«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-01-11 | #3, 2012-01-12 | #4, 2012-01-13


ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ

Որեւէ մեկը կոնկրետ ու նույնիսկ մոտավորապես չի կարող ասել, թե Հնդկաստանում քանի լեզուներով են խոսում:

Հնդիկ պատմաբան Ռակեշ Բաթաբյալը նշում է` 1894-1928 թվականներին Հնդկաստանում կատարված լեզվաբանական հետազոտությունը, որը կազմակերպել էր երկրի պաշտոնյաներից ազգությամբ իռլանդացի Ջորջ Գրիերսոնը, ցույց է տվել, որ Հնդկաստանում խոսում ու գրում են առնվազն 2500 լեզվով: « Սակայն այս հետազոտությունից հետո կրկին լեզուներ են հայտնաբերվել: Հետեւաբար որեւէ մեկը չգիտի` այսօր քանի՞ լեզուներով ու բարբառներով են խոսում Հնդկաստանում», ավելացնում է Ռակեշ Բաթաբյալը:

Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի դասախոս Մահա Լաքշմին, որը դասավանդում է Հին Հնդկաստանի պատմություն, ընդգծում է` Հնդկաստանում խոսում են ոչ միայն բազմաթիվ լեզուներով, այլեւ բարբառներով: Եվ տարբեր բարբառներով խոսող մարդիկ հաճախ չեն հասկանում միմյանց, նույնիսկ նրանք, ովքեր ապրում են հարեւան շրջաններում:

Հասկանալու համար, թե ինչո՞ւ է բազմալեզու Հնդկաստանը, պետք է այն դիտարկել ոչ թե որպես մի երկիր, այլ որպես փոքր մայրցամաք, որտեղ, պաշտոնական տվյալներով, բնակչությունն ավելի քան 1 միլիարդ 210 միլիոն է:

Հնդկաստանում հայտնի պատմաբան Մրիդուլա Մուքերջին նշում է, որ Հնդկաստանում կան նահանգներ, որոնք ավելի մեծ են եւ ունեն ավելի շատ բնակչություն, քան եվրոպական որոշ երկրներ: «Բոլորս գիտենք, որ եվրոպական մայրցամաքը բազմալեզու է, տվյալ դեպքում Հնդկաստանը եւս պետք է դիտարկել որպես առանձին մայրցամաք», ավելացնում է տիկին Մուքերջին:

Հնդկաստանի ամենահին լեզուն, ըստ տիկին Լաքշմիի, սանսկրիտն է: Ըստ հնդկական վեդաների` առաջին տեքստը սանսկրիտով գրվել է 3500 տարի առաջ: «Պատմական գրառումները ցույց են տալիս` առաջին լեզուն, որով սկսել են գրել ու կարդալ Հնդկաստանում, եղել է սանսկրիտը», ասում է Մահա Լաքշմին: Սակայն այսօր սանսկրիտով խոսում են ընդամենը մի գյուղում:

Սանսկրիտը համարվում է դասական լեզու, ու շատ լեզուների քերականությունը ձեւավորվել է սանսկրիտի հիման վրա:

Հնդկաստանի լեզուները պատկանում են տարբեր լեզվաընտանիքների: Օրինակ` սանսկրիտը հնդարիական լեզվաընտանիքից է: Հնդկաստանի հնագույն լեզուներից է նաեւ 2300 տարվա պատմություն ունեցող թամիլը, որը պատկանում է դրավիդյան լեզվաընտանիքին:

Երկրի հարավում հնդիկներն ավելի շատ գործածում են հենց դրավիդյան լեզվաընտանիքի լեզուները` թելուգուն, թամիլը, քաննադան եւ մալայալամը:

Հնդկաստանում պետական լեզուներն ավելի քան 14-ն են, որոնցից են նաեւ անգլերենն ու հինդին: Իհարկե, անգլերենին ու հինդիին բոլորը չեն տիրապետում, սակայն ավելի շատ մարդիկ հասկանում են հինդի, քան անգլերեն: Պրոֆեսոր Բաթաբյալը նշում է, որ բնակչության ընդամենը 5,8 տոկոսն է կրթություն ստացել անգլերեն լեզվով, թեեւ ողջ բնակչության 99 տոկոսը կարող է խոսել 2 կամ 3 լեզուներով, ու դրա համար նույնիսկ միջնակարգ կրթությունն էլ պարտադիր չէ: Իսկ ինչպե՞ս է դա հաջողվում նրանց: Ռակեշ Բաթաբյալը բացատրում է` դա նահանգների ու գյուղերի սոցիալական ու մշակութային փոխազդեցության հետեւանքն է. «Հենց այս պատմական գործընթացի ու սոցիալական շփման շնորհիվ դեռ վաղ տարիքից հնդիկները տիրապետում են 2-3 լեզուների»:

Իսկ միջնակարգ կրթության ոլորտում պետությունը եռալեզու քաղաքականություն է մշակել. դպրոցներում սովորում են տվյալ քաղաքի կամ գյուղի լեզվով, անգլերենով ու մեկ ուրիշ` 3-րդ լեզվով:

Լրատվամիջոցները նույնպես հաղորդում են լրատվությունը տարբեր լեզուներով: Օրինակ` ընկերություններ կան, որոնք ունեն տարբեր լեզուներով հեռարձակվող հեռուստաալիքներ:

Լեզուների բազմազանությունից, սակայն, հաճախ վիճելի խնդիրներ են ծագում: Հատկապես լեզուների միջեւ, որոնք չունեն սեփական այբուբեն, պահպանվելու համար շարունակ մրցակցություն է գնում: Պարոն Բաթաբյալը բացատրում է. «Օրինակ` մի այբուբենը ծառայում է մի քանի լեզվի: Սեփական այբուբեն ու գրելաձեւ չունեցող շատ լեզուներ կմահանան: Իսկ նման լեզուներն ավելի շատ են, քան նրանք, որոնք ունեն իրենց այբուբենը»:

Թե տարիներ անց ո՞ր լեզուն կմահանա, ո՞րը կպահպանվի ու կունենա սեփական այբուբենՙ պարոն Բաթաբյալը պատասխանում է, որ այս հարցերն արդեն քաղաքական խնդրի են վերածվել:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Նյու Դելի- Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4