հայ մանուկներին»:
Նշենք, որ Հայորդյաց տներից մի քանիսը գտնվում են Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում, որոնց սաների թիվը անցնում է մի քանի հազարը, որոնք 14 եւ ավելի տարբեր մասնագիտություններ են ձեռք բերում ու հմտանում: Ինչպես պատմում էր տիկին Աիդան, երեկվա երեք հանդիսության խորագիրըՙ «Հայրենիք, եկեղեցի, հավատք, հավատարիմ մնալ ու չլքել հայրենիքը», ահա այս նյութական արժեքները պետք է պահենք ու պահպանենք, այլ ոչ թե լքենք հայրենիքը: Ահա այդ խորագիրն է ողջ համերգի ասելիքը, որը կարմիր գծի պես գնում է բեմականացված հատվածներով: Կարծում եմ մենք շատ անելիքներ ունենք մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու, հայրենիքի ու հավատքի հանդեպ սեր ու հավատարմություն սերմանելու գործում», ասաց Աիդա Անդրեասյանը:
Որքան էլ որ փորձեմ նկարագրել, միեւնույն է, պետք է ականատես լինես ու զգաս, թե ինչ կարեւոր ազդեցություն ունեն նման միջոցառումները, երբ քո աչքի առաջ թախծոտ աչքերով մանուկները ժպտում են, պարում ու զվարճանում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ